Մայիսի 7-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազութունը հայտնել էր, որ հայտնաբերել եւ ձերբակալվել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը:
ArmLur.am-ին հայտնի է դարձել, թե ով է արդեն կալանավորված «օրենքով գողը»: Վերջինս «օրենքով գող» Ժիրայր Բրուտյանն է՝ բոլորին հայտնի Ժիրայր Շահումյանսկին, որին Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել, եւ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Սակայն մինչ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պայքարում է «օրենքով գողերի» դեմ, եւ նախաքննական մարմիններն էլ ակտիվ կերպով կալանավորում են «օրենքով գողերին», դատարանը նրանց ազատ է արձակում:
«Օրենքով գող» Ժիրայր Բրուտյանը ազատ է արձակվել:
Իսկ ի՞նչ էր արել նա: Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ փաստական տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող ժիրայր Շահումյանսկին ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» ՔԿ հիմնարկի 3-րդ մասնաշենքում այսպես կոչված «զոն նայող» հանդիսացող, «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ս.Ա.-ին հանձնարարել է ծեծի ենթարկելու միջոցով պատժել Արմավիրի բերդում պահվող կալանավորված անձին, իսկ այնուհետեւ իր հանձնարարությունը չկատարելու համար նախաձեռնել է իր հանձնարարությունը չկատարած հիշյալ այսպես կոչված «զոն նայողի» կարգավիճակ ունեցող անձին փոխարինելու գործընթաց։
Այդ նպատակով նա հանձնարարել է Կ.Հ. մականվամբ հայտնի անձին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի երրորդ մասնաշենքում քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով առաջնորդվող, «իրենց խոսքը պահող նորմալ մարդ» գտնել: Այդ հանձնարարության կատարմանը Կ.Հ. մականվամբ հայտնի անձը ներգրավել է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի 6-րդ մասնաշենքի «զոն նայող» Ա.Բ.-ին, ով երաշխավորել, ապա առաջարկել է քրեակատարողական հիմնարկում պահվող Պ. մականվամբ անձի թեկնածությունը, ով ժամանակավորապես ստանձնել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 3-րդ մասնաշենքում այսպես կոչված «զոն նայողի» գործառույթները եւ 20 օրվա ընթացքում երեք անգամ ծխախոտի, ուտելիքի եւ այլնի տեսքով դրսից բերված «գրեֆներ» է բաժանել քրեակատարողական հիմնարկի 3-րդ մասնաշենքում պահվող կալանավորված եւ դատապարտված անձանց, նույն մասնաշենքում պահվող կալանավորված եւ դատապարտված անձանց հանձնարարել է անկարգություններ իրականացնել:
Ի դեպ, ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ այս քրեական գործը կրկին քննում է Քննչական կոմիտեի ՀԿԳ քննիչ Մարգարյանը, որին դեռեւս անցած տարի քրեական ենթամշակույթի դեմ անխոնջ պայքար մղելու համար գնդապետի կոչում էին տվել, որ համարձակություն էր ունեցել «օրենքով գողերին» դեմ դուրս գալ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ԿԱՇԱՌՔԻ ԳՈՐԾԻՑ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ Ա.Ն-ն 2021թ. մարտին պաշտոնատար անձ հանդիսացող, նույն ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ, արդարադատության մայոր Ա.Հ-ին խնդրել է որդուց ստանալ եւ իրեն փոխանցել կալանավորվածներին պահելու վայրերի եւ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով արգելված բջջային հեռախոսներ, վերջիններիս համար նախատեսված պարագաներ եւ ընդհանուր օգտագործման հեռախոսային ապարատի քարտ՝ խոստանալով ակնհայտ ապօրինի հիշյալ գործողության համար կաշառք տալ, որն ընդունվել է պաշտոնատար անձի կողմից:
Այնուհետեւ Ա.Ն-ն, պարտավոր լինելով դաստիարակելու իր անչափահաս երեխային՝ Վ.Ն-ին, պատասխանատվություն կրելով նրա դաստիարակության եւ զարգացման համար, օգտագործելով որպես ծնող անչափահաս որդու մոտ ունեցած հեղինակությունը, ՔԿՀ-ից զանգահարել է նրան՝ պատվիրելով հանդիպել Ա.Հ-ին եւ նրան տալ նշված արգելված առարկաներն ու կաշառքի գումարը՝ այդկերպ անչափահաս որդուն ներգրավելով հանցագործության՝ կաշառքի միջնորդության կատարմանը: Արդյունքում անչափահաս որդու միջնորդությամբ Ա.Ն-ն 2021թ. մարտի 17-ին եւ 18-ին Ա.Հ-ին է տվել կաշառքի գումարը, որի դիմաց վերջինս Վ.Ն-ից ստացել եւ դատապարտյալ Ա.Ն-ին է փոխանցել մի շարք արգելված առարկաներ, որոնց մի մասը Ա.Հ-ի մոտ հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ եւ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից իրականացրած համատեղ միջոցառումների արդյունքում:
Բացի այդ, Ա.Հ-ն, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, դատապարտյալ Ա.Ն-ի հետ ունեցած հարաբերությունները պահպանելու եւ ամրապնդելու շարժառիթով կատարել է ակնհայտ ապօրինի գործողություն եւ 2021թ. մարտի 15-ին «Արմավիր» ՔԿՀ է տեղափոխել ու վերջինիս հանձնել արգելված առարկաներ՝ երկու բջջային հեռախոս, Wi-Fi համացանցային կապի շարժական մոդեմ եւ հեռախոսի լիցքավորիչ՝ այդպիսով էական վնաս պատճառելով ծառայության հեղինակությանն ու օրինական շահերին: 2021թ. մայիսի 26-ին հիշատակված 3 անձանց մասով քրգործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին այն հաստատելու եւ դատարան ուղարկելու նպատակով։
ԿԱԶԱՏԱԶՐԿԵ՞Ն
ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբորը ցանկանում են ազատազրկման դատապարտել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մեղադրող դատախազը դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան նախկին պատգամավորի եղբոր գործով: Իսկ ինչի՞ համար էր Մելիք Մանուկյանի եղբայրը հայտնվել դատարանում:
Ինչպես հայտնի է, 2019թ. օգոստոսի 2-ին Երեւան-Սեւան մայրուղու 15 կմ հատվածում Մելիք Մանուկյանի մեքենան փորձել էին պայթեցնել: Մելիք Մանուկյանի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը, մուտք էր գործել դեպքի վայր հանդիսացող, ժապավեններով սահմանազատված տարածք: Այնտեղ հիշյալ ավտոմեքենան տեղափոխելու հարցի վերաբերյալ վիճաբանության մեջ է մտել քննիչի եւ դեպքի վայրի տարածքի պահպանությունն իրականացնող ոստիկանության աշխատակիցների հետ, որի ընթացքում հայտարարել է, որ եղբոր ավտոմեքենան պետք է տեղափոխի իր նախընտրած տարածք։ Ապա չենթարկվելով նման վարքագիծը դադարեցնելուն ուղղված դեպքի վայրի պահպանություն իրականացնող ոստիկանների եւ քննիչի հորդորներին՝ դեպքի վայրի զննության մասնակից եղբոր՝ Մելիք Մանուկյանի անվտանգության աշխատակից Մարկոս Մարկոսյանին կարգադրել է «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան դուրս բերել դեպքի վայրից: Մարկոս Մարկոսյանը Ռոբերտ Մանուկյանի դրդմամբ գործի է դրել ավտոմեքենան եւ վարելու ընթացքում դեպքի վայրի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնության սպառնալիքի գործադրմամբ հատել է դեպքի վայրի սահմանազատման համար ամրացված ժապավենը, ավտոմեքենան դուրս բերել դեպքի վայրից ու հեռացել: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Արդյունքում դատարանը Մելիք Մանուկյանի եղբորը կատարած արարքի համար պատժել էր տուգանքով՝ 250 հազար դրամով: մեղադրող դատախազը դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան եւ պահանջում է Մելիք Մանուկյանի եղբորը ազատազրկման դատապարտել, այլ ոչ թե տուգանել:
ԳՈՒՄԱՐ Է ՀԱՓՇՏԱԿԵԼ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում բացահայտվել է մորաքրոջ բանակարանից կատարված գողության դեպքը: Վանաձոր քաղաքի 26-ամյա բնակչուհին, նախապես տեղյակ լինելով մորաքրոջ բնակարանում պահվող գումարի մասին, օգտվելով նրա տուն ազատ ելումուտ ունենալու հանգամանքից, 2021թ. մարտի 1-ից 14-ն ընկած ժամանակահատվածում այցելել է վերջինիս տուն եւ գաղտնի հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 3.800.000 ՀՀ դրամ գումար: Վանաձոր քաղաքի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: