«ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ»` ՈՐՊԵՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՂԱՐԿԵԼՈՒ ԱՌԻ՞Թ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գիտությունների ռուսական ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ, Սեւծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Արեշեւը ՀՌՑՎ ժՉՐՈջՌՌ կայքում ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակին` զուգահեռներ անցկացնելով սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ:

 

Փորձագետը նկատում է, որ «Նիկոլ Փաշինյանի վաղեմի եւ   հուսալի սփարինգ-գործընկեր», «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկ հայտնել է հունիսի 20-ին կայանալիք ընտրությունների չեղարկման հավանականության մասին:

Արեշեւն ընդգծում է` չնայած սոցիոլոգիական հուսալի տվյալներ չկան, սակայն երեւում է` Փաշինյանի ու նրա «Քաղաքացիական պայմանագրի» մոտ ամեն ինչ այդքան էլ լավ չէ. վերջինի վարկանիշը, ըստ որոշ կողմնակի նշանների, բավական ինտենսիվ անկում է ապրում:

Փորձագետը գրում է, որ մայիսի 12-ից շարունակվող հերթական մանիպուլյացիաների համար պաշտոնական առիթը 2020-ին Լեռնային Ղարաբաղի պատերազմում կրած պարտությունից հետո կրկին Ադրբեջանի հետ «վերականգնված սահմանն» է, որը հավուր պատշաճի չի սահմանագծվել եւ սահմանազատվել:

«Չնայած որ ՀՀ ՊՆ-ն պարբերաբար հայտարարում է, որ «ամեն ինչ վերահսկվում է», ադրբեջանական ուժերը Սյունիքի առանձին հատվածներում (Մեծ Իշխանասար, Սեւ լիճ) եւ Գեղարքունիքում (Կութ, Վերին Շորժա) վերջին օրերին հետեւողականորեն ավելանում են: Հայաստանի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար  Դավիթ Շահնազարյանի տվյալներով՝ հակառակորդը ծանր տեխնիկա ու հրետանի է քաշել դեպի «Սեւ լիճ»: Միեւնույն ժամանակ, Բաքուն եւ Անկարան հերթական համատեղ վարժանքներ են անցկացրել, այդ թվում՝ «դիվերսիոն խմբերի գործողություններ` թաքնված ներթափանցման եւ օրվա տարբեր ժամերին պայմանական թշնամու պաշտպանության խորքում դարանակալման կազմակերպման համար, ինչպես նաեւ հրամանատարական շտաբի եւ ռազմական օբյեկտների գրավում»:

Այնուհետեւ փորձագետն անդրադարձ է կատարում Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի` մայիսի 19-ին Telegram ալիքում հրապարակած փաստաթղթին, ըստ որի` Երեւանի, Բաքվի եւ Մոսկվայի միջեւ ստեղծվելու է եռակողմ հանձնաժողով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանագծման եւ հետագա սահմանազատման վերաբերյալ: Նախկին դեսպանի պնդմամբ` փաստաթուղթն ունի գաղտնի հատված` չհաշված Փաշինյան-Ալիեւ կուլիսային պայմանավորվածությունները:

«Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը ստիպված է եղել հաստատել փաստաթղթի իսկությունը` փորձելով այն ներկայացնել որպես 100 տոկոսով շահավետ Հայաստանի համար եւ հերքելով դրա գաղտնի հատվածի առկայությունը: Սակայն հաշվի առնելով վարչապետի, մեղմ ասած, համբավը նրա հայտարարությունների` իրականությանը համապատասխանելու տեսանկյունից, հանրության շրջանում, հատկապես՝ ընդդիմության մոտ, հարցերը միայն ավելացել են: Շատերի մոտ տպավորություն է ստեղծվում, որ տարածքների հանձնման մասին պայմանավորվածություններն Ալիեւի հետ ձեռք են բերվել դեռեւս հունվարին, իսկ հիմա մի քանի հարյուր զինծառայողի ներխուժումը ՀՀ սուվերեն տարածք Փաշինյանի ռեժիմին դրդում է  մինչ հունիսի 20-ը հարկադրաբար իրագործել դրանք»,-գրում է Արեշեւը` նկատելով, որ այս ամենի ֆոնին հայկական իշխանությունները ստեղծված իրավիճակում փորձում են սլաքներն ուղղել ՌԴ-ի կողմը` հայտարարելով, որ նա չի պաշտպանում ՀՀ սահմանները:

Հոդվածագիրը մեջբերում է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի խոսքն առ այն, որ Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանները Բաքվի վերահսկողությանը հանձնելուց հետո այս լեռնային տեղանքում պաշտպանական դիրքերն այդպես էլ հավուր պատշաճի չեն կահավորվել: Փորձագետը նկատում է՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո «թշնամու ներթափանցումը բացառելու համար մեզ համար ամենակարեւոր բարձունքները, ամենակարեւոր տարածքները չեն վերցվել Հայաստանի զինված ուժերի անմիջական հսկողության տակ»:

«Մայիսի 18-21-ն անցկացված հարցումների համաձայն` քաղաքացիների միայն 38,3%-ն է կարծում, որ սահմանների պաշտպանության հարցում Հայաստանը կարող է Ռուսաստանի Դաշնության եւ Վլադիմիր Պուտինի ռազմաքաղաքական օգնության հույս ունենալ, 31,3%-ը նշել է Ֆրանսիան, 23,8%-ը` ԱՄՆ-ն: Ժամանակ առ ժամանակ հայտարարություններ են լինում Հայաստանում ամերիկյան, ֆրանսիական կամ նույնիսկ չինական ռազմաբազա տեղակայելու ցանկալիության մասին: Խնդիրն այն է, սակայն, որ Հայաստանը, լինելով թույլ եւ անվստահելի դաշնակից` շնորհիվ «մեր պետականությունը կազմաքանդելու հանձնաժողովի» (Դ. Շահնազարյանի արտահայտություն), դժվար թե անփոխարինելի համարվի Վաշինգտոնի, Փարիզի կամ Պեկինի համար»,- ենթադրում է փորձագետը:

Վերադառնալով սպասվելիք ընտրությունների թեմային` Արեշեւը նկատում է, որ վստահությունն առ այն, որ ընտրությունների արդյունքներով իշխող ռեժիմը կկորցնի իշխանությունը, երեւում է, դանդաղ, բայց կայուն աճում է:

«Համապատասխանաբար, մոտ հեռանկարում բացառված չեն սցենարներ, որոնք կոչված են առավելագույնս լուծելու հայկական ուղղությամբ Բաքվի ընթացիկ խնդիրները, այդ թվում` տխրահռչակ «Զանգեզուրի միջանցքը», որն ունի ոչ միայն տնտեսական, այլ նախեւառաջ ռազմաքաղաքական նշանակություն: Երկարաժամկետ նպատակն ակնհայտ է՝ Ռուսաստանի վերջնական վտարում տարածաշրջանից, ինչպես նաեւ որոշ արեւմտյան ուժային կենտրոնների կողմից հովանավորվող եւ Կովկասում գերիշխող թուրք-ադրբեջանական դաշինքին Հայաստանի մնացած մասի վերջնական ինտեգրում»,-եզրափակել է հեղինակը:

Ն.Հ.

 

 

ԽՈՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

«Ռուս-հայկական հարաբերությունները ստուգված են ժամանակով։ Ես կասկածներ չունեմ, որ դրանք կշարունակեն զարգանալ փոխադարձ վստահության, ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային փոխգործակցության ոգով,- «Արգումենտի ի ֆակտի» թերթի հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե հաջողվել է արդյոք Ռուսաստանին պահպանել ջերմ հարաբերությունները Հայաստանի հետ՝ չնայած Ղարաբաղում զինված հակամարտության՝ նրա համար անբարենպաստ ելքին։ «Մեր երկիրը միշտ պատրաստ է թիկունք լինել եղբայրական հայ ժողովրդին։ Դրա վկայությունն են Ռուսաստանի, անձամբ նախագահ Պուտինի միջնորդական ջանքերը, որոնց շնորհիվ հաջողվեց 2020թ. աշնանը հասնել ռազմական դիմակայության դադարեցմանը Լեռնային Ղարաբաղում, գործի դնել իրավիճակի կարգավորման գործընթացը տարածաշրջանում։

 

 

ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մայիսի 25-ին կայցելի Հայաստան եւ Ադրբեջան: Ինչպես տեղեկացնում է Irna գործակալությանը, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:

 

 

ՍԿՍՎՈՒՄ Է ԳԵՐԻՆԵՐԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Երկու հայ ռազմագերիների՝ Լյուդվիգ Մկրտչյանի եւ Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, կմեկնարկի հունիսի 2-ին Բաքվի ռազմական դատարանում։ 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանի հայրենի բնակավայրում տարակուսած են Ադրբեջանի ներկայացրած մեղադրանքներից։ Ադրբեջանի դատախազությունը Լյուդվիգ Մկրտչյանին մեղադրում է արցախյան առաջին պատերազմի ժամանակ ռազմական հանցագործությունների՝ գերեվարված 11 գերիներին խոշտանգելու համար։ Ըստ պաշտոնական Բաքվի՝ Մկրտչյանը եւ Կապանի բնակիչ, 54-ամյա Ալյոշա Խոսրովյանը մեղադրվում են պատերազմի կանոնները խախտելու, Ադրբեջանի պետական սահմանը անօրինական անցնելու, զինված խմբավորում ձեւավորելու համար։ Լյուդվիգ Մկրտչյանը, ըստ Բաքվի, գերեվարվել է 2020-ի հոկտեմբերին 20-ին Ֆիզուլիի շրջանից, իսկ Ալոշա Խոսրովյանը գերեվարվել է հոկտեմբերի 3-ին։

 

 

ՄԻԱԿ ՄԵՂԱՎՈՐԸ ՉԷ

«Կեսճշմարտություն է այն, որ ղարաբաղյան վերջին պատերազմում կրած պարտության միակ պատասխանատուն եւ միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է»,- երեկ հրապարակված ծավալուն հոդվածում նման գնահատական է հնչեցրել առաջին նախագահ, առաջիկա ընտրություններին մասնակցության մասին հայտարարած Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լեւոն Տեր -Պետրոսյանը։ Ըստ նրա՝ 1997 թվականից ի վեր՝ Հայաստանի բոլոր կուսակցությունները, բացի ՀՀՇ-ից, ընտրել են փոխզիջումների մերժման կործանարար ուղեգիծը, ինչն էլ հանգեցրել է այսօրվա աղետին։ Առաջին նախագահն ընդգծում է, որ պատասխանատվության բաժին ունի նաեւ, այսպես կոչված, էլիտան՝ մտավորականությունից մինչեւ լրագրողներ, եւ Սփյուռքի գրեթե բոլոր ազգային կառույցների առաջնորդները: «Մի խոսքով, ողջ այն ուժերը, որոնք հայդատականությունը, պահանջատիրությունը եւ ոչմիթիզականությունը դարձրել էին հայության ազգային դավանանքը, ընդ որում՝ նույնքան անքննելի, որքան Աստվածաշունչը: Պատկերավոր ասած՝ թվարկածս բոլոր ուժերը՝ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ դերակատարությամբ, փայլուն կերպով իրականացրին Վազգեն Սարգսյանի երկու «պատվիրանները»՝

ա. «Արյունով նվաճված հողը թղթով չեն հանձնում», այսինքն՝ հանձնում են ավելի մեծ արյունով, ինչը եւ տեղի ունեցավ,

բ. «Փոխզիջման կգնանք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք», իսկ հարկադրված լուծումը ոչ այլ ինչ է, եթե ոչ կապիտուլյացիա, ինչը նույնպես իրականություն դարձավ», – նշել է առաջին նախագահը:

 




Լրահոս