Այսօր Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 103-րդ տարեդարձն է:
Առաջին հանրապետությունը նշանակալից իրադարձություն էր մեր ժողովրդի կյանքում՝ անկախ պետականության վերականգնում ինքնիշխանության համար երկարամյա պայքարից հետո: Այն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ երբ միասնական ենք, կարողանո՛ւմ ենք հաղթել:
Հայաստանի առաջին հանրապետությունը ստեղծվեց այնպիսի պայմաններում, երբ վտանգված էին մեր ինքնությունն ու ֆիզիկական գոյությունը, վտանգ, որ կանխվեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի արդյունքում, մեր միասնության ու անձնազոհության շնորհիվ:
Այսօր մենք կանգնած ենք բարոյականության ու արժանապատվության Սարդարապատի շեմին, ճակատամարտ, որի միայն հաղթակա՛ն արդյունքը կարող է երաշխավորել ամուր պետականություն և զարգացման հեռանկար:
Այսօր կարիք ունենք սթափ դատողության ու առողջ մտածողության, կարիք ունենք պատմության դասը սերտելով՝ նորովի գիտակցելու,
որ Հայրենիքը որպես իրականություն կարող է ապրել միայն անկախ պետականության տեսքով,
որ անկախ պետականությունը ձեռք է բերվում և պաշտպանվում դժվարությամբ,
որ շատ ժողովուրդներ այսօր էլ երազում են դրա մասին:
Անկախ պետականությունը մեր ինքնության ու ազգային շահի գիտակցումն է, հանուն որի ի զեն էր ելել մեր ժողովուրդը՝ բանակն ու աշխարհազորն ավելի քան 100 տարի առաջ: Դրա կարիքը կա բոլոր ժամանակներում՝ ինչպես Հայաստանի առաջին հանրապետության օրոք էր, այնպես էլ այսօրվա Հայաստանի հանրապետության ժամանակ, և դրա կարիքը կլինի նաև վաղվա Հայաստանի Հանրապետությունում:
Անկախ պետականությունը մեր սահմանների անձեռնմխելիությունն է ու անսակարկելիությունը, որոշում կայացնելու և այն իրագործելու մեր կարողությունը, անվտանգություն ապահովելու և խաղաղություն թելադրելու մեր ունակությունը:
Մենք պետք է կարողանանք ոչ միայն հաղթել, այլև խորությամբ հասկանալ, թե ինչպես վարվել այդ հաղթանակի հետ:
Պետք է կարողանանք հաղթանակը լցնել մնայուն բովանդակությամբ ու վերածել հաջողությունների:
Պետք է կարողանանք խորությամբ հասկանալ և ընկալել՝ ինչ է տեղի ունեցել երեկ, ինչ է տեղի ունենում այսօր և արձագանքել ու գործել համարժեք:
Պետք է կարողանանք կանխատեսել և կառավարել այն, ինչ կարող է լինել վաղը:
Պետք է կարողանանք սթափ վերլուծել մեր անհաջողությունների պատճառները, այդ թվում՝ Առաջին հանրապետությունից ցայսօր, և աշխատել սեփական սխալներն ուղղելու վրա, մշակել հստակ տեսլական և զարգացման ծրագրեր:
Ես հավատում եմ, որ կարո՛ղ ենք հասնել այնպիսի ձեռքբերումների, որոնք դեռ երեկ անհնարին էին թվում, կարո՛ղ ենք իրականությունը համապատասխանեցնել մեր ցանկությանը, կարո՛ղ ենք կյանքի կոչել այն երազանքը, որն առաջին հայացքից թվում է անհասանելի:
Թե ինչպիսին կլինի մեր Հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, կախված է մեզնից, յուրաքանչյուրիցս: Իսկ Հայրենիքը կլինի այնպիսին, ինչպիսին այն կդարձնենք միասին:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Կեցցե՛ Արցախը:
Կեցցե՛ մեր ժողովուրդը: