«Հրապարակ» օրաթերթ գրում է. Երբեմնի հեղափոխական Հայկ Մարությանը, ում Նիկոլ Փաշինյանը մեծ հիացմունքով ու ոգեւորությամբ հեղափոխության օրերին բարձրացրեց հարթակ, ապա 2 ամիս անց կարգեց Երեւանի քաղաքապետի բարձր պաշտոնին, մեկ տարուց ավելի է՝ չի շփվում վարչապետի հետ, չի մասնակցում կառավարության նիստերին, եւ իշխանական թիմի ու նրա միջեւ խոր թշնամական հարաբերություններ են։ Եթե իշխանությունների վիճակն այսքան օրհասական չլիներ, նրանք առաջինը կնախաձեռնեին Երեւանի քաղաքապետի եւ Երեւանի ավագանու նոր ընտրություններ, սակայն այս փուլում դա հնարավոր չէ։ Արտահերթից առաջ մի փորձ արվել է նրան հեռացնելու՝ Փաշինյանն առաջարկել է դիմում գրել-գնալ, Մարությանը դիմադրել է։ Հիմա եկել է թիմի համար աշխատելու փուլը, քաղաքապետը որոշել է ընտրություններից ձեռքերը լվանալ՝ ոչնչով չմասնակցել քարոզարշավին, չաշխատել իշխանության համար։
Մենք տեղեկացանք, որ հունիսի 7-ին՝ պաշտոնական քարոզարշավի մեկնարկի օրը, նա աշխատանքային այց է ծրագրել Դոնի Ռոստով։ Գործուղման կարգադրությունը դեռ հրապարակված չէ, սակայն քաղաքապետարանի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այցը կլինի եռօրյա կամ քառօրյա․ հիշեցնենք, որ քարոզարշավն ընդամենը 12 օր է տեւելու։ Մարությանի հետ Դոնի Ռոստով կգործուղվեն նաեւ փոխքաղաքապետերից մեկը եւ աշխատակազմից ներկայացուցիչներ։ Իսկ ավագանու անդամներ կարծես թե ընդգրկված չեն պատվիրակության կազմում։ 4 օր գործուղում, մնացած 6-7 օրն էլ մի բան կմտածի, մինչեւ կավարտվեն ընտրությունները։ Սակայն, բոլոր դեպքերում, Հայկ Մարությանի պաշտոնավարմանը երկար չի մնացել՝ նա հեռանալու է, եթե Փաշինյանի իշխանությունը վերարտադրվի, եւ հեռանալու է, եթե չվերարտադրվի։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում