ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին բողոքի ակցիաներով եւ կապիտուլյանտ վանկարկումներով են դիմավորում ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ նրա սահմաններից դուրս: Վառ օրինակը երեկ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցածն էր, որը Փաշինյանին ստիպել է շրջել ոստիկանական մեծ թվով ուժերի ուղեկցությամբ: Այնտեղի հայերը Փաշինյանին դիմավորել են «Կապիտուլյանտ» պաստառներով: Սակայն պարզվում է, որ Փաշինյանը մերժվել է նաեւ հայ համայնքի կողմից: Մասնավորապես, Ֆրանսիայում Հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ Փաշինյանը հայ համայնքի անդամների հետ երկու ձեւաչափով հանդիպում է առաջարկել, սակայն ե՛ւ նա, ե՛ւ այլ անձինք հրաժարվել են մասնակցել հանդիպումներին, եւ ավելին՝ աջակցել են բողոքի ակցիաներին: «Նա ցանկանում է ցույց տալ, որ սփյուռքի հետ խնդիր չունի, եւ որ ինքը կարող է հանդիպել Ֆրանսիայի նախագահի հետ։ Նա ցանկանում է այս հանգամանքները ընտրությունից առաջ ի նպաստ իրեն օգտագործել: Մենք չենք ցանկանում, որ լինի վարչապետ, որը մասնատում է սփյուռքը։ Մեր հույսն այն է, որ նա չվերընտրվի։ Լավ կլինի, որ ընտրվի հզոր մեկը, որ կկարողանա ճիշտ մշակել իր կապերը Հայաստանի ռազմավարական գործընկերների, օրինակ՝ Ռուսաստանի հետ»,- նշեց նա։ Ավելին, Փափազյանի խոսքով՝ Ֆրանսիան կողմ էր, որ ՀՀ վարչապետի հետ հանդիպումը հոկտեմբերին լիներ, սակայն Փաշինյանն այնքան պնդեց, որ Մակրոնը ստիպված ընդունեց։ Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 1-2-ը պաշտոնական այցով գտնվում է եվրոպական քաղաքներում։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 495 գովազդային վահանակ է հատկացրել հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերին: ԿԸՀ տվյալներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վեց քաղաքական ուժ՝ Ազգային ժողովրդավարական բեւեռը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Պատիվ ունեմ» դաշինքը եւ «Քաղաքացու որոշում» կուսակցությունն ունեն ամենից շատ գովազդային վահանակները՝ 59, ՀԱԿ-ն ունի 58 վահանակ, Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդական դաշինքը՝ 55: Ամենից քիչ գովազդային վահանակ ունի Հայաստանի Եվրոպական կուսակցությունը՝ 1, որն էլ գտնվում է Նոր Նորք վարչական շրջանում: Ընդգծենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեծ թվով պաստառներ ունի վարձակալած Գուրգեն Արսենյանի «Յունիքորն» ընկերությունից: Իսկ ինչպես հայտնի է, Արսենը ընգրկված է հենց Քպ-ի ցուցակում: Այս ընկերության 42 վահանակներից 40-ի արժեքը 54 հազար է. Իսակովի պողոտայում առկա վահանակն է, որ արժե 171 հազար 600 դրամ, եւ Գարեգին Նժդեհ հրապարակում՝ 140 հազար 400 դրամ: Իսկ, օրինակ, Աժ նախկին պատգամավոր Վահան Հարությունյանին եւ նրա հորը՝ Միխային Հարությունյանին պատկանող «Միկմետալ» ընկերությունից ՔՊ-ն ունի վարձակալած մեկ վահանակ:
ՀՀ իրավապահ համակարգում, իսկ առավել կոնկրետ՝ քննչական մարմիններում, ընտրություններին ընդառաջ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շատ քրեական գործեր պարզապես դոփում են տեղում, եւ երբ համակարգի ներկայացուցիչները փորձում են գործընկերներից հետաքրքրվել, թե ինչու այս կամ այն պաշտոնատար անձանց չեն հրավիրել հարցաքննության, կամ ինչու գործողություններ չեն արվում տարբեր քրգործերով, նախաքննական մարմինների քննիչները պարզաբանում են, որ պետք է համբերեն եւ այս ընթացքում չպետք է ավել բան պահանջեն: Նրանք հստակ ասում են, որ պետք է սպասեն ընտրությունների ավարտին եւ նոր միայն դրանից հետո կզբաղվեն այլ քրեական գործերով: Այսինքն՝ Քննչական կոմիտեեում, ՀՔԾ-ում, ՊԵԿ-ում կամ ԱԱԾ-ում տարբեր քրեական գործերով անցնող նախկին ու ներկա պաշտոնատար անձանց գործերը հիմնականում գտնվում են դադարի փուլում: Որոշում է կայացվել, որ դրանք կակտիվացնեն ընտրություններից հետո, եւ այդ ժամանակ էլ համապատասխան անձինք կհրավիրվեն հարցաքննության՝ գործերը կարճելու կամ ընթացքը խորացնելու նպատակով։
Տնտեսության զարգացման մասին խոսող Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք զարգացում այդպես էլ չենք տեսնում: Մասնավորապես, պաշտոնական տվյալները վկայում են, որ Հայաստանի ՀՆԱ-ն գրեթե համարժեք է 2018թ. մակարդակին: 1 շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը 2018թ. 4 հազար 188 դոլար էր, 2020թ. դարձել է 4 հազար 269 դոլար, այսինքն՝ ավելացել է ընդամենը 1,9 տոկոսով: Մեր տնտեսությունը դեռ գտնվում է 2018թ. մակարդակին, եւ բոլոր վիճակագրական տվյալները վկայում են այդ մասին: Անցած տարվա առաջին 4 ամիսների 8,6 տոկոս նվազումից հետո այս տարվա 4 ամիսներին պաշտոնական վիճակագրությունը ներքին առեւտրի 4,8 տոկոս աճ է գրանցել: Այդ ընթացքում գնաճը կազմել է 5,4 տոկոս: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ անցած տարվա 4 ամիսներին տնտեսական ակտիվության անկումն ավելի մեծ էր։ Անցած տարվա 2,7 տոկոսով անկման փոխարեն՝ այս տարի 2,6 տոկոսով աճ է արձանագրվել, իսկ արդյունաբերության աճը, 4 ամիսների տվյալներով, 1 տոկոսից ցածր է: Իսկ երբ ապրիլի ցուցանիշները համեմատում ենք նախորդ ամսվա հետ, տնտեսության զարգացումների պատկերը շատ ավելի համեստ է դառնում։ Մարտի նկատմամբ ապրիլին ունեցել ենք տնտեսական ակտիվության ընդամենը 3,2 տոկոս աճ: Այսինքն՝ իշխանությունները փորձում են ամեն կերպ դրականը ցույց տալ, բայց վիճակագրությունն ամենեւին նրանց կողմից չէ: