Ինչ շինություն է հայտնաբերվել Գառնիի ձորում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 թ. դաշտային հնագիտական-հետազոտական աշխատանքների ժամանակ Գառնի գյուղի տարածքում, հանրահայտ տաճարի ստորին մասում, Ազատ գետի կիրճում, ձորամիջյան ճանապարհի եզրին հայտնաբերվեցին անհայտ ծագմամբ սրբատաշ բազալտի մեծածավալ քարերից, չոր շարվածքով կառուցված շինության հետքեր: Պահպանվել է ընդամենը շարվածքի մի փոքր հատված (4,0 մ երկարությամբ և 2,5 մ բարձրությամբ), իսկ մնացած մասը ջրագծի անցկացման պատճառով լցված է հողալիցքով: Այս մասին գրում qahana.am-ը:

Նախնական գնահատականն այնպիսին է, որ այն ժամանակակից պետք է լինի Գառնիի ամրոցի շինությանը, քանի որ շարվածքն ու քարերը նույնատիպ են: Ենթադրվում է, որ սկզբնապես՝ դեռևս վաղ միջնադարում, շինությունը ծառայել է որպես անցակետ-պահակակետ՝ գյուղ մտնող ձորամիջյան ճանապարհին: Գառնին, լինելով արքունական կալվածք, բնական է, որ պաշտպանված էր բոլոր կողմերից և ուներ անցակետեր:

Հետագայում՝ 8-րդ դարի առաջին քառորդում, կարծում ենք, որ շինությունը վերանորոգումից հետո վերածվել է երաժշտական դպրոցի, երբ այստեղ է տեղափոխվել Սահակդուխտ կույսը: Վերջինս, հասած տեղեկություններով, առաջին կին բանաստեղծուհին է, երաժշտության առաջին ուսուցչուհին ու կին երաժիշտը: Նա ոչ միայն շարականների տեքստերն ու եղանակներն է գրել, այլև դրանք սովորեցրել է աշակերտներին: Նրա մասին, ցավոք, քիչ տեղեկություններ կան, նրան հիշատակում է միայն 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը:

Սահակդուխտը եղել է Դվինի կաթողիկոսարանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ավագերեց Սահակի դուստրը, նշանավոր գիտնական, շարականագիր Ստեփանոս Սյունեցու քույրը։ Նրանք՝ քույր և եղբայր, կանոնավոր կրթություն են ստացել և սերտ կապեր ունեցել կաթողիկոսարանի հետ: Անշուշտ, Սահակդուխտը նախնական ուսումը ստացել էր հորից և ավագ եղբորից: Վերջինս «կարգում և շարում» էր շարականները, կարգավորում էր ժամակարգությունը, դասավորում հայ հին երաժշտության ձայներն ու եղանակները՝ հարստացնելով մեր հոգևոր երգը: Նա Սյունյաց և Մաքենյաց վարդապետարան կոչված բարձրագույն դպրոցներում սովորեցնում էր հայոց ախորժալուր եղանակները:

Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ՝ Սահակդուխտը մանուկ հասակից ստացել է «զվարս կուսութեան» և, առանձնանալով Գառնիի ձորի մի քարայրում, ապրել է ճգնակեցությամբ և այդտեղ էլ կնքել իր մահկանացուն: Պատմիչը, խոսելով Ստեփանոս Սյունեցու մասին, հաղորդում է հետևյալը. «Սա մի քույր ուներ, որ մանկությունից ընդունել էր կույսի վարքը, առանձնացել էր Գառնու ձորի մի քարայրում և կյանքն անցկացնում էր անտանելի ճգնակեցությամբ. նրա անունը Սահակդուխտ էր: Նա շատ հմուտ էր երաժշտության արվեստին, որը և սովորեցնում էր շատերին՝ վարագույրի տակ նստած, նաև ստեղծեց բազմաթիվ քաղցրեղանակ կցուրդներ ու մեղեդիներ, որոնցից մեկը նվիրված է սուրբ Մարիամին, որն իր անունով հորինեց»:

Ինչպես վերը նշվեց, Սահակդուխտը հորինել է հոգևոր երգեր՝ շարականներ, կցուրդներ և այլ «քաղցրեղանակ» մեղեդիներ ու Աստվածամորը ձոնված մի ակրոստիկոս aերգ, որտեղ Աստվածածնին անվանել է «հոգևոր անդաստան», «համապայծառ ծաղիկ», «հոգեհոս անձրև», «չկիզվող մորենի» և այլն:

Ղևոնդ Ալիշանը հրապարակել է այդ երգի առաջին տան մի տարբերակ, իսկ երգի ամբողջական բնագիրը հետագայում հայտնաբերել ու 1951 թ. «Հասկ» ամսագրում հրապարակել է եպիսկոպոս, բանասեր Նորայր Պողարյանը (Ծովական):

Այդ սքանչելի բանաստեղծությունը նա հայտնաբերել էր Անթիլիասի Մայր Աթոռի հմր.1741 ձեռագրում՝ գրված Աղթամարում, 1499 թ., որի գրիչը եղել է Մաթևոս կրոնավորը, Խոնձայի և Կարապետի որդին:

Սըրբուհի՛ Մարիամ,

Անապական տաճար

Եւ կենարար բանին ծընող և մա՛յր,

Օրհնեա՛լ ես դու ի կանայս,

Բերկրեալ Տիրամայր և Կո՛յս:

Սահակդուխտի մյուս ստեղծագործությունները հայտնի չեն։ Ենթադրվում է, որ մեզ հասած շարականների, հատկապես «մեծացուսցէ»-ների մի մասը նրա գրչի արգասիքն է։ Որոշ բանասերների կարծիքով՝ նրանն է նաև Վահան Գողթնացուն նվիրված հայտնի շարականը, որն ավանդաբար վերագրվել է վերջինիս քրոջը՝ Խոսրովիդուխտին։

Հետաքրքիր է, որ Սահակդուխտը աշակերտներին ուսուցանել է վարագույրի ետևում նստած։ Ինչո՞ւ. թողնենք ընթերցողների պատկերացումներին:

Կարծում ենք, որ Գառնիի ձորում հայտնաբերված շինության հատվածը ոչ այլ ինչ է, քան Սահակդուխտի երաժշտական դպրոցը, իսկ նրա կեցության քարանձավը այս շինությունից հեռու չէ, մոտ 100 մ արևմուտք, բարձր քարափների մեջ, որը դեռ այսօր էլ տեղացիները անվանում են «Ճգնավորի քարայր»:

Ստեփանոս Օրբելյանի հաղորդմամբ՝ Սահակդուխտը «մեռավ ու այնտեղ էլ թաղված է գերեզմանոցում, որից շատ բժշկություններ են լինում»: Այդ շինությունից ոչ հեռու, արևելյան մասում, կիրճի դարավանդներից մեկում Գառնիի հին գերեզմանոցներից մեկն է, որտեղ էլ հավանաբար հանգչում է մեծանուն երգահանի ու երգչուհու մարմինը:

Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ

գիտաշխատող




Լրահոս