Այսօր ժամը 18:00-ին լրանում է նախընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) ներկայացնելու վերջնաժամկետը: Միայն այդ ժամից հետո պարզ կդառնա, թե քանի քաղաքական ուժ ու դաշինք է մասնակցում արտահերթ խորհրդարանական ընտրություններին եւ ինչ ընտրացուցակներով:
Նկատենք՝ երեկվա դրությամբ որևէ քաղաքական ուժ իր ցուցակը դեռ հանձնաժողով չէր ներկայացրել։ Ինչպես հայտնի է, ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ին ու կտևի մինչև հունիսի 18-ը։
Ընտրությունները կանցկացվեն արդեն առանց ռեյտինգային ցուցակների։ Քվեարկության նոր կարգ կգործի. ընտրատեղամասում քաղաքացին գրիչի կարիք չի ունենա, կընտրի իր համար նախընտրելի կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը։ Ընտրատեղամասերի մեծ մասում կրկին տեսախցիկներ կտեղադրվեն։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում նախընտրական ցուցակում ամեն 5-րդը նոր անձ է լինելու՝ դրսից:
Միայնակ են ընտրություններին մասնակցելու նաեւ խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ, եւ «Բարգավաճ Հայաստան»-ը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Արտախորհրդարանական ուժերից միայնակ է գնում նաեւ Հայ ազգային կոնգրեսը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, նորաստեղծ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը՝ Դավիթ Սանասարյանի գլխավորությամբ, «Հանրապետություն», «Եվրոպական», «Արդար Հայաստան», «Քաղաքացու որոշում» կուսակցությունները:
«Վերածնվող Հայաստան» եւ ՀՅԴ-ն կազմել են «Հայաստան» դաշինքը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, «Հայրենիք»-ՀՀԿ-ն՝ նորացված կազմով, Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, կազմել է «Պատիվ ունեմ» դաշինքը, Արման Բաբաջանյանը եւ Լեւոն Շիրինյանը միավորվել են՝ ստեղծելով «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք», ՌԴ-ից «նախընտրական հյուրախաղերով» Հայաստան ժամանած Արա Աբրահամյանը պատրաստվում է «Ալյանս»-ի հետ դաշինքով մասնակցել ընտրություններին, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանն էլ ՀԴԿ-ի հետ է պայքար սկսել:
Ն.Հ.