«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱՊՀ ինստիտուտի Եվրասիական ինտեգրացիայի եւ ՇՈՍ զարգացման բաժնի ղեկավար, ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեեւի հետ։
-Արդեն 13-րդ օրն է՝ ադրբեջանական զինուժը ներխուժել է ՀՀ տարածք: Նախ՝ ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը, որքանո՞վ է այս պահին ճիշտ դեմարկացիա-դելիմիտացիա իրականացնել:
-Սահմանների դեմարկացիան բացակայում է ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այլ հետսովետական տարածքի գրեթե բոլոր երկրների միջեւ: Սյունիքում եւս կա դեմարկացիայի բացակայություն, եւ այս իրավիճակում զինված հակամարտությունների բռնկումը հնարավոր է նույնիսկ ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ: Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու ժամանակին ՀՀ ղեկավարությունը քայլեր չի նախաձեռնել՝ ապահովելու համար այդ սահմանի անվտանգությունը: Պատերազմից անցել է 6 ամիս, ակնհայտ էր, որ կարող են սահմանին գործընթացներ լինեն: Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու են այս անգամ սահմանափակվել շրջափակելով:
-Ստեղծված իրավիճակում շատ է խոսվում ՌԴ-ի ոչ համարժեք արձագանքի մասին: Դուք ինչպե՞ս եք համարում ռազմավարական դաշնակցի արձագանքը:
-Ընդգծենք՝ սա ՌԴ-ի խնդիրը չէ, սա ՀՀ-ի խնդիրն է, ՌԴ-ն ՀՀ դաշնակիցն է, բայց ՀՀ անվտանգությունն առաջին հերթին պետք է ապահովի ՀՀ ԶՈՒ-ն: Եթե դա լիներ ռուսական սահման, ապա պատասխանատուն կլիներ Ռուսաստանը: Այս տեսանկյունից հիմնական պատասխանատվությունը ՀՀ ղեկավարության վրա է, որը 6 ամիս չկարողացավ այդ տարածքը կահավորել: Ինչ վերաբերում է ՌԴ-ին, ապա երկու տարբերակ կա՝ կա՛մ խաղաղապահների տեղակայում այդ հատվածում, կա՛մ պայմանավորվածության գալ:
-Առհասարակ, կարո՞ղ եք ներկայացնել՝ դեմարկացիան, դելիմիտացիան ինչպես է իրականացվում:
-Դա խաղաղ գործընթաց է իրենից ենթադրում միայն այն դեպքում, երբ երկրների միջեւ գոնե գործընկերային հարաբերություններ են: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները թշնամական են, եւ ոչ մի խաղաղ դեմարկացիա տեղի ունենալ չի կարող: ՌԴ-ն ճիշտ առաջարկ է անում, բայց այն ենթադրում է հայկական զորքերի տեղակայում, այն պետք է ուղեկցվի ուժով: Եթե լինեն զորքեր, սահմանապահ ծառայություններ, որոնք տեղում՝ զորքերի հետ զուգահեռ, կարձանագրեն սահմանի հատումը, հրետանի, ավիացիա, հակաօդային պաշտպանություն, կլինի ճիշտ դեմարկացիա, եւ պայմանավորվածությունները կպահպանվեն: Բայց այստեղ չի կարող լինել հուսալի դեմարկացիա: ՌԴ-ն իրավիճակը հանգուցալուծելու իրական ուղիներ է նշում, բայց դրանք պետք է ուղեկցվեն ուժով ՀՀ իշխանությունների կողմից, այլապես այդ բոլոր պայմանավորվածությունները չեն գործելու: Ադրբեջանը փնտրելու է պատճառներ, որպեսզի իր պարտավորությունները չկատարի, իսկ դրա համար հարկավոր է ուժային բաղադրիչ, որը կապահովի այդ պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտ պայմաններ:
-Ի՞նչ կարող է տալ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին դիմումը:
-Այս թեմայով ՀԱՊԿ դիրքորոշումը հայտնի է բոլորին, եւ ինձ զարմանալի է, թե ինչու է նա դիմում ՀԱՊԿ-ին, առանց ՌԴ-ի հետ խորհրդակցությունների: Դա նման է այն իրավիճակին, որը եղավ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կապված աղմկահարույց միջադեպով, երբ նրան ետ կանչեցին արդեն քրգործ հարուցված, ապա սկսեցին պարզաբանել: Ինչո՞ւ եք ՀԱՊԿ-ին դիմում, դրա իմաստը ո՞րն է: ՌԴ-ին կարելի է դիմել ռազմական օգնության խնդրանքով, սակայն դա պետք է հիմնվի Հայաստանի կողմից ուժ կիրառելու պատրաստակամության վրա:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Ո՞Ր ԴԵՊՔՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՆԴԱՄԱԿՑԵԼ ՀԱՊԿ-ԻՆ
«ՀԱՊԿ դռները պետք է բաց լինեն բոլորի, այդ թվում՝ Ադրբեջանի համար»,- «Իզվեստիա»-ի հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում ԵՏՄ եւ ՀԱՊԿ անդամների ընդլայնման հեռանկարները այդ կազմակերպություններին Ադրբեջանի ինտեգրման համատեքստում։
Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ին անդամակցելու համար անհրաժեշտ է նրա անդամների միջեւ դիվանագիտական հարաբերությունների առկայություն, եւ հավելել, որ առայժմ նման հարաբերություններ չկան Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։
Նկատենք, որ արդեն մի քանի տարի է՝ ակտիվորեն քննարկվում է ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության կամ դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը: Պաշտոնական Երեւանը, սակայն, մշտապես հայտարարել է, որ եթե դիտարկվի ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը:
2018-ի աշնանը ռուսական «Կոմերսանտ»-ը, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները, գրել էր, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ցանկանում էր մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին հյուրի կարգավիճակով, սակայն հայկական կողմը թույլ չի տվել։ Ալիեւի մասնակցությունը նախաձեռնել էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը՝ բելառուսցի գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի աջակցությամբ:
Իսկ, ահա, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Բաքու կատարած այցից հետո նորից ակտիվացան Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին քննարկումները։ Ռուսական մամուլն էր գրել էր՝ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ հաշտեցմանն ավելի դյուրին կլինի հասնել Եվրասիական տնտեսական միության շրջանակում։ Վերջին տարիներին ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության հարցը պարբերաբար քննարկվել է Մոսկվայում, սակայն պաշտոնական Բաքուն նման մտադրության մասին չէր հայտարարում, իսկ ղարաբաղյան պատերազմից հետո Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը հայտարարել էր, թե ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հիմնական խոչընդոտը ղարաբաղյան հակամարտությունն էր, եւ այսօր, երբ այդ խոչընդոտը, նրա խոսքով, արդեն չկա, անդամակցության մասին կարելի է լուրջ խոսել։
Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
ԿԱ՞ ՏՂԱՄԱՐԴ, ՈՎ ԿԱՍԻ՝ «НЕТ»
Բուռն թվացող ներքաղաքական կյանքն իրականում ոչ այլ ինչ է, քան ավանդական դարձած անգաղափար, անբովանդակ, հաճախ հայհոյախառն խոսքով շաղախված աղմուկ: Սոցիալական ցանցերում հայրենիքի փրկությամբ օրուգիշեր «տառապող» քաղաքական գործիչների հոծ խումբը հրապարակային խոսքում օգտագործում է հայհոյանք, դաստիարակված տղամարդուն ոչ հարիր վարք է դրսեւորում, ու դրանից հետո խոսում են բարձր արժեքներից: Այնպիսի տպավորություն է, կարծես մեր ընդդիմադիր դաշտն ամեն ինչ անում է, որ հունիսի 20-ից Հայաստանում շարունակի իշխել Նիկոլ Փաշինյանի թիմը. գնալով մարդկանց մոտ ավելանում են նմանատիպ հարցերը՝ «լավ, բա ո՞վ, եթե ոչ Նիկոլը», «ուրիշ էլ մարդ չկա», «նույն նախկին թալանչիններն են հայտ ներկայացրել», կամ, ընդհանրապես, որեւէ մեկի նկատմամբ չկա հավատ։ Հետաքրքրական է, ըստ հասարակական կարծիք ուսումնասիրող ընկերություններից մեկի մեր աղբյուրների` գնալով աճում է մարդկանց այն քանակը, որոնք վստահ են, որ մեր տարածաշրջանում ոչինչ առանց Կրեմլի կամքի կամ, ինչպես ասում են, առանց Մոսկվայի «դաբրոյի» տեղի չի ունենում, մարդիկ սկսել են բարձրաձայնել օր օրի աճող պարզագույն մեկ հարց՝ ընդդիմությունն իշխանության գալուց հետո պայքարելո՞ւ է տարածաշրջանում ռուսական որոշումների դեմ, կարողանալո՞ւ է Պուտինին ստիպել հետ վերցնել նոյեմբերի 9-ի խայտառակ համաձայնագրից իր ստորագրությունը, կամ կարողանալո՞ւ է ռուսներին այս կամ այն հարցում ասել՝ «???»: Պատասխանը թերեւս շատ պարզ է. մեր քաղաքական հիմնական խաղացողներն ավելի շատ պայքարում են` ապացուցելու համար, թե ով ավելի շատ «դաբրո» ունի Ռուսաստանից, քան ով ավելի շատ բան է արել կամ կանի Հայաստանի համար, մինչդեռ ՀՀ ազգային շահի գիտակցումը պետք է դոմինանտ լիներ։
ՊԵՏՔ Է ԹՈՒՅԼ ՉՏԱԼ
Մեր ռազմաքաղաքական ղեկավարության խնդիրն էր թույլ չտալ, որ հակառակորդը ներթափանցեր մեր տարածք. այս մասին նշում է Արցախի հերոս Սամվել Բաբայանը: «Հիմա սահմանը 2-3 անգամ երկարել է, չհաշված Թուրքիայի ճակատը: Դա բերելու էր սրան, որ մարդ էլ չունես կանգնելու: Դրա համար ես ասում եմ, որ պետք է բանակ կառուցես, գլուխդ կախես, ատամներդ սեղմես ու կառուցես պրոֆեսիոնալ բանակ: Էն հեքիաթը, որ պատմում են, որ փող չունենք, էս չունենք, էն չունենք… Փող չունեք՝ գերի հանձնվեք թուրքին, պարսիկին, ռուսին, ամերիկացուն: Հարց տվե՛ք կառավարությանը, հարցրե՛ք՝ պատերազմից հետո ինչքա՞ն փող եք ծախսել, մեկ մլրդ ծախսե՞լ եք: Բա ինչի՞ չէիք մեկ միլիարդի զենք առնում: Դեռ քանի միլիարդ են ծախսելու»,- ասել է ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: