«Չէին սպասում» հաղորդման հեղինակ, վարող Սուրեն Շահվերդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոսել է իր՝ քաղաքականություն մտնելու, հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների մասնակցելու մասին: Շահվերդյանը նշել է, թե ինչու է որոշել ընդգրկվել ՀԱԿ նախընտրական ցուցակում, ու որոնք են լինելու առաջիկայում իր անելիքները:
Հիշեցնենք, որ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ընտրացուցակը գլխավորում է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Երկրորդ համարը կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն է, երրորդ համարը Ինեսա Գաբայանն է: ՀԱԿ-ը ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի որպես մեկ կուսակցություն։ Ցուցակը կազմված է 101 թեկնածուից։ ՀԱԿ-ի հաջորդ համարներն են Հայկ Մաղաքելյանը, Բագրատ Ասատրյանը, Աննա Գեւորգյանը, Արման Մուսինյանը, Սամվել Աբրահամյանը, Կարինե Յարալյանը, Գրիգոր Գրիգորյանը, Արամ Մանուկյանը, Տաթեւիկ Զորյանը եւ Տիգրան Պասկեւիչյանը, Շահվերդյան Սուրենը, Մամյան Զարուհին, Հարությունյան Վարդանը, Խաչատրյան Արմենը, Ադամյան Եվան, Ավետիսյան Արամայիսը, Գրիգորյան Ռաֆայելը, Ղազարյան Մարգարիտան, Մարտիրոսյան Միքայելը, Թամազյան Սարգիսը, Հարությունյան Կարինեն, Մալխասյան Վարդանը, Բարեղամյան Արամը, Ավետիսյան Իրինան, Գրիգորյան Մուրադը, Գալստյան Տիգրանը, Մեխակյան Եպրաքսյան, Ավետիսյան Պերճը, Գալստյան Արտաշեսը, Թառլամազյան Լիլիկը, Հովհաննիսյան Վոլոդյան, Հովհաննիսյան Սեդրակը, Պետրոսյան Հասմիկը, Սաղաթելյան Արտակը, Հակոբյան Ալեքսանը, Առաքելյան Լուսինեն, Գրիգորյան Ավետիքը, Մանուկյան Աշոտը, Հովհաննիսյան Նարինեն, Ղուկասյան Արշավիրը, Վարդանյան Դավիթը, Յորդեկյան Սոֆյան, Կարաբեկյան Սամվելը, Անդրեասյան Բագրատը, Ղազարյան Նունեն, Խաչատրյան Տիգրանը, Գեւորգյան Գեւորգը:
-Պարո՛ն Շահվերդյան, Դուք որոշում եք կայացրել մասնակցել հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին. ինչու՞ նման որոշում կայացրեցիք:
-Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, որը հասկանում է, որ երկիրը կանգնել է փակուղու առաջ եւ անելանելի վիճակում է, պետք է իր լուման ներդնի, որպեսզի իրավիճակը կայունացնի, եւ որպեսզի միասին դուրս գանք այս կոլապսից:
-Ի՞նչ ակնկալիքով եք մասնակցում ընտրություններին, ինչու՞ ՀԱԿ նախընտրական ցուցակով:
-Ընտրել եմ Հայ ազգային կոնգրես, քանի որ սա հիմա միակ ուժն է, որ կարող է երկիրը դուրս բերել այս իրավիճակից: Ես սա հենց այնպես չեմ ասում: Հիմնվում եմ այն դեպքով, երբ նմանատիպ իրավիճակ եղել է 30 տարի առաջ, եւ ՀԱԿ-ը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, հաղթանակած դուրս է եկել նմանատիպ վիճակից: Դա է պատճառը, որ ՀԱԿ եմ ընտրել:
-Փաստորեն, որոշել եք քաղաքականությամբ զբաղվել, արդյոք թողնելու եք Ձեր հիմնական աշխատանքը ու կենտրոնանալու եք քաղաքական դաշտում գործունեություն իրականացնելու վրա՞:
-Սա երկրի փրկության հարց է, եւ ես կարծում եմ, որ անհետաձգելի հարց է: Այն պահից, երբ երկրում վիճակը հանդարտվի եւ կայունանա, հաջորդ օրն իսկ ես կվերադառնամ իմ գործին եւ կզբաղվեմ արվեստով եւ թատրոնով:
-Դուք մասնակցելո՞ւ եք նախընտրական քարոզարշավին: Ինչպիսի՞ քարոզչություն եք իրականացնելու, գյուղ առ գյուղ, տուն առ տուն շրջելո՞ւ եք:
-Մասնակցելու եմ քարոզարշավին, հնարավորինս աջակցելու եմ մեր թիմին, որպեսզի հաղթենք: Թե ինչպիսին է լինելու ձեւաչափը, մոտ ապագայում բոլորը կիմանան:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՉԾԱՌԱՅԱԾՆԵՐԸ ՀԱՅՐԵՆԻՔ ԵՆ ՓՐԿՈՒՄ
Քաղաքական ուժերն արդեն հրապարակում են նախընտրական ցուցակները: ArmLur.am-ը գրել էր, որ քաղաքական ուժերի ցուցակներում մեծ թիվ են կազմում բանակում չծառայածները:
«Հայաստան» դաշինքի առաջին 20-ում ընդգրկված արական սեռի 14 ներկայացուցիչներից 7-ը չեն ծառայել բանակում: Իսկ ովքե՞ր են նրանք՝ ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյան, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյան, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյան, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյան, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյան, տնտեսագետ Անդրանիկ Թեւանյան եւ բժիշկ Արմեն Չարչյան:
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին 20 համարներում նույնպես չծառայածներ կան: Նախ նշենք, որ 20-յակն ունի հետեւյալ տեսքը՝ Փաշինյան Նիկոլ; Միրզոյան Արարատ; Մակունց Լիլիթ; Պապիկյան Սուրեն; Սուքիասյան Խաչիկ; Նազարյան Լենա; Սիմոնյան Ալեն; Պետրոսյան Ռոմանոս; Դավոյան Արփինե; Թորոսյան Արսեն; Հարությունյան Արայիկ; Բաղդասարյան Նազելի; Ռուբինյան Ռուբեն; Արսենյան Գուրգեն; Ավանեսյան Անահիտ; Մելքոնյան Գագիկ; Արշակյան Հակոբ; Տիգրանյան Հերիքնազ; Կոնջորյան Հայկ; Փամբուխչյան Արմեն: Այսպիսով, բանակում չեն ծառայել Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Խաչատուր Սուքիասյանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Կոնջորյանը: Այսինքն՝ ՔՊ-ի ցուցակի 14 հոգուց բանակում չեն ծառայել 5-ը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հրապարակել է եւ ԿԸՀ է ներկայացրել կուսակցության ընտրացուցակը։ Այն գլխավորում է Գագիկ Ծառուկյանը: Ցուցակն ունի հետեւյալ տեսքը. Գագիկ Ծառուկյան; Միքայել Մելքումյան; Իվետա Տոնոյան; Դավիթ Սիմոնյան; Կարապետ Գուլոյան; Շաքե Իսայան; Քաջիկ Գեւորգյան; Արման Աբովյան; Լուիզա Սարգսյան; Դավթյան Հրանտ; Օքմինյան Սուրեն; Առուստամյան Նորա; Ստեփանյան Տիգրան; Ծառուկյան Արտյոմ; Նասիբյան Մայրանուշ; Մադաթյան Հրանտ; Հարությունյան Արսեն; Վիրաբյան Հասմիկ; Դավթյան Դավիթ; Մինասյան Կառլեն:
ԲՀԿ առաջին երկու համար Գագիկ Ծառուկյանն ու Միքայել Մելքումյանը ծառայել են խորհրդային բանակում: Չորրորդ համար Դավիթ Սիմոնյանի կենսագրական տվյալները առկա չեն: Ընտրացուցակի հինգերորդ համարը Կոտայքի նախկին մարզպետ, Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանն է, ում պաշտոնական կենսագրության մեջ նրա ծառայելու մասին տվյալները բացակայում են:
ԱԺ պաշտոնական կայքի տվյալներում յոթերորդ համար Քաջիկ Գեւորգյանի կենսագրությունում եւս չկա նրա ծառայած լինելու մասին որեւէ տվյալ: Նման տեղեկություններ չկան նաեւ Արման Աբովյանի, Հրանտ Դավթյանի, Ստեփանյան Տիգրանի, Արտյոմ Ծառուկյանի կենսագրություններում: 16-րդ համար Հրանտ Մադաթյանը ծառայել է խորհրդային բանակում, իսկ առաջին 20-ում ընդգրկված արական սեռի մյուս ներկայացուցիչների պաշտոնական կենսագրությունները դեռ բացակայում են:
Իհարկե, բանակում չծառայածներ կարող են լինել նաեւ ցուցակի մյուս հորիզոնականներում եւս: Սակայն հատկապես այս իրավիճակում, երբ երկիրը պատերազմական վիճակում է, բանակում չծառայածները չպետք է գերակշռեն որեւէ ուժի ցուցակներում:
Հ. Գ. Ցանկը՝ շարունակելի…
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՆԴԻՊՈՒՄ «ԿԱՆՅԱՉՆԻՈՒՄ»
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ նախօրեին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Երեւանի գինու, օղու կոմբինատի շենքում (Կանյաչնի) հանդիպում է ունեցել ԲՀԿ ակտիվի հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ Ծառուկյանը հանդիպման է հրավիրել տարբեր վարչական շրջանների պատասխանատուներին, ինչպես նաեւ ԲՀԿ շտաբների ղեկավարներին: Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Գագիկ Ծառուկյանը խոսել է ԲՀԿ-ի նախընտրական ծրագրերից, կազմակերպչական հարցերից ու ներկայացրել է այն տեսլականը, որով առաջնորդվելու են հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ: Ըստ մեր տեղեկությունների՝ ԲՀԿ-ի 20-յակում ընդգրկված են լինելու ԲՀԿ-ի մարզային շտաբների ղեկավարները, որոնք խոստացել են շատ ակտիվ աշխատել ու ձայներ բերել ԲՀԿ-ի համար: Դա է նաեւ պատճառը, որ ԲՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչները դուրս են մնացել նախընտրական ցուցակից կամ էլ ընդգրկվել են ցուցակի վերջնամասերում:
Հիշեցնենք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արթուր Գրիգորյանը նախընտրական ցուցակում չեն լինելու, իսկ ԲՀԿ նախընտրական շտաբը ղեկավարելու է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Վարդանյանը:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Հակառակորդը նույն դիրքերում տեղակայված է, ոչ մի փոփոխություն չկա: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող Խոզնավար համայնքի ղեկավար Վարո Գրիգորյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզի սահմանային իրավիճակին: «Գյուղի տղամարդիկ գյուղի մեջ հերթապահություն են անում, խոտհարք չկա, անասուններին արոտավայր չկա, չգիտեմ՝ ինչ կլինի, շատ վատ վիճակում ենք հայտնվել»,-նշեց նա: Հիշեցնենք, որ 2021թ. մայիսի 20-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ առանց թույլտվության հատել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող Խոզնավար գյուղի հատվածում պահպանվող պետական սահմանը:
Նրանք մոտ 1.5 կմ առաջացել են ՀՀ տարածքով, դիրքավորվել եւ նրանց մոտեցած ՀՀ ԶՈւ զինծառայողների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցրել, հայտնել են, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանի Հանրապետությանը, առաջանալու դեպքում սպառնացել են կրակ արձակել: Դրանից հետո ՀՀ ԶՈւ զինծառայողներին հաջողվել է նրանց հետ ուղարկել ելման դիրքեր: