ArmԼur.am լրատվականը սկսում է հանրությանը ներկայացնել հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ դաշինքների նախընտրական ցուցակներում ընդգրկված անձանց: Մենք փորձելու ենք հանրությանը ներկայացնել պատգամավորների թեկնածուների կենսագրական տվյալներն ու բացահայտել, թե ինչ ճանապարհ են անցել պատգամավորի թեկնածուները:
Եւ այսպես, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում են հայտնվել այնպիսի անձինք, որոնք անակնկալ են եղել խմբակցության պատգամավորների համար: Բանն այն է, որ շատ քչերին է հայտնի, թե ով ում շնորհիվ է նախընտրական ցուցակում հայտնվել ու ի վերջո, որ արժանիքի համար:
ՔՊ նախընտրական ցուցակում է հայտնվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օգնականը՝ Հասմիկ Հակոբյանը, որը ցուցակի 78-րդ համարն է: Միայն հայտնի է, որ Հասմիկը 32 տարեկան է, մշտապես եղել է ՔՊ-ական թիմի հետ ու արդեն նրանց ընտրվելուց հետո խորհրդարան է եկել՝ որպես Ալեն Սիմոնյանի օգնական:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի օգնական Նատալյա Սինորյանը, որը 28 տարեկան է, եւս ՔՊ նախընտրական ցուցակում է՝ 123-րդ համարն է: Սինորյանի կենսագրական տվյալները դեռեւս հայտնի չեն: Սինորյանը 2018 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ Կոնջորյանի հետ շատ ակտիվորեն մասնակցել է նախընտրական քարոզին ու հայտնվել խորհրդարանում՝ օգնականի կարգավիճակով:
ՔՊ-ական Լեւոն Լեւոնյանը, որը նախընտրական ցուցակում 125-րդն է, խորհրդարանում մշտապես ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի հետ է, վերջինս Դավոյանին էր օգնում խորհրդարանի աշխատանքներում: Ըստ ՔՊ-ականների՝ վերջինս հավատարիմ կուսակցական է, ինչի համար էլ նրան ընդգրկել են ՔՊ նախընտրական ցուցակում: Լեւոնյանը եւս 28 տարեկան է:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի օգնական Հայկ Շահինյանն էլ նախընտրական ցուցակի 121-րդ համարն է, որը խորհրդարանում Սիմիդյանին էր օգնում, հիմա հեռացել է խորհրդարանից:
Գյումրեցի իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանին եւս հաջողվել է իր օգնական Քնարիկ Հարությունյանին ներառել ՔՊ նախընտրական ցուցակում: Վերջինս էլ ցուցակի 114-րդ համարն է, 35 տարեկան է:
Հաջորդ անակնկալը հայտնի «ֆեյքերի» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Լիլի Մինասյանի՝ ցուցակում լինելն է, որը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հետ լուրջ տարաձայնությունների պատճառով լքել էր տնօրենի պաշտոնը. վերջինս ցուցակի 75-րդ համարն է: Պարզվում է՝ ՔՊ ցուցակում է նաեւ Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի քույրը` Անուշ Քլոյանը, որը ցուցակում 93-րդն է:
Ի դեպ, Իշխանության ներսում թեժ քննարկվել է այն հարցը, որ իշխանությունը ցուցակից դուրս է թողել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Տաթեւ Հայրապետյանին, Աննա Կարապետյանին, Հովհաննես Իգիթյանին, Սերգեյ Ատոմյանին, Համազասպ Դանիելյանին, Հովհաննես Հովհաննիսյանին, Միքայել Զոլյանին:
Սոնա Գրիգորյան