ArmLur.am-ի հետ զրույցում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, անդրադառնալով դատարանի որոշմանը, ասաց.
«Ես միշտ հավատացել եմ արդար դատարաններին, իսկ որոշման մասին ոչինչ այս պահին ասել չեմ կարող, քանի որ դեռ չեմ ստացել որոշումը, երբ այն ստանամ առավել ծավալուն կանդրադառնամ: Ինչպես հայտնի է, երեկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Հարությունյանի, բավարարեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի (լիազորությունները կասեցված են) բողոքը իրեն՝ որպես մեղադրյալ ներգրավելու որոշման դեմ և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրեց վերացնել բողոքաբերի իրավունքների և օրինական շահերի խախտումը:
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանի դեմ ապրիլի 12-ին հաղորդում է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդեն նախկին դատավոր Անդրանիկ Սիմոնյանը։ Վերջինս այս պահին ԱԱԾ պետի տեղակալ է։ Հաղորդման մեջ, մասնավորապես, նշվել է, որ Վարդազարյանը 2020 թվականին միջամտել է դատավոր Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը։ Ապրիլի 13-ին դատախազը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով, այսինքն` արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը, որը կատարվել է անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով։ Ապրիլի 14-ին որոշում է կայացվել Ռուբեն Վարդազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և Վարդազարյանը դատական կարգով բողոքարկել է իրեն մեղադրանք առաջադրելու որոշումը: Բողոքի հիմքում դրված հիմնական խնդիրներից մեկը Վարդազարյանի՝ իբրև դատավորի անձեռնմխելիությունը չհաղթահարելուն էր վերաբերում։
Գործող օրենսդրությամբ այս որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, եւ այն պետք է կարճվի: Ասել է թե՝ ԲԴԽ նախագահին մեղադրյալ ներգրավվելու որոշումը պետք է չեղարկվի եւ քրեական գործն էլ կարճվի:
Քնար Մանուկյան