ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվում էր ««Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը։

 

Առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ կատարվել են հիմնականում տեխնիկական փոփոխություններ։ Բովանդակային փոփոխությունները վերաբերել են մի քանի պահանջների։ Առաջին ընթերցման ժամանակ ներառվել են «ծննդավայր» հասկացողությունը՝ հուղարկավորություն իրականացնելու հետ կապված։ Նպատակն այն է, որ անձը կարող է հուղարկավորվել իր ծննդավայրում, սակայն այլ իրավական ակտերի ուսումնասիրության արդյունքում քննարկողները հանգել են այն կարծիքին, որ «ծննդավայր» հասկացողությունը վերաբերում է ամբողջ Հայաստանի Հանրապետությանը, եւ հրաժարվել են այդ պահանջից:

Նշենք, որ խստացվել է նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված եւ տվյալ ոլորտին վերաբերող նորմերը։

«Նախատեսել ենք նաեւ կրկնակության դեպքում պատասխանատվություն. այսինքն՝ եթե անձը իրականացնում է հուղարկավորություն գերզեմանատան տարածքից դուրս եւ չի վերահուղարկավորում գերեզմանի տարածք, մենք ավելացրել ենք այդտեղ «կրկին անգամ» հասկացողությունն ու նախատեսել ավելի ծանր սանկցիա»,- մանրամասնել է պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:

Նախագծի համաձայն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 156.1 հոդվածը (Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում խախտումներ իրականացնելը) կլրացվի 1.1 կետով, որի համաձայն՝

«Գերեզման օգտագործողի կողմից գերեզմանի կառուցապատման, բարեկարգման եւ շահագործման օրենսդրությամբ սահմանված կանոնները, այդ թվում՝ քաղաքաշինական նորմերը խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` 200 000 դրամի չափով: Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում` 1 000 000 դրամի չափով»:

Կլրացվի նաեւ 4.1-ին մասով՝

«Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո` եռամսյա ժամկետում, հուղարկավորված անձին գերեզմանատան կազմակերպման համար նախատեսված վայրում չվերահուղարկավորելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով ( 2 միլիոն դրամ)։

Նույն խախտումը վարչական տույժ նշանակելուց հետո` յուրաքանչյուր եռամսյա ժամկետում չվերացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով (5 միլիոն դրամ)»: Առաջարկվող փոփոխությունները վերաբերելու են նոր ստեղծվող գերեզմաններին: Փոփոխությունների համաձայն՝ մահացածի աճյունը հողին հանձնելու համար գերեզման շահագործողին մեկ գերեզմանատեղի համար համայնքային գերեզմանատներում անվճար կհատկացվի 2.5 քառակուսի մետր հողատարածք՝ 2.5 x 1.0 մետր չափերով:

Ընտանեկան գերեզմանում հուղարկավորությունը կազմակերպելու համար համայնքի գերեզմանատներում գերեզման շահագործողին անվճար հիմունքներով կտրամադրվի մինչեւ 12.5 քառակուսի մետր հողատարածք՝ 2.5 x 5 մետր չափերով:

Նշենք, որ Աժ-ի կողմից ընդունման դեպքում այս օրենքն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից։

 

 

ՉՈՐՐՈՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ 

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի բացառում, որ կարող են դիմել ՀԱՊԿ-ին արդեն չորրորդ հոդվածով։ Հանրային հեռուստաընկերության եթերում նա հայտարարեց, որ եթե չկարողանան արագ կարգավորում տալ խաղաղ դիվանագիտական ճանապարհով, ապա իրավիճակը մոտենալու է 4-րդ հոդվածում նկարագրված իրավիճակին, եւ այդ դեպքում Հայաստանը նաեւ իր ՀԱՊԿ գործընկերների հետ ստիպված է լինելու այլ կերպ լուծել խնդիրը: Նկատենք՝ Փաշինյանի կառավարության ներկայացուցիչները նախորդ օրերին այդպես էլ հստակ չմանրամասնեցին, թե Երեւանը ինչու է դիմել ՀԱՊԿ-ին «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի երկրորդ հոդվածի հիման վրա, որն ընդամենը նախատեսում է համատեղ խորհրդատվություններ, այնինչ գոյություն ունի նույն պայամանագրի չորրորդ հոդվածը, որը անհապաղ ռազմական օգնություն է նախատեսում ՀԱՊԿ անդամ որեւէ երկրի դեմ հարձակման դեպքում։ Երեկ սահմանին տեղի ունեցած լարվածության ֆոնին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նշել է, որ ծագած սրացումը պահանջում է ձեռնարկել հրատապ միջոցներ՝ «նախ քաղաքական, դիվանագիտական բնույթի, եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պետական սահմանի դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հարցերի լուծում»:

 

 

2000 ԴՐԱՄ ՊԵՏՏՈՒՐՔ

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ցեմենտի 1 տոննայի ներմուծման համար սահմանել 14 հազար դրամ, իսկ կլինկերի 1 տոննայի ներմուծման համար՝ 2 հազար դրամ պետական տուրք: ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 72 «կողմ», 7 «դեմ», 3 «ձեռնպահ» ձայներ: Նախագծի նպատակն է հավասար մրցակցային պայմաններ ստեղծել ներմուծվող ցեմենտի եւ տեղական արտադրության ցեմենտի միջեւ, պաշտպանել ներքին շուկան՝ տեղական երկու արտադրողին:

Ցեմենտի տեղական արտադրողներին պաշտպանելու նպատակով, կառավարության նախաձեռնությամբ, ԱԺ-ն 2019-ի հունիսին ընդունել էր ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամ տուրք սահմանելու մասին նախագիծ, սակայն այդ մեխանիզմը պահպանվել էր մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը: Կառավարությունը օգտագործել էր ներքին շուկայի պաշտպանության միջոցներ, որոնց ժամկետն ավարտվում է հունիսի 8-ին:

 

 

ՄԱՐԶՊԵՏԻ  ՆՈՐ ՕԳՆԱԿԱՆԸ

Մայիսի 19-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը որոշում է ընդունել Արտակ Աթաբեկյանին  նշանակել Տավուշի մարզպետի օգնական։ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանը ազատվում է Տավուշի նախկին մարզպետ, այժմ բարձր  տեխնոլոգիական  արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանի նշանակած կադրերից, որոնք հիմնականում Երեւանի բնակիչներ էին։ Հայկ Ղալումյանի՝ որպես մարզպետ  պաշտոնավարման ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի  ապրիլի 26-ի որոշմամբ,  Թաթուլ Ստեփանյանը ազատվել է Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից, Ն. Փաշինյանի ապրիլի 29-ի որոշմամբ՝ մարզպետի տեղակալ է նշանակվել  Նարեկ Ղուշչյանը, իրենց դիմումների համաձայն՝ Տավուշի մարզպետի  օգնականի  պաշտոնի  ազատվել են Սերգեյ Հարությունյանը, Էմին Գեւորգյանը, մարզպետի խորհրդականի պաշտոնից ազատվել են Արբակ Գրիգորյանը եւ  Նիկոլայ Գրիգորյանը։

 

 

ՈՒՍԱՆՈՂ  ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

Իջեւան քաղաքում արդեն երկու տարի է, ինչ գործում է Եվրոպական համալսարանը: Դիլիջանի համայնքապետարանի  ինտերենտային  կայքը  հայտնում է, որ Դիլիջան համայնքի  ղեկավարի  պաշտոնակատար  Դավիթ Սարգսյանը մայիսի 21-ին  ընդունել է  Եվրոպական համալսարանի  տնօրինությանը եւ մի քանի ուսանողների: Ուսանողները  ներկայացրել են  համալսարանի առավելություններն ու հնարավորությունները, հանդես են եկել  առաջարկներով, կնքվել է պայմանագիր, ըստ որի՝ Եվրոպական համալսարանի  «Կառավարում»  մասնագիտության   10 ուսանող ուսումնական փորձաշրջան կանցնեն Դիլիջանի համայնքապետարանի համապատասխան բաժիններում: Դիլիջան համայնքի ղեկավարության առաջարկությամբ  փորձաշրջան անցած եւ ավարտած ուսանողները հնարավորություն կունենան մասնակցել համայնքի զարգացման գործընթացին, ինչպես նաեւ հետագայում կապահովվեն  աշխատանքով: Այս տեղեկատվությունը սովորական կլիներ, եթե Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, 1984թ. ծնված Դավիթ Սարգսյանը ներկայումս չլիներ Եվրոպական համալսարանի ուսանող։  Դավիթ Սարգսյանը 2001-2006թթ. սովորել  է Դիլիջանի պետական քոլեջում, այն ավարտելով՝ ստացել տնտեսագետի եւ հաշվապահական հաշվառման մասնագետի որակավորում, այժմ նա Եվրոպական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում հեռակա է սովորում։ Եվրոպական համալսարանի ուսանողները քաղաքապետի պաշտոնակատար Դ.  Սարգսյանին ներկայացրել են  իրենց համալսարանի առավելությունները, կարծես թե նա  այնտեղ չի սովորում եւ դրանց անտեղյակ է։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս