Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի Թագավորության վարչապետի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր Դե Կրոյի հետ: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Բելգիայի միջև քաղաքական ու տնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումը և այս համատեքստում կարևորել բարձր մակարդակի շփումները:

Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Դե Կրոն ընդգծել են երկու պետությունների կառավարությունների շահագրգռվածությունը` առևտրատնտեսական կապերի ընդլայնման, ներդրումների, տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ ծրագրերի իրականացման, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներն առաջ մղելու գործում:

Այս առումով կարևորվել է ՀՀ-ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում նախատեսված «Ճանապարհային քարտեզի» միջոցառումների արդյունավետ իրականացումը։

Կողմերը քննարկել են ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների օրակարգը, առանձնակի կարևորել ոստիկանության ոլորտում բարեփոխումները։ Ալեքսանդր Կրոն կարևորել է ժողովրդական բարեփոխումների իրականացումն ու ընդգծել ԵՄ հանձնառությունը՝ շարունակելու Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը բարեփոխումների հարցում։

Ալեքսանդր Դե Կրոն կարևորելով Հայաստանի հետ տնտեսական կապերի զարգացումը՝ նշել է, որ նախատեսվում է Բելգիայի առևտրային առաքելության այցը ՀՀ, որը կուսումնասիրի երկու երկրների միջև առևտրային և ներդրումային հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները: Այցը ծրագրվում է Բելգիայում հայկական համայնքի հիմնադրման 100-ամյակի տոնակատարության միջոցառումներին զուգահեռ։

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների սադրիչ գործողություններին և ընդգծել Հայաստանի ինքնիշխան տարածքից վերջիններիս ելման դիրքեր դուրս գալու և իրավիճակին խաղաղ հանգուցալուծում տալու անհրաժեշտությունը: Բելգիայի վարչապետը նշել է, որ մտահոգություն է առաջացնում տեղի ունեցողը և խնդիրը գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում։

Երկուստեք կարևորվել է նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովումն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում վերսկսումը:




Լրահոս