Բանակում չծառայածները՝ ցուցակներում. որ կուսակցությունն ինչ ցանկով է պայքարում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ վերջնաժամկետն էր, եւ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից ուժերն արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել իրենց նախընտրական ցուցակները: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է վերլուծել եւ հասկանալ, թե ինչ ցուցակներով, ինչ փոփոխություններով եւ ինչ տրամաբանությամբ են ընտրություններին մասնակցում քաղաքական ուժերը:

Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը բաղկացած է 161 հոգուց, եւ ցանկում բազմաթիվ փոփոխություններ են եղել: Սակայն այս պահին դիտարկենք միայն առաջին 50-ը եւ ցանկում տեղ գտած փոփոխությունները: Օրինակ՝ թռիչքաձեւ անկում է արձանագրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, որը, 2018 թվականին ցուցակի 14-րդը լինելով, այս անգամ հայտնվել է ցուցակի վերջում եւ 157-րդն է: 2018-ին 34-րդը լինելուց հետո այս անգամ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը 74-րդն է:

Նկատենք, որ 50-ից ներքեւում են գտնվում շատ գործող պատգամավորներ՝ Թագուհի Ղազարյան, Մաթեւոս Ասատրյան, Վահե Ղալումյան, Սեդրակ Թեւոնյան, Քրիստինե Պողոսյան, Սերգեյ Մովսիսյան, Արման Եղոյան, Արեն Մկրտչյան, Նարեկ Զեյնալյան եւ այլք: Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակն այդքան էլ հեշտ չի գրվել: Ցուցակում վերջին պահին փոփոխություններ են եղել, եւ, օրինակ, պատգամավոր Նազելի Բաղդասարյանը այժմ ցուցակում 12-ն է, իսկ Մարիա Կարապետյանը 24-րդն է:

Այժմ անդրադառնանք խորհրդարանական երկրորդ ուժի՝ ԲՀԿ-ի ցուցակին: ԲՀԿ ցուցակի առաջին 20-ում քաղաքական դեմքեր չկան, եւ ցուցակից դուրս են մնացել ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, պատգամավորներ Արթուր Գրիգորյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արթուր Դալլաքյանը եւ այլք։

ԼՀԿ ցուցակում եւս փոփոխություններ կան. ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանից հետո երկրորդը Արտյոմ Գեղամյանն է, երրորդ հորիզոնականում Անի Սամսոնյանն է, ապա Գեւորգ Գորգիսյանն ու Դավիթ Խաժակյանը: Հետաքրքիր է, որ ցուցակի առաջին տասնյակում տեղ չեն զբաղեցրել գործող պատգամավորներ Արկադի Խաչատրյանն ու Աննա Կոստանյանը: Նկատենք, որ այս ընթացքում քաղաքական ուժերից ամենաբացն իր ցուցակը կազմել եւ ներկայացրել են թերեւս «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները:

Առաջինի դեպքում որոշումները կայացվել են համամասնությամբ՝ եռյակ՝ ՀՅԴ, եռյակ՝ Քոչարյանամերձ անձինք, եւ եռյակ՝ «Վերածնվող Հայաստան»: Իսկ, ահա, «Պատիվ ունեմ»-ի պարագայում ցուցակը նոր է, չկան ՀՀԿ-ական հին դեմքերը, միայն Տարոն Մարգարյանն ու Արման Սահակյանն են, որոնք Երեւանում ընկալելի կերպարներ են:

Սակայն նկատենք, որ բոլոր ցուցակներում գերակշռում են հայկական բանակում չծառայած տղաները, ինչը հատկապես այս իրավիճակում խիստ մտահոգիչ է, եւ քաղաքական ուժերի առաջնորդները պետք է դա հաշվի առնեին իրենց ցուցակները կազմելուց առաջ: Բանակում չծառայած թեկնածուների թեմային «Ժողովուրդ» օրաթերթը մանրամասն կանդրադառնա առաջիկայում»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս