Ադրբեջանի արտգործնախարարությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային վերջին լարվածություններին, պատասխանել միջազգային կառույցների կոչերին ու հորդորներին: Բաքուն անդրադարձել է մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու Եվրամիությանը։
Բանն այն է, որ մայիսի 28-ին՝ Հայաստանի վեց զինծառայողների գերեվարման հաջորդ օրը, համանախագահներն ու Բրյուսելը հանդես եկան հայտարարություններով։ Նրանք ընդգծել էին, որ սահմանային վեճերը լուծելու համար ուժի գործադրումը կամ սպառնալիքը անընդունելի է։
Ադրբեջանի արտգործնախարարության տարածած մեկնաբանությունում ասվում է, որ գերեվարված վեց հայ զինծառայողները ականապատում էին ճանապարհները։ «Այն ժամանակ, երբ Ադրբեջանը զբաղված է ազատված տարածքները ականներից մաքրելու ամենօրյա աշխատանքով, հայկական կողմը ոչ միայն չի տրամադրում ականապատված դաշտերի քարտեզները, այլ զբաղվում է Ադրբեջանի տարածքի նոր ականապատումներով»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն: Նրանք նշել են, որ պահվող անձանց բոլորը բոլորի դիմաց փոխանակելու համանախագահների կոչերը պետք է հաշվի առնեն այդ անձանց գերեվարելու պատճառները։
Ադրբեջանը կողմ է սահմանային հարցերի խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով եւ պաշտպանում է միջազգային հանրության կոչերը՝ սկսելու երկու երկրների սահմանների դեմարկացիան եւ դելիմիտացիան։ Ադրբեջանը պաշտպանում է եռակողմ հանձնաժողով ստեղծելու առաջարկները Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի համար։
«Այդ գործընթացը կարող է սկսվել միայն տարածքային ամբողջականությունը ճանաչելու եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը հարգելու դեպքում, ինչը պայմաններ կստեղծի խաղաղ համակեցության համար», – պատասխանել է Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ նշել, թե նրանք ինչով կարող են զբաղվել. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց հերթին կարող են աջակցել եռակողմ հայտարարության իրականացմանը՝ պայմաններ ստեղծելով տարածաշրջանի խաղաղության եւ զարգացման համար»։
Բաքուն նույն ոգով պատասխանել է նաեւ Եվրամիությանը։ Մայիսի 28-ին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության նույն օրը, Եվրամիությունը եւս հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ հայ-ադրբեջանական սահմանի վերջին զարգացումները վտանգավոր ու մտահոգիչ էր համարվում։ Եվրամիությունը Բաքվին հորդորել էր անհապաղ ազատ արձակել հայ գերիներին ու ձերբակալվածներին։
Նախօրեին հեռախոսազրույց են ունեցել Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը. քննարկվել է վերջես Ադրբեջանի կողմից գերեվարված Հայաստանի վեց զինծառայողների խնդիրը։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել եվրոպացի դիվանագետի նախաձեռնությամբ։ Բայրամովը նույն պնդումներն է արել, ինչ պատասխանել էին Մինսկի խմբի համանախագահներին, որ հայ զինծառայողները գերեվարվել են Ադրբեջանի տարածքը ականապատելու ժամանակ, ու դա տեղի է ունենում այն պահին, երբ մեծ ջանքեր են գործադրում Ադրբեջանի ազատած տարածքները ականներից մաքրելու համար, եւ ընդգծել, որ նման գործողությունները բացարձակապես անթույլատրելի են։
Տոյվո Կլաարի ու Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցում անդրադարձ է կատարվել նաեւ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին։ Բայրամովն ասել է, որ տարաձայնությունները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, եւ որ Ադրբեջանը տվել է իր համաձայնությունը եռակողմ հանձնաժողով ստեղծել սահմանազատում եւ սահմանագծում կատարելու համար։ Քննարկվել են նաեւ տարածաշրջանի իրավիճակը, եռակողմ հայտարարության իրականացումն ու սահմանային լարվածությունը։
Նշենք, որ, հայկական կողմի պնդմամբ, վեց զինծառայողները գերեվարվել են Հայաստանի տարածքում։ Վարդենիսից արեւելք՝ Կութ գյուղի ուղղությամբ, նրանք սահմանային ամրացման աշխատանքներ են կատարել, բայց ադրբեջանցի զինծառայողների կողմից շրջապատվել ու գերեվարվել են։
Ն.Հ.
ԽՈՍԵԼԻՔ ՉՈՒՆԻ
ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը սոցցանցի իր էջում պատասխանել է լրագրողների հարցին: «Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ առաջին նախագահի հետ բանավիճելու առաջարկի հետ կապված լրագրողների բազմաթիվ հարցումներին՝ հայտնում եմ. նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի»,-նշել է Մուսինյանը: Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան, «Հայաստան» դաշինքի շտաբի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը Փաշինյանի՝ բանավեճի առաջարկի վերաբերյալ ասել էր. «ՀՀ երկրորդ նախագահը, որը ազատագրել է հողեր, չպետք է որեւէ իրավիճակում բանավիճի հողեր հանձնողի հետ»:
ՉԻ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ
Ընտրակաշառքների հետ կապված որեւէ ռեալ դեպք չի արձանագրվել. ասել է փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ ի պատասխան հարցին, թե ոստիկանությունը տեղեկություններ ունի արդյոք ընտրակաշառքների մասին, «խոսվում է մինչեւ 20-30 հազար դրամ ընտրակաշառքից»։ «Ընտրակաշառքների հետ կապված որեւէ ռեալ դեպք չի արձանագրվել։ Եթե չեմ սխալվում, նյութեր են նախապատրաստվում, եւ ուսումնասիրություներ են կատարվում 27 դեպքերով՝ նախընտրական փուլում կատարված հանցագործությունների հետ կապված, այդ թվում՝ 14-ը գույքի հետ կապված՝ պաստառների վնասում։ 14-ից 12-ը կոնկրետ անձին՝ Ռոբերտ Քոչարյանին պատկանող պաստառներ էին, որոնցից 5-ն արդեն իսկ բացահայտվել է։ Անձինք տարբեր էին, բոլորն էլ ֆիզիկական անձինք էին, նախնական տվյալներով՝ նախկինում որեւէ քաղաքական թիմի անդամ չեն հանդիսացել»,-ասել է Ֆիդանյանը։
ԱՐՏԱԳԱՂԹ
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստանից դուրս է եկել 127 338 քաղաքացի, մուտք գործել՝ 63 հազար 625-ը: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 3 ամիսներում Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել 63 հազար 713 քաղաքացի: Օրինակ, «Զվարթնոց» օդանավակայանով մեկնել եւ չի վերադարձել 53 հազար 206, Շիրակի օդանավակայանով՝ 9754-ով, Բագրատաշենի անցակետով՝ 784-ով, Բավրայով՝ 225-ով ՀՀ քաղաքացի: Նշենք, որ սրանք սահմանային այն հիմնական անցակետերն են, որոնցով արտագաղթում է ՀՀ բնակչությունը: Նախորդ տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստան եկել է 346 հազար 625 քաղաքացի, իսկ հեռացել՝ 328 հազար 16:
ՉԾԱՌԱՅԱԾՆԵՐԸ
ArmLur.am-ը շարունակում է իր շարքը՝ ներկայացնելով, թե հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ցուցակներում քանիսն են բանակում չծառայածները: Այս անգամ կանդրադառնանք «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը: Տվյալները վերցված են նրանց պաշտոնական կենսագրություններից: Օրինակ, Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված Դավիթ Խաժակյանի կենսագրության մեջ բացակայում է նրա ծառայելու մասին որեւէ տվյալ: Պատգամավոր Սարիկ Մինասյանի՝ ԱԺ տեղադրված պաշտոնական կենսագրության մեջ եւս որեւէ տվյալ չկա նրա ծառայած լինելու մասին: Պատգամավոր Ստեփան Ստեփանյանի կենսագրության մեջ եւս այդ մասին տվյալը բացակայում է: Առաջին 20-ի մեջ կան նաեւ թեկնածուներ, ում պաշտոնական կենսագրությունները դեռ առկա չեն. նրանց անդրադառնալու հնարավորություն եւս կունենանք: ArmLur.am-ի այս շարքը շարունակելի է:
ԹԵՍՏ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ
Մայիսի 30-ին Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվել ցանկացող 5 քաղաքացի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում հայերենի իմացության ստուգման թեստ է հանձնել: «5 հոգուց մեկը հիվանդ էր, չի ներկայացել, 4-ից էլ 1-ն է հաղթահարել թեստավորման փուլը»,- հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը։ Նրա խոսքով՝ հայերենի թեստ հանձնում են հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում: ԿԸՀ խոսնակ Հերմինե Հարությունյանի խոսքով՝ հայերենի թեստ չեն հանձնում պատգամավորի այն թեկնածուները, որոնք ավարտել են ՀՀ բուհերից մեկը, եւ դա հանձնաժողովը համարում է իբրեւ հայոց լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ: