ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը դատի է տվել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը: Նա այս տարվա մայիսի 24-ին դիմել է վարչական դատարան՝ պահանջելով, որ վարչական դատարանը իր վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանք տրամադրելուն պարտավորեցնի:
Արդյունքում ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դատավոր Գևորգ Սոսյանը կայացրել է վճիռ եւ բավարարել է Միհրան Պողոսյանի հայցը: Ավելին, դատարանի որոշմամբ ոստիկանությունից հօգուտ Միհրան Պողոսյանի պետք է գանձվի 3000 դրամ: Ստացվում է, որ ըստ երեւույթին Միհրան Պողոսյանը որեւէ խնդիր չունի ընտրություններին մասնակցելու համար:
Նշենք, որ նա «Պատիվ ունեմ» դաշինքի 11-րդ համարն է :
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու, այն է` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու( փողերի լվացման) համար:
Վերջինիս նկատմամբ հայտարարվել էր հետախուզում եւ նրան ՌԴ-ում կալանավորել էին: Արդյունքում դատախազությունը դիմեց ՌԴ իրավապահներին նրա՝ Հայաստան տեղափոխելու հարցով:
Ի պատասխան ՌԴ գլխավոր դատախազությունից ավելի վաղ ստացված տեղեկատվության համաձայն՝ նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) նախկին պետ Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը հնարավոր չի համարվել՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993 թվականի հունվարի 1-ի Կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները: Ուստի նրա նկատմամբ խափանման միջոցը վերացվեց:
Քնար Մանուկյան