Լուսանկարն արվել է Երեւանում
Արա Աբրահամյանի գովազդային ցուցանակը կեղտոտել են՝ վրան սուրճ լցնելով։ Հետաքիքիր է՝ մինչ ընտրությունների ավարտը կմնա այսպես, թե սրտացավ մարդիկ կգտնվեն։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ե՞րբ է իրականացվում հաշմանդամություն ունեցող անձի վերափորձաքննությունը:
Կարինե Մելքոնյան (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հաշմանդամ ճանաչված անձը կրկին անգամ բժշկասոցիալական փորձաքննության է ենթարկվում անձի կամ նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա կամ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ: Անձի կամ նրա ներկայացուցչի դիմումով վերափորձաքննությունն իրականացվում է հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, անձի առողջական վիճակը վատթարանալու կամ օրգանիզմի ֆունկցիայի վերականգնման, իսկ փորձաքննական որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու կամ հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքերում՝ նաեւ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անձին հաշմանդամության սահմանման մասին հանձնաժողովի որոշումը եռօրյա ժամկետում հանձնվում է դիմողին կամ նրա ներկայացուցչին:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների միմյանց եւ ՀՀ քաղաքացիների հետ ամուսնության գրանցման համար:
Լիզա Զաքարյան (47 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների՝ միմյանց եւ ՀՀ քաղաքացիների հետ ՀՀ-ում ամուսնություն գրանցելիս անհրաժեշտ է ներկայացնել անձնագիրը եւ տվյալ պետության իրավասու մարմինների կամ դեսպանության կողմից տրված ընտանեկան կարգավիճակը հաստատող փաստաթուղթ` վավերացված ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական կամ հյուպատոսական մարմիններում, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ միջազգային պայմանագրերով: Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված փաստաթուղթը եւ քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի անձը հաստատող փաստաթուղթը թարգմանվում են հայերեն լեզվով` օրենքով սահմանված կարգով: ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների՝ միմյանց եւ ՀՀ քաղաքացիների հետ ամուսնության գրանցման մասին թույլտվությունը սահմանված ժամկետից շուտ ստանալու համար անհրաժեշտ է վճարել կառավարության որոշմամբ սահմանված լրացուցիչ արտաբյուջետային գումար՝ հետեւյալ դրույքաչափերով` մեկից-երկու աշխատանքային օրվա ընթացքում (օրը որոշվում է դիմողների ցանկությամբ)՝ 150.000 ՀՀ դրամ, երեքից-հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ 120.000 ՀՀ դրամ, յոթերորդ աշխատանքային օրվա ընթացքում՝ 50.000 ՀՀ դրամ:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամուսնության պետական գրանցումն իրականացվում է դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 10-րդ օրը: