Բոլորիս հայտնի «Սարի աղջիկ» հեռուստասերիալը մոտենում է իր ավարտին: ArmLur.am-ը հեռուստասերիալի ավարտի, կերպարի, դերասանական կազմի մասին խոսել է դերասանուհի Լիլիթ Բադանյանի հետ: Դերասանուհին մեզ հետ զրույցում անդրադարձել է իր եւ ռեժիսոր Տիգրան Ավետիսյանի սիրավեպի մասին լուրերին:
«Նկարահանումներն արդեն ավարտվել են, իսկ հեռուստասերիալի ավարտի մասին շատ մանրամասներ ներկայացնել չեմ կարող, քանի որ մնացել է մի քանի սերիալ, եւ հեռուստադիտողը մեծ անհամբերությամբ է սպասում՝ տեսնելու, թե ինչ ավարտ է ունենալու այն: Իմ մասով կարող եմ ասել, որ այս ամիսների ընթացքում աշխատել եմ մի մեծ ընտանիքի, մեծ պրոֆեսիոնալ խմբի հետ, որտեղ եղել է մարդկային մի ուրիշ տեսակի մթնոլորտ, ինձ զգացել եմ շատ ազատ, անկաշկանդ եւ երբեք չեմ վախեցել սխալվելուց: Սա իմ առաջին հեռուստասերիալն էր, որտեղ մարմնավորում էի գլխավոր հերոսուհու՝ Լիլիի կերպարը, եւ շատ շնորհակալ եմ հեռուստասերիալի գլխավոր սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանին ինձ նման դեր վստահելու համար: Արդեն մի քանի օր է, ինչ ավարտվել են նկարահանումները, բայց կարոտով եմ հիշում մեր ամբողջ նկարահանումները եւ մեծ ցանկություն ունեմ, որ նորից աշխատեմ հենց այս թիմի հետ»,- նշեց Լիլիթը:
Դերասանուհու խոսքով՝ կերպարի ընդհանուր արձագանքներին, մեկնաբանություններին հետեւելով՝ նկատեց, որ սերիալասեր հասարակությունը բաժանվել է երկու հատվածի. մի մասը ուզում է, որ գլխավոր հերոսուհին իր կյանքը շարունակի եւ վերջապես իր երջանկությունը գտնի Վանի հետ, իսկ մյուս մասը ցանկանում է, որ իր կյանքը կապի Վլադի հետ. «Կարծում եմ՝ սերիալի ավարտն այնպես չի լինելու, որ բոլորի սրտով լինի, իսկ թե ինչ կլինի, ինքներդ կտեսնեք…»:
Իսկ ինչ վերաբերում է նոր նախագծերում, հեռուստասերիալներում նկարահանվելու առաջարկներին, դերասանուհին ուրախությամբ հայտնեց, որ առաջարկների պակաս չկա, մնում է ինքն իր մեջ հասկանա, թե որ նախագիծն է իրեն ավելի նպատակահարմար, որտեղ է նա իրեն ավելի շատ տեսնում. «Իրականում «Սարի աղջիկ» հեռուստասերիալն ինձ մեծ ճանաչում բերեց, որն էլի ավելի ամրապնդեց իմ երգի տեսահոլովակը, որը հանդիսատեսի կողմից արաժանացավ դրական արձագանքի, ինչի համար շատ ուրախ եմ»:
Լիլիթը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաեւ իր ու ռեժիսոր Տիգրան Ավետիսյանի սիրավեպի լուրերին, սակայն, նկատենք, որ Լիլիթը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց լուրը:
«Անձնական կյանքիս հետ կապված ոչինչ չեմ հրապարակում, չեմ ուզում խոսել, դա ինձ համար փակ թեմա է, որը հանրային դարձնել չեմ ուզում»,- հավելեց երիտասարդ դերասանուհին, որը վերջերս ուժերը փորձեց նաեւ որպես երգչուհի։ Ի դեպ, Լիլիթի «Գնա, գնա» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի ռեժիսորը հենց Տիգրան Ավետիսյանն է:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՊՐԵՄԻԵՐԱՆԵՐՈՎ ՀԱՄԵՐԳՆ ԱՄՓՈՓՎԵԼ Է
Ամփոփվել է Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնը։ Ինչպես հայտնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից, փառատոնի շրջանակներում տեղի են ունեցել բազմաթիվ պրեմիերաներ, երկարամյա դադարից հետո մեծ բեմից հնչել են Ալեքսանդր Սպենդիարյանի, Առնո Բաբաջանյանի, Ադամ Խուդոյանի, Ջիվան Տեր-Թադեւոսյանի ստեղծագործությունները։
Փակման գալա համերգը մեկնարկել է Հայկ Բոյաջյանի Թավջութակի եռամաս կոնցերտի պրեմիերայով։
Փարիզում ծնված կոմպոզիտորը թավջութակի իր կոնցերտի մասին ասել է. «Իմ եռամաս թավջութակի կոնցերտն իր խորքում մի քանի տարրերի միաձուլում է: Դրանք սկիզբ են առնում իմ կյանքի մշակութային արմատներից. ես նախ եւ առաջ ծագումով հայ եմ, ապա ֆրանսիացի եմ՝ ըստ ծննդավայրի, եւ արգենտինացի՝ իմ անձի ձեւավորման առումով, քանի որ պատանեկությունս անցել է Բուենոս Այրեսի արվարձանում: Դրանից հետո միայն՝ քսաներկու տարեկանից, ապրել եմ ԱՄՆ-ում: Այս ազդեցություններից է մշտապես հղկվել իմ երաժշտական լեզուն: Իմ ստեղծագործությունների մեծ մասում արեւելյան ու արեւմտյան ավանդույթները փոխակերպվում են այնպիսի երաժշտական լեզվի, որ բնորոշ է հենց իմ ներաշխարհին»:
Փառատոնի փակմանը հնչել է նաեւ Ադամ Խուդոյանի Թավջութակի թիվ 2 կոնցերտը, որը հայ կոմպոզիտորական դպրոցի ամենադրամատիկ կոնցերտներից մեկն է։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն առաջին անգամ կատարել է Մարտին Ուլիխանյանի «Լամենտո» ստեղծագործությունը թավջութակի եւ լարային նվագախմբի համար, որը նվիրված է արցախյան պատերազմում նահատակված հերոսների մայրերին։
Նվագախմբի հետ ելույթ է ունեցել թավջութակահար Արամ Թալալյանը։
Համերգային ծրագիրն ամփոփվել է եւս մեկ պրեմիերայով. հնչել է անվանի կոմպոզիտոր Միխայիլ Կոկժաեւի «Ալպիական դիմակահանդես» սիմֆոնիկ պատկերը, որը հեղինակը գրել է երեք տարի առաջ։
Համերգը ղեկավարել է դիրիժոր Ռուբեն Ասատրյանը։ Դիրիժորը, խոսելով Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի նշանակության մասին, շեշտել է, որ այն մեծ դեր է կատարում մեր մշակութային կյանքում։ Այժմ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, նախաձեռնելով Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, շարունակում է այդ արժեքավոր գործը։ Դիրիժորը կարեւորում է այն փաստը, որ փառատոնի շրջանակներում բազմաթիվ պրեմիերաներ են ներկայացվում։
ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ՉԷ
Ֆրանսիայի ավարտված առաջնության բրոնզե մեդալակիր «Մոնակոն» հետաքրքրված չէ Հայաստանի ազգային հավաքականի եւ իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 32-ամյա ֆուտբոլիստն իր գործակալ Մինո Ռայոլայի հետ մեկնել է Մոնտե Կառլո, որտեղ իտալացի գործակալն ունի առանձնատուն: Նշվում էր, որ «Մոնակոն» եւս հետաքրքրված է Հենրիխ Մխիթարյանով: Որպես պոտենցիալ նորեկների՝ «Մոնակոն» դիտարկում է 23-24 տարեկան խաղացողների: Չի բացառվում, որ Հենրիխ Մխիթարյանի ծառայություններն առաջարկել են ակումբին, սակայն նա չի համապատասխանում նրանց պահանջներին: Մխիթարյանի ու «Ռոմայի» միջեւ բանակցությունները շարունակվում են գործող պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ: