Այսօր ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին: Վերջինս Հայաստան է ժամանել Ադրբեջանում լինելուց եւ այնտեղ հանդիպումներ անցկացնելուց հետո: Արա Այվազյանը նկատել է, որ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված այս ոտնձգությունը հետեւանքն է Ադրբեջանի՝ տարածաշրջանային խաղաղությունը վտանգող գործողություններին ոչ համարժեք միջազգային, տարածաշրջանային արձագանքի:
Ռուսական լրատվամիջոցներն են անդրադարձել իրանցի պաշտոնյայի Հայաստան այցին: Մասնավորապես, Независимая газета-ն գրում է, որ Իրանը միանում է հայ-ադրբեջանական սահմանային ճգնաժամի կարգավորմանը:
«Թեհրանը մտահոգված է նրանով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև չհամաձայնեցված սամանագծումը վտանգ կներկայացնի Իրանի շահերին, քանի որ փոփոխություններ տեղի կունենան երկրի հյուսիսային սահմաններին»,- գրում է աղբյուրը` նկատելով, որ Զարիֆը տարածաշրջան կատարած իր նախորդ` հունվարյան այցի շրջանակում երկկողմ հարաբերությունների ստուգում է իրականացրել և գնահատել տարածաշրջանում տեղի ունեցած փոփոխությունները: Սակայն այս անգամ Զարիֆը մտադիր է քննարկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը:
Լրատվամիջոցը շարունակում է. «Դատելով ստեղծված իրադրությունից` Զարիֆը նախարարի պաշտոնում մնալու հեռանկարներ չունի: Զարիֆի այցն ուղղված է տարածաշրջանում իրավիճակի ուսումնասիրությանը: Դժվար թե որևէ համաձայնագիր կնքվի: Դա փորձ է առավել տեղեկացված լինել տեղի ունեցող իրադարձությունների մասին, որպեսզի ծրագրեր և կանխատեսումներ կազմվեն»,- նշում է լրատվամիջոցը:
Ռուսական լրատվամիջոցի հոդվածում Կենտրոնական Ասիայի և Միջին Արևելքի հարցերով փորձագետ Ալեքսանդր Կնյազևը կանխատեսում է, որ Իրանը մտահոգված է երկու անդրկովկասյան երկրի հետ սահմանային կայունության և Հայաստանի ու Ադրբեջանի հետ արդեն իսկ սկսած նախագծերն ավարտին հասցնելու հնարավորության հարցով:
Մանրամասները՝ տեսանյութում: