ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկ կառավարությանը հարց ուղղեց մի հրապարակման վերաբերյալ: «ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ Հայաստան կտեղափոխվի 3500 արեւմտահայ»,-Վահան Հովհաննիսյանի առաջին նախադասությունից եւ նրա դեմքի արտահայտությունից կառավարությունը, ինչպես նաեւ խորհրդարանը, զսպված փռթկացնում էր` ակնհայտորեն ըմբոշխնելով հարց ու պատասխանի շարունակությունը: Պարզվում է` անկախության հոբելյանական տարվա կապակցությամբ մեկնարկել է «Հայաստան 3500» խորագիրը կրող ծրագիր, որի նպատակն է աջակցել սփյուռքում գտնվող հայերի վերաբնակեցմանը Հայաստանում եւ ԼՂՀ-ում: Ծրագրի հեղինակային իրավունքը պատկանում է «Հայաստան 3500» նախաձեռնող խմբին, որոնք վստահ են, որ դրա իրագործումը կնպաստի ՀՀ տնտեսության զարգացմանը, քանի որ նախաձեռնության կազմակերպիչների հաշվարկներով` հայերը միջինը հիսուն հազար ԱՄՆ դոլար կբերեն իրենց հետ. «Այս գումարը նրանք կծախսեն բնակարանների ձեռք բերման համար կամ կներդնեն բիզնեսում: Տվյալ դեպքում այդ ծրագրի շնորհիվ Հայաստան մուտք կգործի 175 միլիոն դոլար»: Քանի որ այս տեղեկատվությունը տեղադրված է նաեւ ՀՀ սփյուռքի նախարարության կայքում, ՀՅԴ խմբակցության ղեկավարը նախարար Հրանուշ Հակոբյանից հետաքրքրվեց, թե դա ինչ խումբ է, եւ ամենակարեւորը` «Հայաստանը դու ես, եթե ունես հիսուն հազար դոլա՞ր»: Նախարարը, ի պատասխան, ասաց` «թերթեր են` գրում են»: Վահան Հովհաննիսյանն էլ հիշեցրեց, որ այդ անհեթեթությունը նրանց կայքում է դրված:
ԳՐԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ