ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025թթ. ռազմավարության նախագիծը», որը կոչված է ստեղծելու իրավական միջավայր եւ ապահովելու անհրաժեշտ ռեսուրսներ երիտասարդության ներուժի բացահայտման, համակողմանի զարգացման, ինքնահաստատման եւ ինքնադրսեւորման համար:
ԿԳՄՍՆ-ից հայտնել են, որ «Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թվականների ռազմավարությունը եւ միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է աշխատանքային խմբի կողմից, որը ձեւավորվել է՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թ. սեպտեմբերի 16-ի 1228-Ա/2 հրամանի: Աշխատանքային խմբում ընդգրկված են պետական գերատեսչությունների եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ: Աշխատանքային հանդիպումները չեն սահմանափակվել հաստատված աշխատանքային խմբի շրջանակներով. դրանք բաց են եղել հանրության համար՝ մասնավորապես ներգրավելով երիտասարդության ոլորտում աշխատող եւ ոլորտի զարգացմամբ հետաքրքրված փորձագետների, երիտասարդների:
Երիտասարդական քաղաքականության շրջանակում, որպես ռազմավարական թիրախներ, սահմանված են երիտասարդական էկոհամակարգի զարգացումը երիտասարդների ներուժի իրացման հնարավորությունների շարունակական ընդլայնման եւ հանրային կյանքի գործընթացներում երիտասարդների դերակատարության բարձրացման համար, երիտասարդությանն առնչվող ոլորտների միջեւ համագործակցությունը, որը նախատեսում է ակտիվորեն տարածել տեղեկատվություն այլ կառույցների կողմից երիտասարդներին առաջարկվող հնարավորությունների վերաբերյալ, մշակել եւ կիրառել մեթոդական ուղեցույցներ, մշակել եւ իրականացնել համատեղ ծրագրեր եւ ապահովել ծրագրերի շարունակականությունը, սակավ հնարավորություններ ունեցող երիտասարդների ներգրավումը, ինչը ենթադրում է, որպես ժամանակի հրամայական, արցախյան վերջին պատերազմից հետո պատերազմի մասնակիցների, ինչպես նաեւ պատերազմից անմիջականորեն ներազդված հասարակության այլ շերտերի երիտասարդների թիրախավորում՝ ուղղված նրանց սոցիալական վերաինտեգրմանը, առողջ ապրելակերպի, ֆիզիկական եւ հոգեկան առողջության պահպանմանն ու վերականգնմանը, պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած երիտասարդներին տնտեսական մասնակցության հնարավորությունների ստեղծմանը եւ/կամ ընդլայնմանը:
Երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարությունը մշակված է 6 հիմնական նպատակների շուրջ, որոնցում ամփոփված են ռազմավարությամբ առաջադրված տեսլականին միտված քայլերն առաջիկա հինգ տարիների համար՝
l երիտասարդական քաղաքականության ինստիտուցիոնալ համակարգում եւ զարգացում,
l երիտասարդների տնտեսական մասնակցություն եւ զբաղվածություն;
l առողջ եւ ներառված երիտասարդներ,
l երիտասարդական աշխատանք եւ կամավորություն,
l միջազգային համագործակցություն:
Ռազմավարության գնահատման համար առաջարկվում է իրականացնել արտաքին գնահատում յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ։ Նախագծի հանրային քննարկումը e-draft.am հարթակում կմնա մինչեւ 2021 թվականի հունիսի 3-ը: Այս ընթացքում քաղաքացիները եւ շահառու խմբերը կարող են ներկայացնել նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները:
140 ՆՈՐ ԴԵՊՔ
Մայիսի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 221699 դեպք, որոնցից 210464-ը` առողջացած, 4371-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5792 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1053007 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 2932 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք: Ունենք 484 առողջացած եւ 7 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1072 է:
ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
Աշխատակարգով սահմանվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարաններում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարաններում ավարտական եւ կենտրոնացված ավարտական եւ 12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը:
4-րդ դասարաններում գիտելիքների ստուգում կանցկացվի հետեւյալ առարկաներից`
«Մայրենի» (գրավոր, թեստ)-22.06.2021 թ.,
«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ)-25.06.2021 թ.,
Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար -քննաշրջանի ընթացքում,
Մայրենի լեզու եւ գրականություն (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում:
Գիտելիքների ստուգման առաջադրանքները (առնվազն 4 տարբերակ) կազմում են ուսհաստատության մեթոդմիավորումները` ըստ գնահատման եւ թեստավորման կենտրոնի մշակած նմուշների: Առաջադրանքների նյութն ընտրվում է ՀՀ կրթության, գիտությանմ մշակույթի եւ սպորտի նախարարության երաշխավորած եւ դպրոցում գործածվող դասագրքերից:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԵՐԸ ՄԵԾԱՆՈՒՄ ԵՆ
Հայաստանում այս օրերին գրանցվող անոմալ շոգերով պայմանավորված՝ մեծանում են հրդեհային անվտանգության հետ կապված ռիսկերը: Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ Արսեն Սարոյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ փրկարար ծառայության տնօրենի կողմից հանձնարարական է իջեցվել, եւ որոշակի նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում:
«Բոլոր անհրաժեշտ տեխնիկան, սարքավորումները, գործիքները բերվել են պատրաստ վիճակի: Հրդեհային դեպքերին արձագանքելու առաջին իսկ ահազանգից դրանք կգործարկվեն: Այսինքն՝ փրկարար ծառայությունը լիարժեք պատրաստ է արձագանքելուն»,- ասել է Արսեն Սարոյանը: Օդի ջերմաստիճանի բարձր լինելու հանգամանքը պարարտ հող է հրդեհների համար: Դրանով պայմանավորված՝ խոտածածկ տարածքը չորանում է, եւ անզգույշ քայլը կարող է հանգեցնել հրդեհների:
«Օրինակ, գնում ենք անտառային ինչ-որ տարածք՝ հանգստանալու: Սկսած ծխախոտի մնացորդից, որը լավ չենք հանգցնում, վերջացրած կրակ վառելուց, որը կրկին չենք հանգցնում, մեր անփույթ վերաբերմունքը կարող է դառնալ հրդեհի բռնկման պատճառ: Դրանից բացի, հրդեհների բռնկման գործում իրենց ազդեցությունն են թողնում նաեւ ապակե տարաները: Այդ իսկ պատճառով հորդորում եմ մեր բնակիչներին բնության գիրկ գնալիս, բացօթյա հանգիստ կազմակերպելիս անպայման հետեւել հրդեհային անվտանգության կանոններին»,- ասել է նա:
Մասնագետի՝ բնակչությանն ուղղված հորդորները պատահական չեն: Վիճակագրությունը փաստում է, որ հրդեհների 90-ից ավելի տոկոսի պատճառը մարդկային գործոնն է: Դրանից բացի, վիճակագրությունը խոսում է այն մասին, որ հրդեհների մեծ մասը գրանցվում է բուսածածկ տարածքներում: Հրդեհների ընդհանուր կառուցվածքում 38 տոկոսը բաժին է ընկնում բուսածածկ տարածքներին: Դրանց հաջորդում են աղբի, աբատարարերի հրդեհները՝ 13 տոկոս, առանձնատները՝ 12 տոկոս, բնակելի տներում, տրանսպորտային միջոցներում՝ 10-ական տոկոս:
Ընթացիկ տարվա հունվարի 1-ից մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում հրդեհների թիվը նվազել է: Նախորդ տարի նշված ժամանակահատվածում հրդեհի 1 931 դեպք է գրանցվել, այս տարի՝ 1 570: Արսեն Սարոյանը նշեց, սակայն, որ միայն այս տարվա ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, զգալի ավելացել է հրդեհների թիվը: Եթե նախորդ տարվա ապրիլին գրանցվել էր 200 դեպք, ապա այս տարվա նույն ամսին՝ 439: