«Սե՛րժ, խնդրում եմ, բա՛ց զուգարանները: Սե՛րժ, ապացուցի՛ր այս ժողովրդին, որ գոնե մեկ հարց դու կարող ես լուծել»,-Լեւոն Տեր-Պետրոսյանի այս խոսքերից հետո Սերժ Սարգսյանը երեկ անձամբ եկել էր Օպերա: Բայց նա ցույց տվեց, որ ամենեւին ունակ չէ լուծելու անգամ այդ մեկ հարցը: Նա չբացեց զուգարանները, փոխարենը մասնակցեց համերգի, նաեւ ընդունեց ՍԴ կազմավորման 15-ամյակի առթիվ Երեւանյան խորհրդաժողովի անդամներին: Ի տարբերություն ուրիշ անգամների՝ երեկ նա եկել էր շատ աննկատ ու անձայն, անգամ ուղեկցող մեքենաները որեւէ ձայն ու ազդանշան չէին բարձրացրել՝ ուշադրություն չգրավելու համար, իսկ ինքն էլ ծառայողական մուտքից էր մտել Օպերա: Նրա ներկայությունը մատնում էին միայն իր ու թիկնազորի մեքենաները, որ կայանված էին Օպերայի մոտ: Սերժ Սարգսյանն այնտեղ մնաց մինչեւ հանրահավաքի ավարտը: Իսկ Տեր-Պետրոսյանի ելույթը տեւեց ավելի քան 90 րոպե, այսինքն՝ բուհում դասախոսությունների համար հատկացվող մեկ ակադեմիական ժամ: Այս անգամ նա խոսեց արտագաղթի մասին, ընդ որում՝ այդ թեմային անդրադարձավ ե՛ւ ակադեմիական, ե՛ւ քաղաքական տեսանկյունից: Արտագաղթի թեման նա քննեց 5 հիմնական հարթության վրա՝ պատմական, էմոցիոնալ, գենոֆոնդ, քաղաքական եւ ազգապահպանության: Նա ելույթը սկսեց հայերի ծագումնաբանությունից ու պատմաքաղաքագիտական լուրջ դասախոսություն կարդաց այդ առումով՝ ահազանգելով, որ ազգը կանգնած է աղետի առաջ: Ըստ նրա՝ արտագաղթում են ինտելեկտուալները, պրոֆեսիոնալները, ռիսկի դիմողները: Նա խորը կասկածներ ունի, որ Հայաստանի իշանությունները նույնիսկ խրախուսում են արտագաղթը: «Իմ կասկածներն անհիմն չեն, եւ դրա մասին բացահայտ խոսեց Հայաստանի վայ-վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հետո նա փորձեց արդարանալ, թե կատակել է, բայց ազգի ցավի հետ այդպիսի կատակ անելը սադիզմ է, բայց դա ֆրեյդիզմի դրսեւորում է,-հայտարարեց նա ու նաեւ նշեց,-ես չեմ ուզում ձեզ սարսափեցնել, բայց մեր ազգն իսկապես ազգային աղետի առջեւ է կանգնած, եթե այսպես շարունակվի, մենք վերանում ենք»: Նրա խոսքերով՝ 30 տարի հետո կլինենք 1 միլիոնանոց պետություն, մինչդեռ դեմոգրաֆիական առումով հզորանում են հարեւան երկրները: Իսկ մեր պարտությունների պատճառը, ըստ նրա, մշտապես եղել է փոքր ազգ լինելը. «Այս երեւույթի համար ուրիշ բառ դժվար է գտնել, քան ցեղասպանությունը: Արտագաղթ՝ նշանակում է մարդկանց, բանակի թվի նվազեցում, հետեւաբար մարտունակության ցածրացում, մեր հարեւանների դեմոգրաֆիական աճ: Մնացածը չեմ ասում, որ ձեզ չվախեցնեմ»: Խոսելով արտագաղթի պատճառների մասին` նա ասաց, որ կա 2 օբյեկտիվ պատճառ. «Մեկը ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրն է, երկրորդը շրջափակումն է: Մենք ո՛չ ծով, ո՛չ էլ երկաթուղի ունենք: Արեւմտյան ժամանակակից արդյունաբերության ծնունդը կապված է երկաթուղու հետ»: Սուբյեկտիվ պատճառներից հետեւյալներն առանձնացրեց. «Այսպիսի թալան սեփական ժողովրդի նկատմամբ, որն իրականացնում են այսօրվա իշխանությունները, ո՛չ մոնղոլները, ո՛չ թուրքերը, ոչ ոք չի արել: Արտագաղթի ամենամեծ պատճառը կոռուպցիան է: Թալանում են ձեզանից յուրաքանչյուրի գրպանը: Հաջորդ պատճառն օրինականության բացարձակ բացակայությունն է: Մարդիկ կարող են խեղճ ապրել, դիմանալ դժվարություններին, եթե հավատում են, որ կա արդարություն, հավասարություն, եւ այդ դժվարությունները բոլորին են բաժին հասնում: Անգամ այսօր, եթե Հայաստանը փոքր բյուջե ունենար, ու դա հավասարապես բաժանվեր բոլորին, էլի չէին գնա… Բայց ամենավատն այն է, որ գոնե հույս էլ չկա, որ էս վիճակը կփոխվի, եւ եթե մեզ՝ ձեզ հետ միասին, չհաջողվի ապացուցել, որ կա այդ հույսը եւ կարելի է ազատվել այս տականքներից, ավազակներից ու սրիկաներից… մնացածը դուք արդեն գիտեք»:ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԱԶԳԸ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԱՂԵՏԻ ԱՌԱՋ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ