ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին` ստեղծելու վստահության մթնոլորտ, որպեսզի սահմանային իրադրության լարվածությունը մեղմվի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ԵԱՀԿ-ում Շվեդիայի նախագահությունից, այս մասին նշել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն՝ Հայաստանի և Ադրբեջանի իր պաշտոնակիցների հետ զրույցներում, որոնց ընթացքում նա կարևորել է խնդրի խաղաղ և դիվանագիտական ճանապարհով լուծումը:
«Գործող նախագահը ողջունում է իրավիճակը խաղաղ ճանապարհով լուծելու պատրաստակամությունը և հույս ունի, որ բանակցությունները կշարունակվեն, ու հնարավորինս շուտ հնարավոր կլինի հասնել դիվանագիտական լուծման: Ինչպես նշել է ԵԱՀԿ գործող նախագահը կողմերի հետ ունեցած իր զրույցներում՝ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել կողմերին`վստահություն ստեղծելու հարցում` նպատակ ունենալով մեղմել լարվածությունը և ստեղծել մթնոլորտ, որում կողմերը կարող են կառուցողական կերպով շարունակել իրենց բանակցությունները»,-հայտնել են «Արմենպրես»-ին:
Մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ն երկրորդ հոդվածով՝ համաձայն որի «մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը, իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին հայտնել էր, որ նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի Ռուսաստանը նաև ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանին՝ 1997թ-ի Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի համաձայն: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստան-Ադրբեջան սահմանային իրադրության լարվածության թոթափման նպատակով առաջարկել է Սոթք-Խոզնավար հատվածում հետ քաշել և հայկական, և ադրբեջանական զինուժը, տանել մշտական տեղակայման վայրեր, տեղակայել միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանի Դաշնության կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների ներգրավմամբ: