ՓՈՂՈՑՆԵՐՆ ԱՆՁՐԵՎԻ ՏԱԿ ԵՆ ՍԱԼԻԿԱՊԱՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս լուսանկարները կատարվել են հոկտեմբերի 1-ի առավոտյան: Անձրեւն Իջեւան քաղաքի Իջեւանյան փողոցից քշել-բերել, Տավուշի մարզպետարանի առաջ գոյացրել էր ցեխի կույտեր: Մինչդեռ այդ փողոցը պետբյուջեի գումարներով արդեն նորոգված, սալիկապատված պիտի լիներ, ցեխն էլ չպետք է մարզպետարանի առաջ կուտակվեր:Հիշեցնենք, որ 2011թ. պետական բյուջեից 117 միլիոն 954 հազար դրամ էր հատկացվել Տավուշի մարզկենտրոնի Իջեւանյան, Երիտասարդական եւ  Մետաղագործների փողոցների հիմնանորոգման համար: Հիմնանորոգման աշխատանքների մրցույթում շահել էր «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն: Ապրիլի 18-ին Տավուշի մարզպետարանը եւ «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն հիշյալ 3 փողոցների հիմնանորոգման պայմանագիր են կնքել: Ապրիլի 20-ից այդ փողոցների նորոգման աշխատանքները սկսվեցին: Մեկ ամիս էլ չէր անցել` մայիսի 5-ին, «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ տնօրեն Բորիս Սարգսյանի անունով Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին նամակ է ուղարկվել` պահանջելով դադարեցնել շինարարական աշխատանքները, քանի որ դրա համար ՓԲԸ-ն շինթույլտվություն չունի: Խնդիրը 3 անգամ քննարկվել է Իջեւանի ճանապարհաշինական ձեռնարկության եւ քաղաքապետարանի մասնակցությամբ, բայց լուծում չի ստացել: Ի վերջո, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի միջնորդությունից հետո որոշվեց, որ Երիտասարդական եւ Մետաղագործների փողոցների հիմնանորոգումը կկատարի «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն: Իսկ Իջեւանյան փողոցի նորոգման համար նոր մրցույթ անցկացվեց, որտեղ հաղթող ճանաչվեց «Քարարտ» ՓԲԸ-ն:«Քարարտ» ՓԲԸ-ի կողմից  իրականացվող ծրագրի արժեքը կազմում է 43 միլիոն 800 հազար դրամ, եւ աշխատանքներն էլ սեպտեմբերի 7-ից մեկնարկել են: Ընկերությունը պետք 3000 քառակուսի մետր տարածքը սալիկապատի արդեն աշնանային անձրեւների ընթացքում: Բացի այդ, իջեւանցիները բողոքում են, որ «Քարարտ»-ն Իջեւանյան փողոցի սալիկապատման գործում ճանապարհի հիմքը լավ չի ամրացնում` «կատոկի» փոխարեն օգտագործելով հողով լցված բեռնատար: Սակայն «Քարարտ»-ի աշխղեկ Սեյրան Սարիբեկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ժխտեց դա` ասելով, թե իրենք «կատոկ» են օգտագործում: Ս.Սարիբեկյանի խոսքերով` ըստ պայմանագրի` «Քարարտ»-ն  այդ փողոցի սալիկապատումը պետք է կատարի 6 ամսվա ընթացքում: Այսինքն` սալիկապատումը կավարտվի փետրվարին: Պատասխանատուն, բնականաբար, Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանն է, ով ամռանը` հուլիս-օգոստոս ամիսներին, ընտանիքով գտնվում էր արտերկրում եւ մրցույթ հայտարարելու ժամանակ չուներ: Այդ պատճառով Իջեւանյան փողոցի հիմնանորոգման մրցույթն ուշ հայտարարվեց: Եւ այսօր շինարարներն անձրեւին, ցրտին, ցեխերի մեջ պետք է աշխատանքներ իրականացնեն: Հետո էլ ասում են, թե ինչու են ամեն տարի պետբյուջեից ճանապարհների շինարարության համար գումարներ դուրս գրվում: Եթե մրցույթը հայտարարվում է աշնան սկզբին, անձրեւների տակ փողոց են վերանորոգում, պարզ չէ՞, թե ինչ որակ պետք է ունենա արված աշխատանքը:Մի քանի ամիս հետո ՀՀ Վերահսկիչ պալատն Իջեւանի քաղաքապետարանի արած ծախսերի արդյունավետությունը ստուգելու ժամանակ հաստատ կարձանագրի  այս իրողությունը, ու չի բացառվում, որ գումարները կարող են վերադարձվել ՀՀ պետբյուջե:  ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՏավուշ




Լրահոս