«Ժողովուրդ» օրաթերթը սկսել է իր ընթերցողներին ներկայացնել բլից հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Նպատակը վերջիններիս նոր, ուշագրավ կողմերից բացահայտելն է, անկեղծ ու անմիջական կոնտակտ հաստատելը: Բոլորի կողմից ճանաչված դեմքերը կխոսեն իրենց ձեռքբերումների ու կորուստների մասին, կկիսվեն ինչպես մտահոգություններով, այնպես էլ երջանիկ լինելու առիթներով, կներկայացնեն հետաքրքիր մանրամասներ իրենց կյանքից եւ բնավորության գծերից: Այս անգամ մենք զրուցել ենք պարուհի, «Ամարաս» պարային համույթի գեղարվեստական ղեկավար, հիմնադիր Վիկա Մարտիրոսյանի հետ:
-Վիկա՛, ինչպե՞ս եք սկսում Ձեր առավոտը:
-Մեկ բաժակ սուրճով:
-Մարդիկ Ձեր մեջ առաջինն ի՞նչ են նկատում:
– Չեմ կարող ասել, մարդկանցից հարցրե՛ք (ժպտում է):
-Փորձո՞ւմ եք կյանքից վերցնել մաքսիմալը:
– Փորձում եմ վերցնել մաքսիմալ դրականն այս բացասական աշխարհում:
-Եթե ոչ պարուհի, ապա՞…
– Իրավաբան:
-Ի՞նչ եք գնել Ձեր առաջին աշխատավարձով:
-Ինչ աշխատում, հավաքում էի, որ մեքենա գնեմ, ու գնեցի:
-Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում հանրության շրջանում ճանաչվելուց հետո:
-Պատասխանատվությունս ավելի մեծացավ, իսկ կյանքում ոչինչ չփոխվեց:
-Վիկա՛, մի բան, որ ամենահարազատ մարդուն անգամ չեք ների:
-Լուրջ դավաճանությունը:
-Ինքներդ Ձեզ քսան տարի անց ինչպիսի՞ն եք պատկերացնում:
-Նույնը:
-Ունե՞ք վատ սովորություն, որից չեք հրաժարվի, եթե անգամ ամբողջ աշխարհը պնդի:
-Երբ մի բան դուրս չի գալիս, չեմ արտահայտվում եւ ամեն ինչ սրտիս մոտ եմ ընդունում:
-Թիկունքից հարվածողներ շա՞տ ունեք:
-Արդեն իմունիտետ ունեմ:
-Կա՞ մի բան, որ անպայման ուզում եք իրագործել, բայց դեռ չի ստացվում:
-Այո, բայց եկեք չասեմ, միգուցե այն իրականանա:
-Ձեր կյանքի դժվարին փուլն ինչի՞ հետ է կապված եղել:
-Դժվարին փուլեր միշտ էլ կան, առանց դրա պարզապես չի լինի: Ամեն օր պայքար է, եթե ուզում ես առաջատար լինես :
-Ի՞նչ ոճ եք նախընտրում:
-Բնականաբար սպորտային:
-Խի՞ստ մայրիկ եք:
-Կարծում եմ՝ մի քիչ շատ երեւի:
-Ի՞նչն եք կարեւորում առաջինը Ձեր երեխաների մեջ:
-Առաջինը կարեւորում եմ երեխայի մեջ դաստիարակությունը, կրթությունը, իսկ մնացածն արդեն կլինի: Ամենակարեւորն այն է, որ երեխայի դաստիարակությունը ճիշտ հենց ամենասկսզբից դրվի, եւ կյանքում ճիշտ մարդիկ կդառնան:
-Կա՞ մի խորհուրդ, որ տվել են Ձեզ, եւ երբեք չեք մոռանա:
-Միշտ լինել առաջատար, չձգտել լինել միջակություն, ինչքան էլ այն դժվար լինի:
-Եվ վերջում` կյանքը կարելի է ավարտված համարել, երբ…
-Կյանքը երբեք չի ավարտվում:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
«ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԵՐԳ
Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան), դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ, հանդես է եկել համերգային ծրագրով: Որպես մենակատար ելույթ է ունեցել ջութակահար Արեգ Նավասարդյանը:
«Տարվա եղանակներ» խորագրով երեկոն տեղի է ունեցել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Ծրագրում Ա. Վիվալդիի «Տարվա եղանակներ» եւ Սիմֆոնիա սոլ մաժոր ստեղծագործություններն են:
Արեգ Նավասարդյանը միջազգային մրցույթների դափնեկիր է՝ Դեմիդովսկու անվ. 8-րդ մրցույթ (Եկատերինբուրգ, 2019, 2-րդ մրց.), New York International Artists Competition (ԱՄՆ, 2014, 2-րդ մրց.), American Protռgռ International Competition (ԱՄՆ, 2013, 1-ին մրց): Մասնակցել է տարբեր համերգների եւ փառատոնների Հայաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, Ավստրիայում, Իտալիայում, Շվեյցարիայում, Հունգարիայում եւ ԱՄՆ-ում (Carnegie Weill Hall), Ջենովայում (Teatro Carlo Felice), ինչպես նաեւ UNESCO-ի կազմակերպած համերգներին:
Արեգ Նավասարդյանը վարպետության դասեր է առել Շլոմո Մինցից, Բորիս Կուշնիրից, Միհաելա Մարտինից, Պավել Վերնիկովից, Քշիշտոֆ Վեգրժինից, Դեյվիդ Չերոնիից, Զախար Բրոնից, Վիկտոր Դանչենկոյից եւ այլ հայտնի երաժիշտներից:
«ՄԻԿԻՆ՝ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԳՐՔՈՒՄ»
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հունիսի 1-ին Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմ կբարձրանա «Միկին՝ հրաշքների գրքում» ներկայացումը: Վաթսուն րոպե տեւողությամբ ինտերակտիվ բեմադրության հիմքում ընկերասիրությունն է, ազնվությունը, դիմացինին կարեկից եւ օգտակար լինելը, բարությունը, միասնականությունը։
Իրադարձությունները զարգանում են բոլորին քաջ հայտնի Միկի մկնիկի շուրջ:
Ներկայացման ժամանակ երեխաները կհանդիպեն ինչպես ժամանակակից մուլտերի, այնպես էլ հեքիաթների սիրված հերոսների։
Երեխաներին սպասում է հրաշքներով եւ անակնկալներով լի երեկո, որտեղ չարի եւ բարու մշտական պայքարում հաղթում է բարին։
երկայացումը նախաձեռնել է «Փերֆեկտ իվենթսը»։
ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՎ
Արագ շախմատի FTX Crypto Cup (Meltwater Champions Chess Tour-ի երրորդ փուլ) օնլայն մրցաշարի 10-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ Հայ գրոսմայստերը հաղթանակ տարավ 51 քայլում եւ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ կիսում է 11-12-րդ տեղերը՝ 4,5-ական միավոր։ Լեւոն Արոնյանը նախորդ տուրերում հաղթել է ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին, ոչ-ոքի է խաղացել հոլանդացի Անիշ Գիրիի, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի, չինացի Դին Լիրենի, ռուսաստանցի Դանիիլ Դուբովի, պարտվել է ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին եւ ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչուն ու Պյոտր Սվիդլերին։ Նախնական փուլի վերջին 5 տուրերում Լեւոն Արոնյանի մրցակիցները կլինեն ամերիկացիներ Ուեսլի Սոն ու Հիկարու Նակամուրան, ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը, իրանցի Ալիռեզա Ֆիրուջան եւ արգենտինացի Ալան Պիչոտը։
Նախնական փուլում առաջին 8 տեղերը գրաված շախմատիստները պայքարը կշարունակեն քառորդ եզրափակիչում։ Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 320 հազար դոլար է։ Հաղթողը կնվաճի սեպտեմբերին նախատեսված Meltwater Champions Chess Tour-ի եզրափակիչ փուլին։
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿԿՆՔԻ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկու տարվա պայմանագիր կկնքի «Ռոմա»-ի հետ: Այս մասին գրում է Alfredopedulla.com-ը: Մխիթարյանը կշարունակի հանդես գալ Հռոմում` անկախ այն փաստից, որ «Ռոմա»-ի գլխավոր մարզչի պաշտոնը նոր մրցաշրջանում կզբաղեցնի պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն: Ավելի վաղ լուրեր կային, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը կհեռանա «Ռոմա»-ից: Հեռանալու առաջնային պատճառն այն էր համարվում, որ հաջորդ մրցաշրջանում «Ռոմա»-ն կգլխավորի պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն: Ասվում էր, որ իտալական «Յուվենտուս»-ը հետաքրքրված է Մխիթարյանով: «Յուվենտուս»-ն արդեն իսկ սկսել էր բանակցություններ Մխիթարյանի ներկայացուցչի հետ: Հայ կիսապաշտպանի պայմանագիրը «Ռոմա»-ի հետ ավարտվում է գալիք ամռանը: Այժմ նա կարող է բանակցել ցանկացած թիմի հետ: Սակայն Մխիթարյանը դեռեւս վերջնական պատասխան չի տվել «Յուվենտուս»-ին: Մայիսի 4-ին պարզ էր դարձել, որ «Ռոմա»-ի գլխավոր մարզիչը կլինի Մոուրինյոն: «Ռոմա»-ի պայմանագիրը Մոուրինյոյի հետ նախատեսված է մինչեւ 2024 թվականի հունիսի 30-ը: