ՀՀ կառավարության որոշմամբ, այսօր Կոտայքի մարզպետ նշանակվեց Գառնիի գյուղապետ Ահարոն Սահակյանը: Նիկոլ Փաշինյանի ղեկավարությունը մարզպետի պաշտոնին նշանակել է նրան, որի թեկնածությունը տարիներ առաջ գյուղապետի պաշտոնի համար առաջադրել է հենց ՀՀԿ-ն:
Ի դեպ, նորանշանակ մարզպետի կենսագրական տվյալներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ Սահակյանը 2001-2008 թվականներին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության օպեր լիազոր է աշխատել, ապա աշխատանքի է անցել «Ալֆա-Ֆարմ» ընկերությունում՝ որպես փոխտնօրեն: Իսկ 2016 թվականի նոյեմբերի 7-ին ստանձնել է Գառնի համայնքի ղեկավարի պաշտոնը: Այսինքն Սահակյանը հասցրել է աշխատել եւ նախկին եւ ներկայիս իշխանությունների հետ:
ArmLur.am-ի հարցին՝ ինչո՞ւ են հենց իրեն առաջարկել մարզպետի պաշտոնը, Սահակյանը պատասխանեց՝ նշելով, որ իր աշխատանքն են գնահատել: «Ես կուսակցական չեմ եղել, ուղղակի ՀՀԿ-ն առաջադրել էր իմ թեկնածությունը: Ինձ թվում է խնդիր չեղավ դա՝ ինձ այս պաշտոնին նշանակելու համար: ՀՀԿ-ն իմ թեկնածությունն այն ժամանակ առաջ էր քաշել, որովհետեւ վստահ էր, որ հաղթող թեկնածու եմ»,- նկատեց նորանշանակ մարզպետը:
Ի դեպ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը Կոտայքի արդեն նախկին մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը հայտարարեց, որ տարաձայնություններ է ունեցել Սուրեն Պապիկյանի հետ. «Մարզպետի պաշտոնից ազատման հիմքն իմ դիմումն է, եղել է աշխատանքային անհամաձայնություն կադրային քաղաքականության հետ կապված։ Իմ վերադասի կողմից ինձ առաջարկվել է մի բան, որն ինձ համար անընդունելի է եղել, եւ ես հավատարիմ եմ մնացել իմ սկզբունքներին»:
ArmLur.am-ը Սահակյանից հետաքրքրվեց՝ չի վախենում արդյոք, որ ինքն էլ առաջիկայում տարաձայնություններ կունենա Սուրեն Պապիկյանի հետ: Մեր հարցին ի պատասխան Սահակյանը կարճ պատասխանեց. «Տարաձայնություններ ունենալուց վախենալ պետք չէ»:
Արդյոք հրահանգ, հանձնարարական ստացել է նախարարից՝ թե ինչ է անելու եւ ինչպես է աշխատելու նախընտրական շրջանում հարցին նորանշանակ մարզպետն արձագանքեց. «Ոչ»:
Ս.Հ.