ԽՆԴԻՐՆԵՐ ԵՆ ԱՌԱՋԱՑԵԼ ԴՊՐՈՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2021 թվականին մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացրել  Երեւանի թիվ 11 հատուկ դպրոց: Այս մասին տեղեկացրել է ՄԻՊ-ը: Այցի ընթացքում արձանագրված խնդիրներից են՝

 

դպրոցի տեղեկությունների համաձայն՝ նոր կորոնավիրուսային համավարակի (COVID-19) պայմաններում հեռավար եղանակով ուսուցման ընթացքում դպրոցի 14 երեխաներ դուրս են մնացել կրթությունից (այցի պահին դպրոցում սովորել է 85 երեխա): Այս խնդրի գլխավոր պատճառը երեխաների համար ինտերնետ կապի հասանելիության եւ հեռահաղորդակցության միջոցների բացակայությունն է: Այս մասին դպրոցը 2020թ. հունիսին գրավոր տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը եւ առաջարկել նոր ուսումնական տարում բաց թողնված նյութը լրացնել դպրոցում:

2020թ. նոյեմբերին դպրոցը նորից դիմել է նախարարություն՝ առաջարկելով անցնել առկա ուսուցման, քանի որ հեռավար եղանակով ուսուցումը դպրոցի սաների համար արդյունավետ չէ: Մասնավորապես, դպրոցի տեղեկությունների համաձայն՝ հեռավար ուսուցման համալիր heravar.armedu.am  կայքէջում հաշվի առնված չեն չափավոր եւ ծանր մտավոր խնդիրներ ունեցող երեխաների կրթական կարիքները, տեղադրված չեն նրանց համար մատչելի, հասանելի եւ կարիքներին համապատասխան ուսումնական, ուսումնամեթոդական նյութեր:  Առկա ուսուցման անցնելու առաջարկը հիմնավորվել է նաեւ նրանով, որ երեխաները շուրջօրյա գտնվում են դպրոցում եւ հանրային տրանսպորտից չեն օգտվում:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տվյալներով՝ նախարարությունը դպրոցի նշված նամակներին չի պատասխանել: Դպրոցում աշխատող մասնագետների թիմը, այդ թվում՝ հատուկ մանկավարժները, բավարար չեն երեխաների կրթության իրավունքը պատշաճ երաշխավորելու համար: Այսպես, այցի օրվա դրությամբ դպրոցում սովորող 85 երեխաների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքներն ապահովվել են 1 երաժիշտ-ղեկավարի, 2 հոգեբանի, 1 սոցիալական մանկավարժի, 2 հատուկ մանկավարժի, 1 լոգոպեդի եւ 1 բուժական ֆիզկուլտուրայի գծով հրահանգչի կողմից: Երեխաների խնամքի կազմակերպման հարցում աջակցում են նաեւ դայակները:

Դպրոցի անձնակազմի եւ երեխաների հետ առանձնազրույցները վկայում եմ, որ դպրոցում աշխատող մասնագետները չեն հասցնում պատշաճ կատարել իրենց աշխատանքը:

Լինում են դեպքեր, երբ մեկ դասարանի հետ աշխատող մասնագետն իր դասաժամին ստիպված է լինում օգնել մեկ այլ դասարանում դասավանդող մասնագետին, քանի որ վերջինս չի հասցնում միայնակ ապահովել երեխաների կրթական կարիքները կամ վարել դասը՝ երեխաներ վարքային դրսեւորումներով պայմանավորված: Նման դեպքեր են արձանագրվել նաեւ Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկման ընթացքում:

Աշխատողների համար վերապատրաստումներն արդյունավետ չեն դպրոցի եւ երեխաների իրական կարիքներին բավարարման տեսանկյունից:

Հարցն այն է, որ վերապատրաստումները հիմնականում իրականացվում են հանրակրթական ուսումնական հաստատությունների չափորոշիչների եւ ծրագրերի հիման վրա, ինչը ոչ միշտ է համապատասխանում հատուկ ուսումնական հաստատությունների կարիքներին: Արդյունքում մասնագետների շատ հարցեր եւ խնդիրներ լուծում չեն ստանում վերապատրաստումների ընթացքում:  Այս մասին են վկայում նաեւ դպրոցի անձնակազմի հետ առանձնազրույցները եւ վարչակազմի հետ քննարկումները:

Այցի ընթացքում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն ընտրանքային մեթոդով իրականացրել են դասալսումներ, առանձնազրույցներ երեխաների եւ դպրոցում աշխատող մասնագետների հետ, ուսումնասիրել են դասապլանների օրինակներ, երեխաների անհատական ուսումնական պլանները, անձնական գործերն ու մանկավարժահոգեբանական եզրակացությունները, կրթական նյութերը:

Այս ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ դիտարկված ոչ բոլոր երեխաների բժշկահոգեբանամանկավարժական գնահատումն է համապատասխանում նրանց կրթական իրական կարիքների եւ զարգացման հնարավորություններին:

Արձանագրվել են դեպքեր, երբ հատկապես ծանր մտավոր խնդիրներ ունեցող երեխաները ներգրավված չեն եղել դասապրոցեսին: Դեպքեր կան, երբ կոնկրետ երեխաների զարգացման հնարավորություններն ակնհայտորեն արդյունավետ չեն օգտագործվում, իսկ առաջարկվող վարժություններն ինքնանպատակ են, պարզապես զբաղեցնելու բնույթ ունեն:

Արձանագրվել են դեպքեր, երբ երեխաները դպրոց են հաճախում հիմնականում իրենց ընտանիքների սոցիալական վիճակի պատճառով, եւ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետների գնահատմամբ, չունեն տվյալ դպրոցում սովորելու կրթական կարիք: Այսինքն՝ լինում են դեպքեր, երբ ընտանիքը, գտնվելով կյանքի դժվարին իրավիճակում եւ չկարողանալով հոգալ երեխայի կենսական նվազագույն կարիքները, նրա խնամքը կազմակերպելու նկատառումով կրթության իրացման համար ընտրում է հատուկ դպրոց: Այս մասին են վկայում նաեւ երեխաների եւ դպրոցի անձնակազմի հետ առանձնազրույցները: Մինչդեռ պետությունը պետք է ապահովի երեխաների կրթական կարիքների իրական եւ արդյունավետ գնահատումը, ինչպես նաեւ ներդնի ընտանիքների սոցիալական կայունությունը խթանող ծրագրեր, որպեսզի բացառի սոցիալական դրդապատճառներով հատուկ դպրոցում սովորելու դեպքերը.

Այցի պահին արձանագրվել են, որ առկա են ժամկետանց դեղեր:

Դեղորայքը, այդ թվում՝ հոգեմետ, երեխաներին է տրամադրվում նրանց ծնողների բանավոր տեղեկության հիման վրա՝ առանց դեղատոմսի: Այս պրակտիկան պետք է բացառվի:

Պետք է  միշտ հավաստել, թե երեխային ինչ դեղեր, ում ցուցումով եւ նշանակումով են դրանք տրամադրվել, ինչպես նաեւ ծնողից պահանջել դեղատոմսը, երբ դա պարտադիր է.

Բուժանձնակազմի պնդմամբ՝ կատարվում է տարեկան սեզոնային գրիպի դեմ պատվաստում, որի մասին նախօրոք տեղեկացնում են երեխաների ծնողներին եւ ստանում են նրանց բանավոր համաձայնությունը:

Նշված խնդիրների մի մասն իրենց բնույթով համակարգային են, որոնց լուծման նպատակով պետությունը պարտավոր է ձեռնարկել հրատապ եւ արդյունավետ քայլեր:

 

 

ՀԱՎԱՔՎԵԼ ԷԻՆ ԴԻԱՀԵՐՁԱՐԱՆԻ ԴԻՄԱՑ

Երեկ անհետ կորած զինծառայողների ծնողները Մխիթար Հերացի փողոցում՝ դիահերձարանի դիմաց, ակցիա էին իրականացնում՝ հայտարարելով, որ երկու օր առաջ բացահայտել են, որ Արցախից Հայաստան բերված զոհվածների մարմինների թվերի մեջ անճշտություն կա:

 

Հարազատներից Արսեն Ղուկասյանի խոսքով՝ նոյեմբերի 23-ին Արցախի դիահերձարանից 21  մարմին է բերվել, բայց նշված թվերում ասվում է, թե մոտ 200 մարմին անհայտ տեղում է եղել: «Տարբեր տեղերից մարմիններ են ի հայտ գալիս, որ ասում էի՝ տարբեր տեղեր են պահել մարմինները՝ մորգերի սառնարաններ եւ այլն: Մենք հենց հիմա փակում ենք Հերացին վերեւից եւ ներքեւից, պիտի բոլորդ շուտ գաք, որովհետեւ մեր երեխեքի մարմինները պահել են, հիմա քիչ-քիչ հանում են ու չեն մտածել, որ կոդերով սա կբացահայտվի: Այսօրվա դրությամբ 230 դիակ կա, մոտ 400-407 մասունք: Սրանից մի քանի օր առաջ մեզ լրիվ այլ տվյալներ էին տալիս»,-ասում է: Նշենք, որ ծնողները փակել էին Հերացի փողոցը, որը դժգոհություն էր առաջացրել վարորդների մոտ. արդյունքում վիճաբանություն է սկսվել ակցիայի մասնակիցների ու վարորդներից մեկի միջեւ:

Ըստ նրանց՝ ԴՆԹ թեսթի արդյունքում նրանց տալիս են իրենց որդիների մասունքները, իսկ հուղարկավորությունից հետո դարձյալ ասում, որ գտել են եւս մեկ մասունք։

 

 

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ

Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանը 2018թ. դեկտեմբերի 9-ին պատգամավոր  ընտրվեց  ռեկորդային 17 հազար 155 ձայնով։ Պատգամավորության թեկնածու եղած ժամանակ խոստանում էր պայքարել Հայաստանում հիվանդություն դարձած  խաղամոլության դեմ, համահեղինակ  դարձավ խաղատների մասին մի օրենքի, որը կիսատ-պռատ էր, այդպես էլ չլուծեց խաղատների հարցը։ Նշեմ, որ  Վիվառոյի  Վիգենը՝ Վիգեն Բադալյանը, Նիկոլ Փաշինյանի իշխանության հենարաններից է։  Սիփան Փաշինյանը՝ որպես պատգամավոր,  ակտիվ չէր, հիմա նրա անունը չկա ՔՊ ընտրական ցուցակում։ Սակայն Իջեւանում զարմացած են Սիփան Փաշինյանի  նախընտրական բարեգործություններից. նա մարդկանց փող է տալիս  բուժվելու, նրանց  տան տանիքը  նորոգելու եւ այլ գործերով։ Նախկինում էլ Սիփան  Փաշինյանը  Իջեւան քաղաքի  բարեկարգման հարցերով զբաղվում էր, սակայն  նա մարդկանց  անհատական աջակցություն   չէր ցուցաբերում, նրա բարեգործությունն այդքան  մեծ մասշտաբներ չուներ։

Իջեւանի նախկին քաղաքապետ Վարդան Ղալումյանի  օրոք  քաղաքի գիշերային լուսավորության ցանց է կառուցվել, հիմա Սիփան  Փաշինյանը գիշերային լուսավորության ցանցի  լամպերը փոխում է, Իջեւան քաղաքի շատ բնակիչներ կարծում են, թե Սիփան  Փաշինյանն է Տավուշի  մարզկենտրոնի  գիշերային լուսավորության ցանց  անցկացնում։ Որտեղի՞ց Սիփանին  գումարներ բարեգործությունների համար։ Որ իրեն հարցնես, կասի՝ բարեգործ, Ուկրաինայում բնակվող Անդրանիկ Ղազարյանն է տալիս։ Բա ինչո՞ւ  բարեգործ  Անդրանիկ Ղազարյանն այդ գումարները  իր անունից չի տալիս, այլ Սիփան  Փաշինյանի  միջոցով, նա ի՞նչ է ակնկալում դրա դիմաց։

Սիփան Փաշինյանի նախընտրական  ակտիվ  բարեգործությունները մտահոգություն են առաջացրել  խորհրդարանական  ընտրությունների պատրաստվող  ընդդիմադիր քաղաքական ուժերի շտաբներում, սակայն ընդդիմադիրները դեռ չեն որոշել, թե ինչպես պայքարել այդ երեւույթի դեմ։

 

 

ԱԹՍ-Ի ՓՈԽԱՐԵՆ՝ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՂՂԱԹԻՌ

Դոգ  մականունով Վարդան Ղուկասյանը համացանցում հայտնել է, որ Տավուշի մարզի  Չինչին գյուղի բնակիչներն անհանգստացած են, որ գյուղի վրա  ԱԹՍ-ներ են պտտվել։ Բերդ համայնքի մաս կազմող Չինչին գյուղի վարչական ղեկավար Կարեն Դարբինյանին հարցրի, թե  ինչ անօդաչու թռչող սարքեր են հայտնվել հայ-ադրբեջանական  սահմանից  բավական հեռու գտնվող Չինչին գյուղի երկնքում։ Նա հայտնեց, որ մոտ մեկ շաբաթ առաջ Չինչին գյուղի երկնքում հայտնվել է ռազմական ուղղաթիռ, որի մեջ Չինչինի բնակիչները տեսել են հայկական  բանակի  համազգեստով  զինվորականների։ Չինչինի վարչական ղեկավարն ասաց, որ իր համագյուղացիները  դրանից  խուճապի չեն մատնվել։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս