ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Երեւանի գինու օղու կոմբինատի շենքում (կանյաչնի) հանդիպում է ունեցել ԲՀԿ ակտիվի հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ Ծառուկյանը հանդիպման է հրավիրել տարբեր վարչական շրջանների պատասխանատուներին, ինչպես նաեւ ԲՀԿ շտաբների ղեկավարներին:
Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Գագիկ Ծառուկյանը խոսել է ԲՀԿ-ի նախընտրական ծրագրերից, կազմակերպչական հարցերից ու ներկայացրել է այն տեսլականը, որով առաջնորդվելու են հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ:
Ըստ մեր տեղեկությունների՝ ԲՀԿ-ի 20-յակում ընդգրկված են լինելու ԲՀԿ-ի մարզային շտաբների ղեկավարները, որոնք խոստացել են շատ ակտիվ աշխատել ու ձայներ բերել ԲՀԿ-ի համար: Դա է նաեւ պատճառը, որ ԲՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչները դուրս են մնացել նախընտրական ցուցակից կամ էլ ընդգրկվել են ցուցակի վերջնամասերում:
Հիշեցնենք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արթուր Գրիգորյանը նախընտրական ցուցակում չեն լինելու, իսկ ԲՀԿ նախընտրական շտաբը ղեկավարելու է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Վարդանյանը:
Սոնա Գրիգորյան