«ԽՆԴՐԵԼՈՒ ԵՆ ԿԱԶՄԵԼ ԿՈԱԼԻՑԻԱ». ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ցուցակի 3-րդ համար Անի Խաչատրյանի հետ: Մենք փորձել ենք պարզել, թե ինչ ակնկալիքներ ունեն հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններից, արդյոք կարծում են, որ իրենք են լինելու հաջորդ իշխող ուժը: Խաչատրյանը հայատարարեց, որ իրենք այս պահին էլ մարզում են ու հանրության շրջանում մեծ վստահություն են վայելում:

 

-Հայտնի է, որ Դուք «Հանրապետություն» կուսակցության ցուցակի 3-րդ համարում եք ընդգրկված: Որոշել եք Երեւանի ավագանին թողնել եւ զբազվել խորհրդարանաի աշխատանքներո՞վ: Ի՞նչ ակնկալիքներ ունեք եւ ինչո՞ւ որոշում կայացրիք ավագանուց տեղափոխվել խորհրդարան:

-Կարծում եմ՝ ցանկացած ավագանու անդամ հաջորդ քայլը փորձելու իրավունք ունի, եթե չի ցանկանում նույն ոլորտում շարունակել: Այն ժամանակահատվածը, որը ես անցկացրել եմ Երեւանի ավագանիում, ինձ տվել է այնպիսի հնարավորություն, որ ես Ազգային Ժողովում խնդիրներ լուծելու համար իմ անհրաժեշտությունը տեսնում եմ:

-Ի՞նչ ակնկալիք ունեք ընտրություններից: Այս ժամանակահատվածում՝ դեռեւս չմեկնարկած քարոզարշավին, շատ ակտիվ են բոլոր քաղաքական ուժերը: Լինում են տարբեր քննարկումներ, հանդիպումներ: Այս պահին «Հանրապետություն» կուսակցությունն ի՞նչ է անում, ի՞նչ ծրագրեր ունի առաջիկայում:

-Հիմա «Հանրապետություն» կուսակցությունը Սպիտակ քաղաքում է, հանդիպումներ է ունեցել քաղաքական թիմի ակտիվի հետ, քաղաքացիների հետ ենք հանդիպում: Մեր ակնկալիքները բավականին մեծ են, մենք վստահ ենք ընտրությունների մեջ: Վստահ ենք, որ այս անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացին շատ մտածված ընտրություն կկատարի՝ նայելով բոլոր նախընտական կետերին: «Հանրապետություն» կուսակցությունը այս պահին միակ քաղաքական ուժն է, որը միայն չի առաջարկում, չի խոսում, այլ ներկայացնում է հստակ ծրագրեր  ու դրանց լուծումները:

-Տիկի՛ն Խաչատրյան, նաեւ, ըստ վարկանիշների քննարկումների, դեռեւս բարձր վարկանիշ ունի ներկայիս իշխանությունը, Ռոբերտ Քոչարյանի անունն է տրվում: Արդյոք «Հանրապետություն» կուսակցությունն ունի՞  հանրության շրջանում վստահություն, վարկանիշ:

-Հանրային հարցումներում «Հանրապետություն» կուսակցությունը 2-րդ կամ 3-րդ տեղում է լինում: Իսկ սոցհարցումներից դուրս մեր կուսակցությունը հնարավորություն ունի նույնիսկ առաջին տեղը զբաղեցնելու:

-Դուք հանրության հետ հանդիպելիս զգո՞ւմ եք այդ վստահությունը, այսինքն՝ ձեր կուսակցությանը ձայն տալո՞ւ են:

-Ոչ միայն վստահություն, այլ նաեւ պահանջարկ ենք զգում, դրա համար մասնակցում ենք ընտրություններին: «Հանրապետություն» կուսակցության պահանջարկը պատերազմից հետո, Վագգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանի անունով պայմանավորված եւ նաեւ Ա. Սարգսյանի առաջարկներով, ապագայի տեսլականով, պահանջարկը շատ մեծացել է հանրության շրջանում: Դա է պատճառը, որ ես ասում եմ, որ մենք նույնիսկ հավակնություն ունենք առաջին տեղը զբաղեցնելու: Հիմա մենք դա նկատում ենք:

-Այս պահին կա՞ քաղաքական ուժ, որ մրցակից եք համարում: Կամ քաղաքական գործիչներ կա՞ն, որ ձեզ մրցակից լինեն, օրինակ՝ Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, Արթուր Վանեցյան:

-Ես կարծում եմ, որ ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության մրցակիցներն են գրեթե բոլոր քաղաքական ուժերը, որովհետեւ մրցում ենք բոլոր քաղաքական ուժերի հետ:

-Տիկի՛ն Խաչատրյան, նախընտրական ցուցակը պատրաստ է. ի՞նչ սկզբունքով եք կազմել ցուցակը, ինչի՞ց ելնելով որոշվեց, թե ովքեր պետք է ընդգրկված լինեն ցուցակում:

-Ցուցակը կազմվել է՝ քննարկելով «Հանրապետություն» կուսակցության մեծ ակտիվի հետ: Ամեն համարը որոշել է կուսակցության քաղաքական խորհրուդը: Հենց այս քննարկումների արդյունքում է որոշվել ցուցակի առաջինից մինչեւ վերջին համարի ընտրությունը: Թիմային որոշումներ են եղել:

-Արդյոք որոշում ունե՞ք ընտրություններից հետո որեւէ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու կամ խորհրդարանում միասին աշխատելու մասին:

-Մենք այնպիսի թվով ենք ներկայացված լինելու ԱԺ-ում, որ քաղաքական մնացած բոլոր ներկայացված ուժերը գալու են եւ խնդրելու կազմել կոալիցիաներ:

-Կարծում եք՝ հաջորդ իշխանությունը դո՞ւք եք լինելու:

-Այո, ես համարում եմ, որ մենք ունենք հստակ հնարավորություն լինել հաջորդ իշխանություն:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ՄԱՐՈՒՔՅԱՆԸ ԱՌԱՋԱՐԿԵ՞Լ Է

Նախօրեին Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, խոսելով արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականի մասին, հայտարարել էր, որ այս իրավիճակում նման հրաժարականը սխալ էր:

 

Անհասկանալի է այս պարագայում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարի դիրքորոշումը՝ Արա Այվազյանի հեռանալու հետ կապված. մի՞թե Մարուքյանն առաջարկում էր, որ Այվազյանը, հանցակից դառնալով ներկայիս իշխանությանը, չբարձրաձայներ այն իրողություն, որն առկա է: Նշենք, որ Արա Այվազյանը երեկ, հրաժարական ներկայացնելով, հանդես էր եկել հայտարարությամբ.

«Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, եւ իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբեւիցե որեւէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային եւ պետական շահի դեմ են եղել»:

Մենք փորձեցինք ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից պարզել, թե ինչու էր Այվազյանին մեղադրում հրաժարական տալու համար. «Մնար, բանակցեր, թուրքերին հաներ մեր տարածքից, մնար, թույլ չտար, եթե հակապետական բան են ստորագրում»,-եզրափակեց Մարուքյանը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՈՒՐԲ ԱԿՆԱՐԿԸ

Հայաստանում ուժի ցուցադրության ամենամեծ դրսեւորումը լուրեր տարածելն է, թե այս կամ այն քաղաքական գործիչը հանդիսանում է ռուսական «դաբրո» ունեցողը, որ նա մեկնեց Մոսկվա, ինչին արդեն  հաջորդում են քաղաքական կիսագաղտնի ենթադրությունները։   Աբսուրդը հասնում է նրան, որ տպավորություն է, թե ռուսական քաղաքական վերնախավը, բանուգործ թողած, շատ կարեւոր հանդիպումներ է ունենում Հայաստանից ժամանած մանր ու միջին քաղաքական գործիչների հետ։   Իհարկե, իրականությունն այդպիսին չէ՝ չբացառելով, որ ռուսական իշխանական միջին շերտերի չինովնիկների հետ կապեր ունեցողներ այնուամենայնիվ կան:

Օրեր առաջ Հանրային հեռուսատընկերության եթերում Հայաստանի քաղաքական ծանրքաշային, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ուղիղ ասեց, որ Ռուսաստանը Հայաստանում ուղիղ խոսում է միայն մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի հետ, նրա հետ է պայմանավորվում ու նրա հետ է տեղեկություն փոխանակում, թե ինչպիսի պլաններ ունի Հայաստանի եւ ընդհանրապես տարածաշրջանի հետ:

Վարչապետի հասցեին ուղղված սուր քննադատություններին զուգահեռ՝ Տեր-Պետրոսյանի ասածներից կարելի է ենթադրել, որ որքան էլ ավելանում են պնդումները, թե ռուսները ուզում են փոխել Փաշինյանին, կա՛մ ճիշտ չեն, կա՛մ այդքան էլ այդպես չեն: Համենայնդեպս Տեր-Պետրոսյանը արտահերթ ընտրություններից առաջ հստակ հայտարարեց, որ  գործող թեկնածուներից եթե կա մեկը, ում հետ ռուսները ուղիղ խոսում կամ աշխատում են, ապա դա Նիկոլ Փաշինյանն է։ Իսկ թե ինչու դա ասեց, հարցի երկրորդ կողմն է։

 

 

 

ՓԱԿՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԸ

Հայաստանի հպարտ քաղաքացիները պատերազմից հետո այժմյան իրավիճակում կարծես թե ամաչում են, որ իրենք հայ են, եւ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում հաճախ կարելի է տեսնել հայկական ավտոմեքենաներ, որոնց համարանիշների վրա դրոշները փակված են։ Ու ստացվում է՝ որքան էլ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, այժմ դիմելով քաղաքացիներին, նրանց անվանում է հպարտ քաղաքացիներ եւ ներկայացնում, թե ոչինչ չի փոխվել, սակայն փաստերն այլ բան են ասում: Վառ ապացույցն էլ Մոսկվայում արված այս լուսանկարն է մեր թղթակցի կողմից, որի վրայից եռագույնը հեռացված է, եւ բարդ է ասել՝ ամոթից, թե վախից ելնելով:

Ամեն դեպքում, արձանագրենք, որ ՀՀ հպարտ քաղաքացիներից հպարտությունը խլեց 2018-ի հեղափոխությունը։

 




Լրահոս