«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀԱՊԿ-ի վերաբերյալ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններն ընդունվել են ի գիտություն, խորհրդակցական աշխատանքները շարունակվում են. ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
Երեկ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները հստակ դիրքորոշում չեն հայտնում Հայաստանից ադրբեջանական զորքի հետ քաշվելու վերաբերյալ, եւ որ չի բացառում, որ կառավարությունը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ` Հայաստանից ադրբեջանական զորքը դուրս բերելու համար։ Այս ուղղությամբ Հայաստանի դաշնակցի՝ ՀԱՊԿ-ի քայլերի տեմպից Փաշինյանը դժգոհ էր։ Ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ այս ընթացքում էր, որ ՀՀ-ն դիմեց ՀԱՊԿ-ին, արդյունքում էլ սկսվեցին հակառուսական ակցիաներ որոշ ուժերի կողմից, թե կառույցը չի օգնում։
«Բաքուն փորձեց այդպես ազդեցություն ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա, եւ դա նրան հաջողվեց»,- ասաց նա։ Հիմա, ըստ նրա, առաջացել է սահմանների դեմարկացիայի խնդիրը հնարավորինս արագ լուծելու անհրաժեշտությունը, իսկ Ռուսաստանն առաջարկել է այս գործընթացում միջնորդ լինել։ «Կողմերը պետք է համաձայնության գան, թե ինչպես են ցանկանում դեմարկացիան անել։ Եվ դա կարող է լինել ինչ-որ մեկի միջնորդությամբ, որը կարող է լինել Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող մեկ այլ երկիր»,- ասաց նա»։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում