ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելության գործընթացի կարեւոր բաղադրիչ է երեխաների տվյալները նախապես ստուգելը: Մինչեւ մայիսի 31-ը ծնողները պետք է տվյալների համապատասխանությունը ստուգեն՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը մամուլի ասուլիսում նշեց, որ տվյալները ստուգելու հաջորդ փուլն արդեն երեխաներին գրանցելն է: Հունիսի 1-ից կբացվի hayt.emis.am համակարգը, որի միջոցով կկատարվի բուն հայտագրման գործընթացը: Մինչեւ հունիսի 10-ը կհայտագրվեն այն երեխաները, որոնց ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, կամ երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող քույր կամ եղբայր: Հունիսի 11-ից համակարգը բաց կլինի բոլոր հայտատուների համար։
«Երեխայի, ծնողների տվյալները նախապես չստուգելու պարագայում բուն գրանցման օրը կարող են խնդիրներ լինել, օրինակ՝ պարզվի, որ երեխայի կամ ծնողի փաստաթուղթը թվայնացված չէ: Այդ պարագայում համակարգը չի կարող գտնել ծնող-երեխա կապը ու թույլ չտա գրանցվել: Տվյալները ստուգելու խնդիրը դրվել է այն նպատակով, որ զերծ մնանք չարաշահումներից»,- ասաց Արտակ Պողոսյանը:
Արտակ Պողոսյանը հավաստիացնում է, որ թե՛ տվյալների ստուգման, թե՛ հայտագրվելու կայքերն անխափան աշխատել են, որեւէ խնդիր չի եղել: Նա նկատեց, որ նախորդ տարի եղել են դպրոցներ, որտեղ 40 վայրկյան անց արդեն տեղերը սպառվել էին: Այդ հսկայական հոսքի դեպքում գրանցման կայքն աշխատել է առանց խոչընդոտների:
Ինչո՞ւ ԿԳՄՍ նախարարությունը դիմեց նման լուծման: Արտակ Պոսոսյանի խոսքով՝ նման գործընթացի նպատակը եղել է տարիներով ուսումնասիրված խնդրի լուծման անհրաժեշտությունը: Նախ՝ այս համակարգով չկա որեւէ միջանձնային հարաբերությունների պատճառով ծնողին մերժելու հանգամանք: Նախկինում ծնողը գնում էր դպրոց, որտեղ իրեն ասվում էր, թե տեղ չկա երեխային ընդունելու համար: Հարց է՝ իրապես տեղ չկար, թե այդպես ասվում էր այլ ծանոթների երեխաներին տեղավորելու համար: Հիմա այս համակարգով ծնողը պարզ տեսնում է, թե որտեղ տեղ կա, որտեղ՝ ոչ: Դրանից բացի, լինում էին դեպքեր, երբ դպրոցները լիցենզիայով սահմանված քանակից ավելի երեխաներ էին ընդունում: Այս համակարգը հնարավորություն չի տալիս ի սկզբանե խախտել լիցենզավորմանը կարգը:
Արտակ Պողոսյանը նկատեց, որ առաջին դասարանցիների ընդունելության այս նոր տարբերակն արդեն արդյունքներ է տալիս: Վերլուծությունը ցույց է տալիս, որ Երեւան քաղաքում կամ մյուս քաղաքային դպրոցներում կա գերծանրաբեռնված դպրոցների որոշակի բեռնաթափում:
Մայիսի 24-ից թե՛ երեխաների տվյալների ստուգման, թե՛ հայտագրման կայքերը հասանելի կլինեն նաեւ այլ երկրներում:
«Եթե դրսում եք, կարող եք ձեր տվյալները փոխանցել Հայաստանում գտնվող ձեր ծանոթին, եւ նա ստուգի երեխայի տվյալները: Դրանից բացի, այսօրվանից կայքերը հասանելի կլինեն դրսում գտնվող ծնողների համար: Կարող են ե՛ւ տվյալները ստուգել, ե՛ւ հայտագրել սահմանված ժամկետներում: Թեպետ այստեղ մի բան կցանկանայի ընդգծել ու դիմել արտերկրում գտնվող ծնողներին. եթե վստահ չեք, որ մինչեւ սեպտեմբեր կգաք Հայաստան, ապա, խնդրում եմ, մի՛ հայտագրեք երեխաներին, որովհետեւ հետո մեծ խնդիրներ են առաջացնում դպրոցի տնօրենի համար: Տնօրենը չգիտի՝ ինչ անել այդ տվյալների հետ, հրամանագրել երեխային առաջին դասարան, չհրամանագրել»,- ասաց Արտակ Պողոսյանը:
Մինչեւ մայիսի 31-ը ծնողները պետք է իրենց ու երեխաների անձնական տվյալների համապատասխանությունը ստուգեն՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։ Հունիսի 1-ից կբացվի hayt.emis.am համակարգը, որի միջոցով կկատարվի բուն հայտագրման գործընթացը: Մինչեւ հունիսի 10-ը կհայտագրվեն այն երեխաները, որոնց ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, կամ երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող քույր կամ եղբայր: Հունիսի 11-ից համակարգը բաց կլինի բոլոր հայտատուների համար։ Հայտագրման պրոցեսը բաց է ամբողջ ուսումնական տարվա համար:
Ն.Պ.
ՔԱՄՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Մայիսի 22-ին եւ 23-ին ուժգին քամու հետեւանքով Երեւանում ու Հայաստանի մարզերում ծառերի ճյուղեր ու տանիքների կառուցատարրեր են պոկվել, էլեկտրական լարեր վնասվել։ Իսկ, ահա, Արմավիրի Եւ Արարատի մարզերի գյուղերում երկու օրվա քամին ու երեկվա կարկուտը պատռել է ջերմոցների թաղանթները, վնասել բույսերը: Արմավիրի մարզի Լուսագյուղ, Ակնաշեն, Գայ, Ապագա գյուղերում երկու օրվա ուժգին փոթորիկն ու կարկուտը միլիոնների հասնող վնաս է պատճառել ջերմոցատերերին։ Գյուղացիների խոսքերով՝ եթե քամին ջերմոցն ամբողջովին չի ավերել, միայն թաղանթն է վնասել, այս դեպքում արդեն խոսքը կես միլիոն դրամից ավելի ծախսի մասին է։
Բացի այս, եղել են ջեմոցատերեր, որոնք մայիսի 22-ի քամուց հետո գիշերով գնացել են, ցելոֆան են գնել, ամբողջ գիշեր ծածկել են ջերմոցը, որ առավոտյան արեւը չվնասի մնացած բույսերը, բայց հաջորդ օրը այն դարձյալ պատռվել է: Սակայն ցավալին այն է, որ, ջերմոցները վնասելուց բացի, քամին վնասել է ներսում աճեցվող բույսերը: Օրինակ՝ Լուսագյուղ գյուղում հիմնականում տուժել են սմբուկի եւ վարունգի բույսերը: Ընդ որում, այս ջերմոցատերերը վարունգի մեկ կիլոգրամը վաճառում են 20-30 դրամով։ Այս գյուղերի բնակիչներն այս պահին ծայրահեղ ծանր վիճակում են, չգիտեն, թե ինչպես են այս ամենից հետո վճարելու իրենց վերցրած գյուղատնտեսական վարկերը, իսկ ապրելու եւ այլ ծախսերի մասին ուղղակի լռում ենք:
Գյուղացիներին այս վիճակից հանելու համար կառավարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում. համենայնդեպս, Էկոնոմիկայի նախարարությունում խուլ ու համր են ձեւանում: Բայց փորձը ցույց է տվել, որ կառավարությունը երբեւէ ոչինչ չի արել նման դեպքերում կամ էլ նախկինում բավարարվել է միայն չնչին փոխհատուցում տրամադրելով: Համենայնդեպս, նախորդ կառավարությունները բավարարվել են միայն ջրի եւ հողի հարկերը մասամբ զեղչելով: Բայց համաձայնեք, որ սա առարկայական օգնություն չէ առանց այն էլ վարկերի մեջ խրված եւ կարկուտից, ցրտահարությունից տուժած գյուղացուն:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԾԻՐԱՆԵՆԻՆ ՎՆԱՍՎԵԼ Է
Արմավիրի մարզի մի շարք գյուղերում երեկ տեղացած առատ կարկուտի հետեւանքով վնասվել է պտղատու այգիների բերքը. հիմնական վնասը հասել է ծիրանի այգիներին: «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ-ի տնօրեն Հրաչ Բերբերյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ Արմավիրի մարզում այս պահին ուսումնասիրություններ են անցկացնում: Մասնագետի խոսքով՝ Արմավիրի մարզի մի քանի գյուղերում ծիրանենու բերքն ամբողջովին վնասվել է:
Մասնագետի խոսքով՝ ավելի մեծ վնաս հասցրել է քամին, քան կարկուտը, որովհետեւ ուժգին քամու պատճառով բերքն ամբողջությամբ թափվել է գետնին:
ԱՆԿԱԽ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ
Մայիսի 27-ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նիստ է գումարելու: Նիստի օրակարգում ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի նախագիծն է. այն Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների դեօկուպացիայի եւ արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ է:
Նախագծերի համահեղինակներն են նաեւ անկախ պատգամավորներ Աննա Գրիգորյանն ու Սոֆյա Հովսեփյանը: Վերջիններս ցանկանում են խորհրդարանի կողմից հայտարարության այսպիսի տեքստ ընդունել.
«2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը արցախյան հիմնահարցի լուծում չէ, այլ զինադադարի ռեժիմի պահպանման եւ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների խախտմամբ Արցախին պարտադրված հերթական պատերազմի արդյունքում ստորագրված հրադադարի հայտարարություն: Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակելու է մնալ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական առաջնահերթությունը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա: Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու է Արցախի Հանրապետության համար ընդունելի տարբերակով հիմնահարցի լուծումը՝ բացառելով Արցախի որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, երաշխավորելով Արցախի անվտանգության անհրաժեշտ մակարդակի ապահովումը, Արցախի հետ Հայաստանի հուսալի եւ անվտանգ ցամաքային կապը: Հայաստանը շարունակելու է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը՝ միաժամանակ կարեւորելով եւ գնահատելով Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության դերն ու նշանակությունը տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման գործում,
– Արցախի Հանրապետությանը Ադրբեջանի Հանրապետության պարտադրած պատերազմի արդյունքում Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթումը (օկուպացիա) որեւէ ազդեցություն չի կարող ունենալ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ապագա բանակցությունների ընթացքում Արցախի Հանրապետության վերջնական կարգավիճակի եւ սահմանների որոշման գործընթացի վրա,
– Ադրբեջանի Հանրապետության կողմից բռնազավթված` Արցախի Հանրապետության շրջանների դեօկուպացիան Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման, արցախյան հակամարտության խաղաղ եւ համապարփակ կարգավորման ուղղությամբ առաջանցիկ քայլերի իրականացման, հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության պահպանման, բռնի, ինչպես նաեւ ներքին տեղահանված անձանց եւ փախստականների՝ իրենց բնակավայրեր վերադարձի ապահովման հրամայական է: