Արդեն վեցերորդ օրը շարունակվող Հայ ազգային կոնգրեսի շուրջoրյա հանրահավաքը, բացի երկրում քաղաքական իրավիճակ փոխելուց, շատ կարեւոր է նաեւ այլ տեսանկյունից: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք սա առաջին անգամն է, երբ ընդդիմությունը շուրջօրյա հավաք է անցկացնում Ազատության հրապարակում: Դրանից առաջ ընդդիմությունն Ազատության հրապարակում էր գիշերել մեկ էլ 2008թ. մարտի 1-ի նախօրեին, ինչի հանգուցալուծումը բոլորիս հայտնի է: Ուստի անցած երեք տարիների ընթացքում հանրային գիտակցության մեջ որպես ընդդիմության հանրահավաքների հիմնական բռնաճնշող էր ընկալվում Ռոբերտ Քոչարյանը: Եւ այս առումով բավական հետաքրքիր է հետեւել ավելի «փափուկ» գործչի իմիջ ունեցող Սերժ Սարգսյանի ռեժիմի գործողություններին:Նախ նշենք, որ մարզերից հանրային տրանսպորտի մուտքի արգելափակման հարցում այս ռեժիմը ոչնչով չի զիջում նախորդին: Ավելին, այս օրերին ոստիկանները մարդկանց ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքը խոչընդոտելու հարցում արդեն այն աստիճան են լկտիացել, որ խոչընդոտում են անգամ անձնական մեքենաներով կամ տաքսիներով ՀՀ քաղաքացիների մուտքը մայրաքաղաք (այդ մասին «Ժողովուրդ»-ը բազմաթիվ բողոքներ եւ կոնկրետ փաստեր ունի ձեռքի տակ): Բայց հանրահավաքների մասնակիցների թվաքանակը նվազեցնելու հարցում Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմքը դրսեւորվեց ոչ միայն նման ավանդական մեթոդներով, այլեւ մինչ այդ չկիրառված եւ իր մանրախնդրությամբ աննախադեպ` սրճարանները եւ զուգարանները փակելու հրահանգով: Այսպիսով` Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ ապացուցեց, որ Օպերայի շուրջ տեղակայված բոլոր օբյեկտների տերերն իր մերձավոր օլիգարխ-չինովնիկներն են, որոնք նրա մատի մեկ շարժումով պատրաստ են օրերով պարապուրդի մատնել իրենց օբյեկտները` այդ ընթացքում շահույթից զրկվելու գնով պահպանելով իրենց բիզնես քվոտաներն ու պաշտոնները: Այդ շարքում, թերեւս, արժե առանձնացնել «Սերժին չսիրող» Հայ հեղափոխական դաշնակցության ղեկավարությանը պատկանող «Մեղեդի» սրճարանը, որը նույնպես մեծ արագությամբ փակեց իր դռներն ու հանրային, կրկնում ենք, հանրային զուգարանը, որով, ի դեպ, ՀՅԴ ղեկավարությունը բավական լավ գումար էր աշխատում: Ամեն դեպքում, Սերժ Սարգսյանի զուգարանային մանրախնդրությունը ցույց տվեց իշխանությունների վախի իրական չափը: Հասկանալի է, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը` իր ժելեներով, վախենում է անգամ մի քանի քաղաքացիների կուտակումներից: Մեկ անգամ չէ, որ հանրահավաքներից վախեցած նախագահականի աշխատակիցներն իրենց մեքենաներով ծլկել են աշխատավայրից: Բայց զուգարանների պատմությունն ակնհայտ դարձրեց գործող ռեժիմի բարոյական տաբուների բացակայությունն ու մարդկային խղճուկ որակը:Թեպետ… Միգուցե մենք սխալվո՞ւմ ենք: Միգուցե Սերժ Սարգսյանը որոշել է կատարել ՀԱԿ-ի պահանջը եւ վե՞րջ տալ Երեւանի ճարտարապետական տեսքի աղճատմանը` սկսելով Օպերայի հարակից սրճարանները փակելուց: Հումորներդ մի՛ կորցրեք:
ԶՈՒԳԱՐԱՆԱՄԻՏ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ