Այսօր ՀՀ Անվտանգության խորհրդի նիստին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսպիսի առաջարկ արեց․«Առաջարկը հետևյալն է՝ մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի զինված ստորաբաժանումները, այսինքն՝ Զինված ուժերի ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից: Այսինքն, սահմանի վերաբերյալ կա պատկերացում՝ 5 կիլոմետր այս կողմ, այն կողմ, որոշակի կիլոմետրերի տարբերություն կա՝ մեկ, երկու, երեք: Ենթադրաբար մենք առաջարկում ենք, որ ընդհանրապես այդ տարածքներից զինված ուժերի ստորաբաժանումները վերադառնան մշտական տեղակայման վայրեր: Դրա փոխարեն ենթադրվող սահմանագծի երկայնքով տեղակայվեն միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող»:
Այս առաջարկի վերաբերյալ ArmLur.am-ը զրուցել է ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ։ «Ես ուշադրությամբ լսեցի վարչապետի խոսքերը եւ ուզում եմ հասկանալ՝ ելման դիրքեր ասվածն ինչ է իրենից ենթադրում։ Որտեղ է ելման դիրքը եւ որտեղից պետք է հայելային հետ նահանջենք մենք՝ նույնն ակնկալելով Ադրբեջանից։ Նշվում է Սոթք-Խոզնավար համայնքների մասին եւ ինձ մոտ տպավորություն է, որ մենք իքնաբերաբար Հայաստանի տարածքները կիլոմետր-կիլոմետր զիջում ենք։ Ես վարչապետի խոսքում ոչինչ չլսեցի Վերին Շորժայի սահմանի հատվածի եւ ապագայի մասին, ինչը նշանակում է, որ այնտեղից ներխուժած ադրբեջանցիները շարունակելու են մնալ հայկական տարածքում»,- նշեց նա։
Անկախ պատգամավորը մեզ հետ զրույցում նաեւ մտահոգություն հայտնեց Փաշինյանի մեկ այլ ձևակերպման հետ, երբ նա ասաց, որ այս առաջարկն անում է հայ հանրության առաջ և այս առաջարկն ուղղված է նաև Ադրբեջանի կառավարությանը եւ միջազգային հանրությանը:«Առավել մտահոգիչ է ինձ համար հանրային առաջարկի ձևակերպումը, որը կասկածներ է առաջացնում, որ միջազգային հանրությունը, միջնորդական առաքելություն ստանձնած երկրներն ու միավորներն այլևս չեն համագործակցում մեր երկրի ղեկավարության հետ, այլապես նա չէր օգտագործի դիմելու այս տարբերակը․ դիվանագիտական եւ մի շարք այլ խողովակներ կան պետական հարաբերություններում»,- հավելեց նա։