ՀՀ հաշվեքննիչ պալատը ստուգումներ է անցկացրել էկոնոմիկայի նախարարությունում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ստուգվել է Կոտայքի մարզի թվով 17 գյուղերը սպասարկող, անասնաբույժներին հանձնված եւ ծախսված պատվաստանյութերը։ Պարզվել է, որ 17 գյուղերից միայն չորս են ապահովված եղել Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի (ԳԾԿ) կողմից տրամադրված աշխատող սառնարաններով: Մնացած գյուղերում կամ բացակայել են տրամադրված սառնարանները կամ դրանք չեն աշխատել: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պատվաստանյութերը հիմնականում պահվել են անասնաբույժների անձնական սառնարաններում՝ օգտագործվող սննդամթերքի կողքին։
Մինչդեռ, անասնաբուժական դեղամիջոցները պետք է պահվեին համապատասխան ջերմային պայմաններում եւ պահանջվող ժամկետում օգտագործվեին: Օրինակ, Գեղաշեն գյուղ այցելության ժամանակ պարզվել է, որ պատվաստանյութը պահվում է նկուղում, այն դեպքում երբ տվյալ պատվաստանյութերի պահման համար նախատեսված է +2-ից +8 ջերմաստիճանային պայմանները, իսկ գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի կողմից տվյալ գյուղի անասնաբույժին տրամադրված սառնարանը առկա չի եղել։