ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական բոլոր ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու հայհոյանքը, ատելության ու բռնության հետ առնչվող ցանկացած խոսք: Այս պահանջը հատկապես վերաբերում է հանրային գործիչներին ու առանձնապես նրանց, ովքեր զբաղեցնում են պաշտոն եւ ունեն պետական կարգավիճակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

 

«Մասնավորապես, խիստ դատապարտելի է երեկ ընտրական գործընթացի մասնակիցների մոտ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից այնպիսի բառապաշարի օգտագործումը (օրինակ՝ «ոհմակ», «դուրսպրծուկ»), որն ուղղակիորեն նպաստում է հասարակության առանց այդ էլ քաղաքական ու հասարակական բեւեռացվածությանը, խաթարում է երկրում համերաշխությունը վերականգնելու հեռանկարը:

Ավելին, մարդու իրավունքների տեսանկյունից բացարձակ անընդունելի է «թավիշը» «երկաթե մանդատով» կամ «պողպատե մանդատով» փոխարինելու եւ «ոհմակի ատամները ջարդելու» հռետորաբանությունը. դա ոչ միայն ակնհայտ բաժանարար գծեր է քաշում հասարակությունում, այլեւ, ինչպես էլ ուզում է մեկնաբանվի, բացահայտ ասոցացվում է բռնության ու անգամ հաշվեհարդարի հետ՝ առաջացնելով իրական կյանք տեղափոխվելու վտանգավոր ռիսկեր:

Քանի որ երկիրը ներկայում գտնվում է ընտրական գործընթացի մեջ, այս ուղերձները կարող են ընկալվել պետական բարձրագույն կարգավիճակից բխող լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձի կողմից քաղաքական հակառակորդներին ուղղված սպառնալիք, ինչն անթույլատրելի է՝ հաշվի առնելով վերջիններիս քաղաքական իրավունքները:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անդրադարձը հատուկ արվում է՝ այն նկատառումից ելնելով, որ նա առաջնահերթ ընկալվում է որպես ոչ թե քաղաքական, այլ ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնակատար եւ իրականացնում է հենց այդ կարգավիճակից բխող լիազորություններ. այդ պատճառով է նաեւ գտնվում Մարդու իրավունքների պաշտպանի ուղիղ իրավասության տիրույթում:

Հենց այս կարգավիճակի ուժով էլ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքերը կարող են ոչ ճիշտ ընկալվել հանրության կողմից, ինչպես նաեւ սխալ ուղերձներ ընկալվել պետական մարմինների ու, առաջին հերթին, իրավապահ մարմինների կողմից:

Նշվածից բացի, Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումը վկայում է, որ սոցիալական մեդիայի այն տիրույթներում, որտեղ վարչապետի պաշտոնակատարի նշված խոսքերը տարածվել են հենց այդպիսի վերնագրերով, արձանագրվել են սոցիալական ցանցերի օգտատերերի մեծածավալ վիրավորանքի ու ատելության խոսք, հայհոյանք ու փոխադարձ մեղադրանքներ:

Ցավոք, հանրային տիրույթում խորանում է երկկողմանի պիտակավորման արհեստական դիսկուրսը, որն, ըստ էության, հասարակությունը խմբերի բաժանելու, խտրականություն սերմանող անթույլատրելի օրակարգ է:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումները վկայում են, որ այս վիճակն ավելի են խորացնում թե՛ իշխանության մարմիններին, թե՛ ընդդիմության տարբեր շրջանակներին աջակցող սոցիալական ցանցերի կեղծ էջերի ու օգտահաշիվների կազմակերպված նպատակային հարձակումները:

Ուստի ընտրական գործընթացի մասնակից քաղաքական բոլոր ուժերին, հանրային գործիչներին ու առանձնապես պետական կարգավիճակ ունեցող անձանց կոչ եմ անում ձեռնպահ մնալ հասարակությունը բեւեռացնող ու լարվածությունն ավելացնող արարքներից, վիրավորանք կամ ատելություն տարածող, բռնության հետ որեւէ կերպ ասոցացվող բառապաշարից: Փոխարենը պետք է ձեւավորվեն առողջ քննարկումներ:

Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող գործընթացները գտնվում են եւ գտնվելու են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում»,- գրել է Թաթոյանը:

 

 

 

ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԴԱՏԱԽԱԶԻՆ

ArmLur.am-ի հետ զրույցում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, անդրադառնալով դատարանի որոշմանը, ասել է. «Ես միշտ հավատացել եմ արդար դատարաններին, իսկ որոշման մասին ոչինչ այս պահին ասել չեմ կարող, քանի որ դեռ չեմ ստացել որոշումը, երբ այն ստանամ, առավել ծավալուն կանդրադառնամ:

 

Ինչպես հայտնի է, երեկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Հարությունյանի, բավարարեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի (լիազորությունները կասեցված են) բողոքը իրեն որպես մեղադրյալ ներգրավելու որոշման դեմ եւ վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրեց վերացնել բողոքաբերի իրավունքների եւ օրինական շահերի խախտումը:

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանի դեմ ապրիլի 12-ին հաղորդում է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդեն նախկին դատավոր Անդրանիկ Սիմոնյանը։ Վերջինս այս պահին ԱԱԾ պետի տեղակալ է։ Հաղորդման մեջ, մասնավորապես, նշվել է, որ Վարդազարյանը 2020 թվականին միջամտել է դատավոր Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը։ Ապրիլի 13-ին դատախազը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով, այսինքն` արդարադատության իրականացմանը եւ քննությանը խոչընդոտելը, որը կատարվել է անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով։ Ապրիլի 14-ին որոշում է կայացվել Ռուբեն Վարդազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, եւ Վարդազարյանը դատական կարգով բողոքարկել է իրեն մեղադրանք առաջադրելու որոշումը: Բողոքի հիմքում դրված հիմնական խնդիրներից մեկը Վարդազարյանի՝ իբրեւ դատավորի անձեռնմխելիությունը չհաղթահարելուն էր վերաբերում։

Գործող օրենսդրությամբ այս որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, եւ այն պետք է կարճվի: Ասել է թե՝ ԲԴԽ նախագահին մեղադրյալ ներգրավելու որոշումը պետք է չեղարկվի, եւ քրեական գործը՝ կարճվի:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ

Մայիսի 24-ին շտապօգնության խումբը թիվ 1 համալսարանական հիվանդանոց էր տեղափոխել Նորք-Մարաշի 6-րդ փողոցի մի բնակչի։ Հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ 61-ամյա տղամարդու մոտ ախտորոշվել էին կրծքավանդակի եւ որովայնի հրազենային վնասվածքներ։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերն ու փորձաքրեագետները զննել էին տարածքը՝ հայտնաբերելով արնանման հետքեր, ապակու կտորներ եւ այլն։ Նախնական տվյալներով՝ ժամը 17-ի սահմաններում Նորք-Մարաշի 6-րդ փողոցի տներից մեկի բակում ծագած վիճաբանության ժամանակ 61-ամյա տղամարդու ուղղությամբ կրակել էր նրա եղբոր 36-ամյա որդին։ Նրան հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ իրականացվեց նաեւ բացատրական աշխատանք, ինչի շնորհիվ մայիսի 26-ին 36-ամյա տղամարդը ներկայացավ ոստիկանության Կենտրոնական բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական բաժին ու ձերբակալվեց: Նրան մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց ընտրվել է կալանքը։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Սպանության փորձի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

 

ԽՈՇՈՐ ԱՎՏՈՎԹԱՐ

Երեկ խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Nissan մակնիշի ավտոմեքենան Գայի պողոտայում բախվել է թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսին, այնուհետեւ առաջ ընթացել, վրաերթի ենթարկել 2 հետիոտնի, իսկ հետո բախվել ճանապարհային ոստիկանության ծառայողական Toyota Corolla մակնիշի եւ Opel մակնիշի ավտոմեքենաներին։

Վթար-վրաերթի հետեւանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետեւ՝ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման թիվ 17 փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Սարգսյանի գլխավորությամբ։ Վիրավորներից մեկին փրկարարները դուրս են բերել Opel-ի բեռնախցիկից, իսկ մեկին էլ՝ ավտոմեքենայից՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ Օպերատիվ են գործել Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, որոնք վիրավորներին մինչեւ հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

 




Լրահոս