ՔՈՉԱՐՅԱՆԸ ԳԾԱԳՐՈՒՄ Է ՄԵԾ ԿՈԱԼԻՑԻԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուզենք, թե չուզենք, Ռոբերտ Քոչարյանի վերադարձի թեման կուլիսային մակարդակով քննարկվում է: Իսկ վերադարձը նախապատրաստող թիմն ինտենսիվորեն զբաղված է հանրային պահանջարկի ձեւավորմամբ:Արդեն մի քանի ամիս է`  Ռոբերտ Քոչարյանը տարբեր սոցհարցումներ է պատվիրում: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` վերջին հարցումներն այսպիսի բովանդակություն են ունեցել. «Եթե լինեին նախագահական ընտրություններ, ապա ո՞ւմ կընտրեիք` Ռոբերտ Քոչարյանի՞ն, Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ Լեւոն Տեր-Պետրոսյանին»: Ինչպես փոխանցում են անմիջապես քոչարյանամերձ շրջապատից` փակ հարցումների արդյունքները Ռոբերտ Քոչարյանի համար խիստ ուրախացուցիչ են եղել. մարդկանց մեծ մասն ասել է` Ռոբերտ Քոչարյանին: Սակայն մեկ այլ, ավելի արժանահավատ տեղեկության համաձայն` իրականում մարդկանց մեծ մասն ասել է` ոչ մեկին:  Նույն Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի կողմից վերջին շրջանում աշխատանքներ են տարվում նաեւ անհատ համախոհներ գտնելու համար: Այսինքն` այն մարդիկ, որոնք ՍերԺ Սարգսյանից ինչ-որ պատճառներով նեղացած են, գնահատված չեն համակարգի կողմից, քոչարյանականների «ծուղակում» են հայտնվում, որոնք ներշնչում են, թե երկրորդ նախագահը առաջվա նման տիրապետում է իրավիճակին, այսինքն` իրեն զեկուցում են ամեն ինչի մասին: Բացի այդ, Քոչարյանն, ի տարբերություն Սարգսյանի, որն իր կողմնակիցներին պետք եղած տեղը «փուռն է տալիս», «ատամներով պահում» էր իր թիմին եւ անգամ հանրահայտ Կուկուին «չհանձնեց»: Այսինքն` իշխանիկները նրա օրոք իրենց ապահով էին զգում:Ինչ վերաբերում է ծրագրված վերադարձի  ձեւին, ապա խորհուրդ տրվեց ծանոթանալ Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույցին: Հիշեցնենք, որ այնտեղ  «Բարգավաճ  Հայաստան»-ի ղեկավարը, բացի այն, որ չի պատասխանում հարցին, թե ում են սատարելու նախագահական հաջորդ ընտրություններին («այս մասին` հաջորդ դասին»), եւ ասում է, որ Ռոբերտ  Քոչարյանը  վերադարձի բարոյական եւ քաղաքական իրավունք ունի, այլեւ գալիք խորհրդարանական ընտրությունների համատեքստում բաց տեքստով խոսում է նախ համախմբողի դերը ստանձնելու պատրաստակամության, ապա ինչ-որ կոալիցիայի մասին. «Այս վիճակից դուրս գալու համար երկրին անհրաժեշտ է ավելի մեծ կոնսոլիդացիա, համախմբում, քան նույնիսկ այսօրվա կոալիցիան է»:  Ըստ երկրորդ նախագահի պլանների` Գագիկ Ծառուկյանի մատնանշած «համախմբվածությունը» կամ կոալիցիան կձեւավորվի ԲՀԿ-ով, ՀՅԴ-ով: Անգամ նշվեց, որ քննարկվում է «Ժառանգության»-ը կոալիցիա մտցնելու հարցը: Սակայն «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանին զարմացրեց ու զայրացրեց նշված զարգացման հավանականությունը. «Դա էնքան անհավանական է, որ զարմանում եմ` էդ ո՞ր գլխում կարող է այդպիսի միտք ծագել: Էդ գլուխը, որտեղ ծագել է էդ միտքը, նորմալ գլուխ չէ: Շատ կարճ եմ ասում` բացառված է»: Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանն էլ ասաց, որ ոչինչ չունի ավելացնելու նրան, ինչ ասվել է ԲՀԿ ղեկավարի վերջին հարցազրույցում: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանն էլ արձանագրեց, որ առայժմ եղել է վարկած, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է վերադառնալ քաղաքականություն: «Անգամ վերադարձը չի նշանակում, որ վաղը Դաշնակցությունը պիտի կանգնի իր կողքին, որովհետեւ եթե ժամանակին կանգնել է, կանգնել է ծրագրերի համար, կանգնել է էն բարեփոխումների համար, որ Քոչարյանը ներկայացրել է երկրի համար ճգնաժամային պահին»,-ասաց դաշնակցական պատգամավորը: Իհարկե, առայժմ նախատեսված սցենարների մասին որեւէ մեկը լիազորված չէ որեւէ հայտարարություն անել, քանի որ դեռ մի քանի ամիս կա մինչեւ ԱԺ ընտրությունների քարոզարշավի մեկնարկը: Բայց նույն Քոչարյանի մերձավորներն իրավիճակից դուրս գալու միակ ելքը տեսնում են նոր կոալիցիայի տպավորիչ ձայների հավաքման մեջ, որի միջոցով Քոչարյանը կարող է մտնել խորհրդարան, ապա կառավարություն` վարչապետի կարգավիճակով: Ըստ Սահմանադրության` վարչապետն ավելի մեծ լիազորություններ ունի, քան ՀՀ նախագահը: Ինչ վերաբերում է Ծառուկյանին, որի բիզնեսների վրա հարձակումների հավանականությունը մատնանշելով` որոշ փորձագետներ ասում են, թե նա դուրս չի գա Սերժ Սարգսյանի դեմ, ապա Քոչարյանն իր խորհրդով այդ հարցն էլ է լուծել: Նա հայտնի հուշագրի ստորագրումից հետո ԲՀԿ ղեկավարին ընդգրկել տվեց Անվտանգության խորհրդում` ապահովագրելով հնարավոր վտանգներից: Իսկ չստորագրել չէր կարող, քանի որ ժամանակ շատ կար` իրեն ոչնչացնելու համար: Այսպիսով` Քոչարյանն իր վերադարձի համար ռեալ քաղաքական, ֆինանսական ու մարդկային ռեսուրսների հավաքագրման գործընթացից առայժմ գոհ է: Միայն երեկ նրա սցենարը փոքր-ինչ «հարամեց» վարչապետ Տիգրան Սարգսյանը` հայտարարելով, որ Քոչարյանն ու Սարգսյանը մտերիմ ընկերներ են, իրար թեւ ու թիկունք: Այսինքն` Քոչարյանի ընդդիմադիր կեցվածքով վերադառնալու հարցը գոնե երեկ փակվեց: Բայց չնայած սրան, ակնհայտ է, որ Քոչարյանի վերջին հայտարարությունից հետո Սերժ Սարգսյանի թիմը մի քիչ ավելի է անհանգստացած, քան սովորաբար: Այլ խոսքով` Սարգսյանի թիմը, գնահատելով իրավիճակը, վտանգ է զգում:ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս