ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը եւ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը 2021թ. մայիսի 21-ին ընդունել են ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հանձնաժողովի նշանակած զեկուցող Պոլ Գավանին եւ ԵԽԽՎ Միգրացիայի հանձնաժողովի քարտուղարության ղեկավար Մարկ Նեվիլին, որոնք Հայաստանի Հանրապետությունում են «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության հումանիտար հետեւանքները» զեկույցի նախապատրաստման շրջանակներում:

 

Արման Թաթոյանը կարեւորել է հատուկ զեկուցողի հարցով ԵԽ նախաձեռնությունը եւ այցը Հայաստան: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կարեւորել է հատուկ զեկուցողի այցը Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի սահմանային գոտիներ, քանի որ, առանց տեղում ստեղծված իրավիճակին ծանոթանալու, բնակիչների հետ հանդիպելու զեկույցը չի լինի ամբողջական, օբյեկտիվ ու լիարժեք:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն իր հերթին նշել է, որ մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունները պետք է այցելեն Արցախ այնտեղ ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության նպատակով։ ԵԽԽՎ-ն ինքն ունի բանաձեւեր, որոնցով կարեւոր է համարում ԵԽ տարածքում մարդու իրավունքների պաշտպանությունը՝ անկախ պետության ճանաչված լինելուց: Գ. Ստեփանյանն անդրադարձել է նաեւ այն հարցին, որ Ադրբեջանը միշտ իրականացրել է Արցախն արտաքին աշխարհից մեկուսացնելու քաղաքականություն, բայց միջազգային հանրությունը պետք է նկատի ունենա, որ տարածքի քաղաքական կարգավիճակը չի կարող ազդեցություն ունենալ մարդու իրավունքների (կանայք, երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք եւ այլն) վրա։

Արման Թաթոյանը եւ Գեղամ Ստեփանյանը ներկայացրել են 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցագործությունները:

Միջազգային կառույցներին են ուղարկվել շուրջ 300 տեսանյութի եւ լուսանկարի վերլուծություն հայկական կողմի զինծառայողների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական վայրագությունների, հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման ու անարգանքի, արգելված զինատեսակների կիրառման վերաբերյալ:

Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպաններն ընդգծել են, որ ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինները շարունակում են հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունը: Դրա ապացույցներից է, օրինակ, Բաքվում 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող, այսպես կոչված, «ցուցահանդես-պուրակի» բացումը: Ավելին՝ այն, որ ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ կայացրած հանցագործություններն ունեն էթնիկ շարժառիթներ եւ խրախուսվում են իշխանության մարմինների կողմից, հաստատված է նաեւ ՄԻԵԴ մի շարք վճիռներով։

Արման Թաթոյանը ԵԽԽՎ ներկայացուցիչների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի նախագահի հայատյաց ելույթների վրա եւ շեշտել, որ դրանք ավելի են բորբոքում ադրբեջանական հասարակությունում հայատյացությունը։ Այդ համատեքստում նա ներկայացրել է Ադրբեջանի նախագահի՝ առավել հաճախ օգտագործվող հայատյաց հայտարարությունները եւ ցուցադրել տեսանյութեր, որտեղ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներն օգտագործում են այդ նույն բառերը հայկական կողմի զինծառայողներին ու քաղաքացիական անձանց խոշտանգելիս:

Հանդիպմանը Արման Թաթոյանն ու Գեղամ Ստեփանյանը մանրամասն անդրադարձել են Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականությունը կոպտորեն խախտում է գերիների իրավունքների պաշտպանության միջազգային պահանջները, հոգեկան տառապանքներ է պատճառել նրանց ընտանիքներին։

Հատուկ ընդգծվել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գերիների ազատ արձակման ու վերադարձի գործընթացը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է նաեւ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում սահմանների հետ կապված լարված իրավիճակին: Նա ներկայացրել է Սյունիքում եւ Գեղարքունիքում իր փաստահավաք աշխատանքների արդյունքները՝ կապված ՀՀ ինքնիշխան տարածքում 2021թ. մայիսի 12-ից ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայության պատճառով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների հետ:

Ա. Թաթոյանը, ներկայացելով ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքները, եզրահանգել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած ապացույցները հաստատում են անվտանգության գոտի ստեղծելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի բացարձակ անհրաժեշտությունը ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները երաշխավորելու նպատակով:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ԵԽԽՎ զեկուցողի ուշադրությունն է հրավիրել պատերազմից հետո Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի վրա՝ նշելով, որ պատերազմի հետեւանքով Արցախի 120 համայնքներ մնացել են ադրբեջանական վերահսկողության տակ, ավելի քան 38 000 մարդ տեղահանվել է այդ համայնքներից, այդ թվում՝ 11 000 երեխա։ Տեղահանված բնակչության մի մասը՝ ավելի քան 13000 մարդ, վերադարձել է Արցախ, իսկ 25000 մարդ դեռեւս գտնվում է Արցախի տարածքից դուրս։

Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է տեղահանված անձանց նվազագույն կենսաապահովման պայմանների եւ սոցիալական իրավիճակի հետ կապված խնդիրները եւ ընդգծել միջազգային հումանիտար աջակցության խիստ կարեւորությունը։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձել է նաեւ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված վայրերում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման քաղաքականության՝ ներկայացնելով կոնկրետ օրինակներ։

Հայաստանի եւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանները կարեւորել են Եվրախորհրդի մարմինների դերը հետպատերազմյան ժամանակահատվածում մարդու իրավունքների վերականգնման ու նոր խախտումներ թույլ չտալու հարցում:

Հանդիպման ավարտին կողմերը հետագա համագործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել:

 

 

ԽՈՒԶԱՐԿԵԼ ԵՆ ՔԿՀ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ

2021 թվականի մայիսի 21-ին ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն տեղափոխվող դատապարտյալ Վ. Մ.-ն փորձելու է ձեռք բերել թմրամիջոց։

 

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ հաջորդ օրը՝ ժամը 00:40-ի սահմաններում, անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել բժշկական կենտրոնից հիմնարկ վերադարձվող վերոնշյալ դատապարտյալին, ինչի արդյունքում վերջինիս տաբատի գրպանից հայտնաբերել են ծխախոտի տուփում քողարկված, 1,16 գրամ քաշով, Մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ, փոշենման զանգված:

Արգելված իրերի ներթափանցման մեկ այլ փորձ կանխվել է նաեւ ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում, որտեղ մայիսի 23-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, հիմնարկի ծառայողները, ցուցաբերելով աչալրջություն, զբոսահրապարակի պատի տակ նկատել եւ հայտնաբերել են ներնետված փաթեթ։ Զննվող փաթեթում առկա են եղել Մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 3,68, 2,70, 1,57 եւ 1,22 գրամ քաշերով դեղնականաչավուն, առանձնացված զանգվածներ, 2 բջջային հեռախոս:

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ:

 

 

ՆՈՐ ՊԱՇՏՈՆ

Զու գլխավոր շտաբի նախկին պետի սկանդալային հայտարարության տակ ստորագրած ՊՆ պաշտոնյաներին նոր պաշտոններ են տալիս: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԶՈՒ գլխավոր շտաբի արդեն նախկին պետ Օնիկ Գասպարյանին միացած բարձրաստիճան պաշտոնյաների մասով Պաշտպանության նախարարությունում գործընթաց է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավար կազմն իր մոտ է հրավիրում Գասպարյանի հայտարարությանը միացած բարձրաստիճան զինվորականներին, փորձում շահագրգռել նրանց՝ տարբեր առաջարկություններ հնչեցնելով: Հետաքրքրվում են նրանց ֆինանսական ու սոցիալական դրությամբ, շահավետ վարկեր են առաջարկում, երեխաներին աշխատանքի տեղավորելու տարբերակ քննարկում, փորձում այդկերպ մեղմել իրավիճակը, որպեսզի վերջիններս առանց որեւէ խնդրի աշխատեն ապագա Գլխավոր շտաբի պետի հետ եւ մոռանան վարչապետի հրաժարականի պահանջը:

Եվ, ահա, ՊՆ գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, որը եւս ստորագրել էր Օնիկ Գասպարյանի հայտարարության տակ եւ պահանջում էր վարչապետի հրաժարականը, նոր պաշտոն ստացավ: Այսօր ՀՀ նախագահի հրամանագրով Էդվարդ Ասրյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ։ Ի դեպ, Ասրյանին տարիներ առաջ հեռացրել էին 5-րդ պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնից վատ կառավարման համար, սակայն ՊՆ-ում նրան համարում են գրագետ սպա:

 

ԿՄՆԱ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, մերժեց դատախազի բողոքը եւ ուժի մեջ թողեց Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի կալանավորումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։

Հիշեցնենք, որ Մեղրիի քաղաքապետին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության, հասարակական կարգի դիտավորյալ խախտման, ինչպես նաեւ պետական պաշտոնյայի նկատմամբ բռնություն գործադրելու հիմքով։

Նշենք, որ ապրիլի 20-21-ին՝ Սյունիքի մարզ այցելության ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Մեղրիում եւ Ագարակում քաղաքացիները դիմավորել էին բողոքի ակցիաներով՝ պահանջելով, որ կառավարության ղեկավարը հեռանա մարզից։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարական էր տվել ոստիկանությանը կոշտ արձագանքել դեպքին։ Վարչապետի հրահանգից հետո գիշերը բերման էին ենթարկվել Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, ինչպես նաեւ մի շարք համայնքների ղեկավարներ եւ տեղակալներ։

Ք.Մ.

 

 

 




Լրահոս