ՊԱՏՎՈՎՃԱՐ՝ ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

6 եւ ավելի երեխա ունեցող ծնողներին կտրամադրվի ամսական 100 հազար դրամ պատվովճար: Պատվովճարը ծնողները կստանան ամբողջ կյանքի ընթացքում: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նոր ներկայացրած նախագծով այն տարածվելու է 2019 թվականի սեպտեմբերի 1-ից հետո «Ծնողական փառքի» մեդալով պարգեւատրված անձանց վրա։ Ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանի խոսքով՝ «Ծնողական փառքի» մեդալը շնորհվում է ՀՀ քաղաքացի այն ծնողներին, որդեգրողներին, որոնք դաստիարակել եւ դաստիարակում են 6 եւ ավելի զավակ:

 

«2014 թվականից է առաջարկվել, որ 6 եւ ավելի երեխա լույս աշխարհ բերած ծնողները պարգեւատրվեն «Ծնողական փառքի» մեդալով: 2014 թվականին եղել են պարգեւատրումներ, 2019 թվականի սեպտեմբերի 21-ին 9 բազմազավակ ընտանիքների ծնողների պարգեւատրման ժամանակ առաջարկ եղավ այդ ծնողներին նաեւ ամենամսյա պատվովճար տալ, որը մինչ այդ չէր գործում: Եվ, ըստ այդմ, օրենքում փոփոխություն իրականացվեց. դրույթ ավելացվեց, որ «Ծնողական փառքի» մեդալով պարգեւատրված բազմազավակ ծնողները պետք է նաեւ ամենամսյա ցմահ պատվովճար ստանան: Հիմա հստակեցվել է գումարի չափը՝ ամսական՝ 100 հազար դրամ: Եվ հուսով ենք, որ հաջորդ ամիս կառավարության կողմից նախագիծը կընդունվի, որը հիմք կստեղծի արդեն վճարումներ իրականացնելու համար: Հուսանք, որ հուլիս ամսից գումարները կսկսեն վճարվել «Ծնողական փառքի» մեդալով պարգեւատրված մեր բազմազավակ 9 ծնողներին»,- ասել է  նա, ապա հավելել, որ նախորդ տարի «Ծնողական փառքի» մեդալով պարգեւատրում չի եղել՝ կապված կորոնավիրուսային համաճարակի հետ, որը, նրա կարծիքով, այս տարի կլինի, որոնք եւս պատվովճարներ կստանան:

Նշենք, որ այսօր 6 եւ ավելի երեխա ունի մոտ 1200 ընտանիք:

Ժողովրդագրագետի խոսքով՝ բազմազավակ ծնողներին պարգեւատրելուց հետո մյուսների մոտ էլ շատ երեխաներ ունենալու ցանկությունը կսկսի աճել: «Սա շարունակական բնույթ պետք է կրի, եւ ասեմ՝ պետությունը սրանով ոչ թե շնորհակալություն է հայտնում, այլ արժեւորում է, որովհետեւ բազմազավակ ընտանիքների թվի ավելացմամբ մենք ե՛ւ լուծում ենք մեր ժողովրդագրական խնդիրները, ե՛ւ նաեւ մեր ապագայի համար լավ հիմքեր ենք ստեղծում»,- ասել է նա:

Դեռեւս 2019 թվականին քննարկվում էր ամսական 40 հազար դրամ հատկացնելը, որը, սակայն, վերջին քննարկումով որոշվեց դարձնել 100 հազար դրամ: «Մենք իսկապես պետք է արժեւորենք մեր այն բազմազավակ ծնողներին, որոնք, չնայած բոլոր դժվարություններին, ունենում են երեխաներ, դաստիարակում են նրանց, հասարակության համար պիտանի մարդ են դարձնում: Նորից եմ ասում՝ դա ոչ թե փոխհատուցում է, այլ պետությունը արժեւորում է այդ ծնողների քայլը, որ, չնայած բոլոր խնդիրներին, գիտակցաբար գնում են այդ քայլին: Մեզ համար այսօր իսկապես շատ կարեւոր է բազմազավակ ընտանիքների ավելացումը»,- նշել է նա:

Արտակ Մարկոսյանի պնդմամբ՝ շատ կարեւոր է վերջերս շրջանառության մեջ դրված «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագիծը, որով աջակցություններ են սահմանվել չորս եւ ավելի երեխա ունեցող ընտանիքների համար: «Կարծում եմ, որ «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքն էլ շուտով կընդունվի, եւ նաեւ դրանից բխող աջակցության միջոցառումների ծրագրերը կամաց-կամաց կսկսեն իրականություն դառնալ, որովհետեւ այն լինելու է նաեւ երկարատեւ ժողովրդագրական քաղաքականության հենասյուներից մեկը»,- ընդգծել է նա:

 

 

ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ

«Լեռնային Ղարաբաղում եւ հարակից շրջաններում պատմամշակութային ժառանգության պահպանման թեման մշտապես քննարկվում է մեր շփումներում ինչպես պաշտոնական Բաքվի, այնպես էլ պաշտոնական Երեւանի հետ»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Թեման, մասնավորապես, շոշափվել է մայիսի առաջին կեսին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան եւ Ադրբեջան կատարած աշխատանքային այցի ընթացքում։ Մենք կողմ ենք տարածաշրջանում ՅՈւՆԵՍԿՕ առաքելության շուտափույթ կազմակերպմանը, աշխատում ենք նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով»,- նշել է նա։ Զախարովան հիշեցրել է, որ ընթացիկ տարվա ապրիլի 13-ին համանախագահների ընդունած հայտարարությունում նշված է. «Կրոնական եւ մշակութային ժառանգության պահպանումն ու պաշտպանությունը վերաբերում են այն հարցերի թվին, որոնք Ադրբեջանից եւ Հայաստանից պահանջում են լրացուցիչ ջանքերի գործադրում»։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը 2020թ. պատերազմի հետեւանքով զավթած Արցախի տարածքներում «նորոգման աշխատանքների իրականացման» պատրվակով խեղաթյուրում է հայկական պատմամշակութային հուշարձանները։

 

 

ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը պատասխանել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի վերաբերյալ նամակին: «Մենք շարունակում ենք ուշադիր հետեւել Լեռնային Ղարաբաղում ու նրա շուրջ հումանիտար եւ մարդու իրավունքների վիճակին: Իր հերթին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն իր մտահոգությունն է հայտնել այն զեկույցների առնչությամբ, համաձայն որոնց՝ 2020թ. հակամարտության համատեքստում կալանավորված ոչ բոլոր անձինք են փոխանակվել»,- մասնավորապես նշել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը: Նա նաեւ տեղեկացրել է, որ ԵԽԽՎ միգրացիոն հանձնաժողովն այժմ պատրաստում է զեկույց՝ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության հումանիտար հետեւանքները» խորագրով: «Եվրոպայի խորհուրդն իր մանդատի շրջանակում անելու է հնարավոր ամեն ինչ՝ աջակցելու երկու անդամ-երկրներին՝ տարածաշրջանում հասնելու երկարաժամկետ խաղաղության ու բարգավաճման, եւ օգտագործելու է յուրաքանչյուր հնարավորություն հումանիտար եւ մարդու իրավունքներին առնչվող հարցերը բարձրացնելու համար»,- ասված է Մարիա Պեյչինովիչ Բուրիչի պատասխան նամակում:

 

 

ԽԱԲԵԼ Է ՄԱՔՍԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂԻՆ

Բագրատաշենի մաքսակետի նախկին աշխատող, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղի բնակիչ Արթուր Խոջոյանը Նիկոլ Փաշինյանի  անվերապահ, կարելի է ասել, հավատավոր աջակիցն է եւ այդ աջակցության  պատճառով կորցրել է իր  աշխատանքը։  Իր կորցրած աշխատատեղը   վերականգնելու  համար սկզբում դիմել է  ՊԵԿ  նախագահի տեղակալ  Շուշանիկ Ներսիսյանին, սակայն   նրա հարցը չի  լուծվել։ Նա աշխատանքում վերականգնվելու համար ակնկալիքներ  ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանից եւ նրա տիկին Աննա Հակոբյանից։

Արթուր Խոջոյանն աշխատանքը կորցրել  է հենց Շուշանիկ Ներսիսյանի պատճառով, որը հանրությանը հայտնի է Նակոլկա  Շուշո մականունով։  Արթուր  Խոջոյանը  Ֆեյսբուքի իր էջում  այդ մասին  գրել  է. «Հարգելի՛ տիկին, երբ ես Բագրատաշենում էի աշխատում, Դուք եկաք, ներկայացաք՝ որպես ՀՀ վարչապետի վստահված մարդ, ես հավատացի, տիկի՛ն Ներսիսյան, Դուք ինձ համոզեցիք, որ ես տեղափոխվեմ  Այրում կետ՝ որպես Ձեր լավագույն  աշխատող, որ ես Ձեզ այնտեղ պետք եմ: Ես, Ձեզ հավատալով, լսեցի, ստորագրեցի, գնացի: Դուք խոստացաք՝ որոշ ժամանակ հետո կրկին կվերադարձնեք Բագրատաշեն, սակայն այդպես էլ չվերադարձրիք։ Այնտեղից  ազատեցիք ինձ աշխատանքից, թույլ չտվեցիք  աշխատանքս շարունակեմ։ Մեկ տարուց ավել է արդեն՝ Ձեզ հետ բանակցություններ եմ վարում, որ վերադառնամ, որ թույլ տաք՝ նորից  շարունակեմ աշխատել»։

Արթուր Խոջոյանն սոցցանցի էջում  իր գլխավոր լուսանկարի վրա տեղադրել է «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության  նախընտրական  կարգախոսը՝ «Ապագա կա», այդ  էջում Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի լուսանկարն է, մեջտեղում՝ սիրտ, Արթուր Խոջոյանի լուսանկարն է՝ Իջեւան քաղաքի մուտքի մոտ տեղադրված, հետո անհատ  մարդկանց կողմից  ջարդված, Նիկոլ Փաշինյանին խորհրդանշող  քայլողի արձանի հետ, Նիկոլ Փաշինյանի,  Աննա  Հակոբյանի եւ նրանց  ընտանիքի անդամների լուսանկարները եւ այլն:

Արթուր Խոջոյանը  աշխատանքում  վերականգնելու  խնդրանք է  ներկայացնում ոչ միայն վարչապետին, այլեւ Աննա Հակոբյանին. «Վերականգնել  արդարությունն ու ինձ  վերադարձնել  իմ պատվավոր  աշխատանքին,  որ ես վաստակել եմ իմ աշխատասիրության  ու երկրին նվիրվածության շնորհիվ, ու իմ փոխարեն աշխատում են  ռոբասեռժականները, ամենի  մասին հայտնի է  ժողովրդին, ինչ կատարվել ու կատարվում է…. Իմ հզոր վարչապետից ու իմ շատ հարգելի տիկին Աննայից պահանջում եմ  արդարություն։ Պետք է  պատժվեն մեղավորները։ Ես միշտ հավատացել  ու վստահել եմ ձեզ ու հաստատ չեմ սխալվել։ Հիմա  ունեմ ձեր աջակցության կարիքը»:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս