Ռուսական Своноднав Пресса ն վերլուծական հոդված եւ փորձագիտական կարծիքներ է ներկայացրել ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հայտարարության վերաբերյալ, ըստ որի` «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դռները պետք է բաց լինեն բոլոր պետությունների, այդ թվում` Ադրբեջանի համար»: Հայտնի է, որ Ռուդենկոն այս մասին ասել էր` պատասխանելով այն հարցին` արդյոք ՀԱՊԿ-ը կարող է ընդլայնվել Ուզբեկստանի եւ Ադրբեջանի հաշվին: Իր խոսքում դիվանագետն ասել էր, որ «ՀԱՊԿ-ի դռները բոլորի, այդ թվում` Ադրբեջանի առաջ պետք է բաց լինեն»:
«Միակ բանը, որ կարող է սահմանափակել երկրի մուտք գործելը, կազմակերպության կանոնադրության որոշ դրույթներն են, ըստ որոնց` ՀԱՊԿ-ին անդամակցելու համար անհրաժեշտ է, որ անդամ պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերություններ լինեն: Նման հարաբերություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առայժմ չկան: Երբ դրանք հաստատվեն, լիահույս ենք, որ դա վաղ, թե ուշ տեղի կունենա, այդ ժամանակ էլ հարցը կարող է դրվել գործնական հարթությունում` այս կամ այլ տեսքով»,-եզրափակել էր Ռուդենկոն:
Աղբյուրը նկատում է, որ կա եւս մի խոչընդոտ` Ադրբեջանը Չմիացման շարժման անդամ է. այս բլոկը միավորում է երկրներ, որոնք չեն անդամակցում որեւէ ռազմաքաղաքական միության: Սակայն զուգահեռ կա նաեւ Բելառուսի օրինակը, որը եւս այս բլոկի անդամ է, սակայն միեւնույն ժամանակ դա չի խանգարում ՀԱՊԿ-ին անդամակցելուն:
«Իրականում մենք հասկանում ենք, որ գլխավոր խոչընդոտը հայ-ադրբեջանական հակամարտության՝ մինչեւ վերջ լուծված չլինելու փաստն է: Կողմերը որեւէ կերպ չեն կարողանում պայմանավորվել սահմանազատման շուրջ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը վերջնական կարգավորված չէ, երկրների միջեւ անգամ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել»,- գրում է հոդվածի հեղինակ Դմիտրի Ռոդիոնովը` հիշեցնելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերջերս հայտարարել էր, որ «Երեւանի կողմից քաղաքական կամքի դրսեւորման դեպքում Երեւանն ու Բաքուն կարող են խաղաղության պայմանագիր կնքել»:
«Բայցեւայնպես, խաղաղության պայմանագիրը եւ Բաքվի ու Երեւանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը դեռեւս չի նշանակում Ադրբեջանի ավտոմատ անդամակցություն ՀԱՊԿ-ին. դա սոսկ կվերացնի հիմնական խոչընդոտը, սակայն այս հարցում կա եւս մեկը` Թուրքիայի դիրքորոշումը, որը դժվար թե հավանություն տա նման քայլին:
Հո իզուր չէ՞ր Էրդողանն արցախյան երկրորդ պատերազմում օգնում Ադրբեջանին` իր համար ճանապարհ հարթելով դեպի Կասպից ծով, ինչը ՌԴ-ին տարածաշրջանում նեղը գցելու փորձ է նշանակում: Դժվար թե սուլթանի նպատակասլացությունը համատեղելի լինի Ադրբեջանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հետ»,-գրում է Ռոդիոնովը:
Եվ ուրեմն ինչպե՞ս հասկանալ Ռուդենկոյի հայտարարությունը. արդյոք ՀԱՊԿ-ին Բաքվի անդամակցության նախապայմանները հասունացե՞լ են, կամ արդյոք արցախյան համակարտության լուծումը բացո՞ւմ է ճանապարհը:
Այս հարցերի առնչությամբ ՌԴ Ժողովուրդների բարեկամության համալսարանի ավագ դասախոս, քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Քամրան Հասանովը նշել է, որ Ռուդենկոն այս թեմային անդրադարձել է միայն այն պատճառով, որ իրեն համապատասխան հարց է տրվել, այլ ոչ թե սեփական նախաձեռնությամբ: Սակայն, ըստ քաղաքագետի, ստեղծված հետպատերազմական իրավիճակում Ադրբեջանի անդամակցության հարցը պակաս մշուշոտ է, քան նոյեմբերի իննի եռակողմ հայտարարության ստորագրումից առաջ:
«Ղարաբաղյան հարցի լուծումը ճանապարհ չի բացում, սակայն վերացնում է անդամակցության համար պաշտոնական խոչընդոտները: Կարծում եմ` ընթացիկ պայմաններում միակ հնարավոր տարբերակը դիտորդի կարգավիճակն է»,-ասել է Հասանովը` ընդգծելով, որ Թուրքիան հաստատապես դեմ կլինի անդամակցությանը: Նա նկատել է, որ «Անկարայի համար Բաքվի անդամակցությունը ՀԱՊԿ-ին կնշանակի Անդրկովկասում թուրքական ազդեցության ավարտ. վերադարձ 1922թ.»:
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ։
Հայտարարությունում ասվում է. «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված վերջին ագրեսիայի ընթացքում գերեվարված Լյուդվիկ Մկրտչյանի եւ Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ պաշտոնական Բաքվի կողմից քրեական հետապնդման փաստը: Համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես` Ժնեւի կոնվենցիաների՝ վերջիններս համարվում են ռազմագերի, որոնք ռազմական գործողությունների ավարտից հետո պետք է անմիջապես ազատ արձակվեն: Մինչդեռ Ադրբեջանը նրանց դեմ հարուցել է շինծու քրեական գործեր՝ դրանով իսկ բացահայտորեն խախտելով թե՛ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը եւ թե՛ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները:
Չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է օգտագործել հայ գերիներին՝ որպես քաղաքական պատանդ, եւ շարունակում է նրանց հանդեպ խոշտանգումների եւ հոգեբանական ճնշման գործելակերպը:
Հարկ ենք համարում ընդգծել, որ Ադրբեջանն առ այսօր պատասխանատվության չի ենթարկել հայ գերիների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ դաժան եւ անմարդկային վերաբերմունք ցուցաբերած, այդ թվում՝ սպանություններ իրականացրած անձանց՝ չնայած նման հանցանք գործած անձինք փաստագրել եւ հրապարակայնացրել են իրենց ոճրագործությունները։
Պաշտոնական Բաքուն բացահայտորեն արհամարհում է նաեւ ՄԻԵԴ-ի համապատասխան որոշումներն Ադրբեջանում գերեվարված հայ զինվորականների եւ քաղաքացիական անձանց մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ: Արդյունքում, 2021թ. մարտի 9-ին, դատարանի կանոնակարգի 39-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել ծանուցել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին իր կողմից Ադրբեջանի դեմ ձեռնարկված միջանկյալ միջոցների մասին:
Ադրբեջանում պատանդառության մեջ պահվող հայ ռազմագերիները եւ քաղաքացիական անձինք, անկախ իրենց գերեվարման ժամկետներից եւ հանգամանքներից, պետք է շուտափույթ ազատ արձակվեն եւ հայրենադարձվեն առանց որեւէ նախապայմանի»:
ԳՏՆՎԵԼ Է
Մամուլում հայտնվեցին տեղեկություններ, որ Վարդենիսի տարածաշրջանում անհետ կորել է Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ, երեք ամսվա ժամկետային զինծառայող 18-ամյա Նորիկ Մկրտչյանը։ Մինչ այդ ՀՀ պաշտպանության նախարարությունը այդ մասին տեղեկատվություն չէր հայտնել: Դրանից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկատվություն հաղորդեց, որ տվյալ տարածաշրջանում, պետական սահմանի հատվածում ստեղծված իրավիճակով պայմանավորված, իրականացվում է ուժեղացված ծառայություն, տվյալ զինծառայողը մայիսի 18-ի դրությամբ չի գտնվել թշնամական ուժերի հետ անմիջական շփման հատվածում: Նորիկ Մկրտչյանին ծառայության վայրում ծեծի ենթարկելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու, պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու մասին որեւէ տվյալ այս պահին առկա չէ: ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է, որ դեպքի կապակցությամբ ՀՀ ՊՆ Վարդենիսի ՌՈ բաժնում նախապատրաստվում են նյութեր, միջոցներ են ձեռնարկվում ոչ միայն զինծառայողին հայտնաբերելու, այլ նաեւ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, Նորիկ Մկրտչյանի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Կողբ գյուղից տեղեկացա, որ Ն. Մկրտչյանը հորական կողմից որբ է, նա ապրում է մորական պապի՝ Նորիկ Աղաբաբյանի ընտանիքում, կրում է պապի անունը։ Որոշ տեղեկություններով՝ Նորիկ Մկրտչյանը, առողջական խնդիրներով պայմանավորված, ծառայության սահմանափակում ունի, եւ նրան ընդհանրապես չպետք է դիրքեր տանեին։ Կողբի բնակիչների վկայությամբ՝ Նորիկը դիրքեր բարձրանալու հետ կապված մտավախություններ է ունեցել։ Մտերիմների խոսքերով՝ նրա անհետանալու մասին առաջին տեղեկությունները ստացվել են մարտի 17-ին, նա դիրքեր չի բարձրացրել։ Գտնվել է նրա մոտ գտնվող երկու հեռախոսներից մեկը եւ նրան ամրագրված ինքնաձիգը։ Ն. Մկրտչյանի որոնումները շարունակվում են։
Ո՞Վ ՈՒՄ Է ՀՈՐԴՈՐՈՒՄ
Տավուշի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ մարզի սահմաններին խաղաղ է, նաեւ ասված է. «Եվս մեկ անգամ հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն, չվտանգել մեր սահմանների եւ սահմանապահ բնակիչների անվտանգությունը: Հարգելի՛ տավուշցիներ, շրջանցե՛ք թշնամու կողմից տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզի յուրաքանչյուր բնակչի անվտանգության երաշխավորը հայկական բանակն է եւ հայ զինվորը»։ Ինչի՞ց սկսվեց այս ամենը. Աժ հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը լրագրողներին հայտնեց, որ Տավուշի մարզում գտնվում են տարածքներ, որոնք քարտեզներով պատկանում են Ադրբեջանին: Դրանից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, թե ինքը դելիմիտացիայի եւ դեմարկացիայի փաստաթուղթ է ստորագրելու, որը հայանպաստ է։ Ադրբեջանական տարածքների մասին հայտարարություն արած Վահե Ղալումյանը Նիկոլ Փաշինյանի մանկության ընկերն է, իսկ Տավուշի մարզպետն է Հայկ Ղալումյանը՝ Վահե Ղալումյանի հարազատ եղբայրը. նա Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավորն է։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ