ՀՀ հաշվեքննիչ պալատը էկոնոմիկայի նախարարությունում ուսումնասիրություն է անցկացրել եւ որոշ անհամապատասխանություններ արձանագրել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ստուգվել է Կոտայքի մարզի թվով 17 գյուղերը սպասարկող, անասնաբույժներին հանձնված եւ ծախսված պատվաստանյութերը։ Պարզվել է, որ 17 գյուղերից միայն չորս են ապահովված Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի (ԳԾԿ) կողմից տրամադրված աշխատող սառնարաններով: Մնացած գյուղերում կա՛մ բացակայել են տրամադրված սառնարանները, կա՛մ դրանք չեն աշխատել:
Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պատվաստանյութերը հիմնականում պահվել են անասնաբույժների անձնական սառնարաններում՝ օգտագործվող սննդամթերքի կողքին։ Մինչդեռ անասնաբուժական դեղամիջոցները պետք է պահվեին համապատասխան ջերմային պայմաններում եւ պահանջվող ժամկետում օգտագործվեին: Օրինակ, Գեղաշեն գյուղում պատվաստանյութերը համապատասխան ջերմային պայմաններում չեն պահպանվել։ Իսկ գյուղ այցելության ժամանակ պարզվել է, որ պատվաստանյութը պահվում է նկուղում այն դեպքում, երբ տվյալ պատվաստանյութերի պահման համար նախատեսված է +2-ից +8 ջերմաստիճանային պայմանները, իսկ գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի կողմից տվյալ գյուղի անասնաբույժին տրամադրված սառնարանը առկա չի եղել։
Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ որոշ գյուղերում կանխարգելիչ միջոցառումները իրականացվել են պատվաստանյութերի ստացումից մոտ երկու ամիս հետո այն դեպքում, երբ համաճարակաբանն ունեցել է մեծ սառնարանային պահոց եւ հնարավորություն է ունեցել տվյալ սառնարանում պահել։
Հաշվեքննիչ պալատի արձանագրած անհամապատասխանություններին ի պատասխան՝ ԳԾԿ ՊՈԱԿ-ից պարզաբանել են, որ իրենք տարել են բացատրական եւ լրացուցիչ աշխատանքներ, տրվել են ցուցումներ Կոտայքի տարածաշրջանի համաճարակաբանին՝ մատյաններում ճիշտ եւ պատշաճ գրառումներ իրականացնելու եւ առանց ջնջումների աշխատելու համար:
Սա դեռ ամենը չէ. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Էկոնոմիկայի նախարարության կողմից ձեռք բերված եւ ելքագրված առողջապահական եւ լաբորատոր նյութերի շարժը ուսումնասիրելուց հետո պարզվել է, որ 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ պահեստում եղել են ժամկետանց պատվաստանյութեր:
Օրինակ՝ պահեստում եղել է 870 հազար դրամ ընդհանուր գումարով թռչունների կեղծ ժանդախտ «H» շտամի կենդանի չոր պատվաստանյութ, որի պիտանելիության ժամկետը ավարտվել է 2020 թվականի հունվար ամսին, եւ այն օգտագործման համար այլեւս պիտանի չի եղել: Պիտանելության ժամկետում չի եղել նաեւ 1600 մլ, գումարով 11.82 հազար դրամ արժողությամբ, անանսնաբուժության մեջ կիրառվող խոզերի դասական ժանդախտի նկատմամբ կենդանի չորացված պատվաստանյութը: Ստացվում է, որ պատվաստանյութերի գնման չափաբաժինները ճիշտ չեն պլանավորվել, եւ խախտվել են օգտագործման ժամկետները:
Հաշվեքննիչ պալատը ոըւսումնասիրել է նաեւ պարգեւատրումների տրամադրման ընթացակարգերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ աշխատակիցների որակյալ աշխատանքների կամ հատուկ առաջադրանքներ կատարելու վերաբերյալ հիմնավորումները բացակայել են: Ավելին, պարգեւատման գումարները, հիմնական աշխատավարձի գումարների համեմատ, կազմել են 20-251 տոկոս: Անգամ դեպքեր են եղել, երբ աշխատակիցն ընդունվել է աշխատանքի եւ նույն ամսվա համար արդեն իսկ ստացել է պարգեւատրում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱն
ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԵՏՆԱՄԱՍՈՒՄ
Հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում քաղաքական կուսակցությունների, դաշինքների ընտրական ցուցակների առաջին շարքերում ընդգրկված են Երեւանի բնակիչներ, մարզերի բնակիչներն այդ ցուցակների ստորին հատվածներում են։ 2018թ. դեկտեմբերի 9-ի ընտրությունենորում 17 հազար 155 քվե ստացավ Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանը։ Նա առաջիկա խորհրդարանական ընտրություններում որպես պատգամավորության թեկնածու ընդգրկված չէ: Նախորդ ընտրություններում 8985 քվե ստացած, ներկայումս Աժ հանձնաժողովի նախագահ, Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր Վահե Ղալումյանն այժմ ՔՊ-ի ընտրական ցուցակում զբաղեցնում է բավական համեստ 58-րդ տեղը։ 2018թ. դեկտեմբերի 9-ի ընտրություններում 5269 քվե ստացած, Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը ներկայումս զբաղեցնում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը, նա ՔՊ 157-հոգանոց ցուցակում ընդգրկված չէ։ Նոյեմբերյանի բնակիչ Հայկանուշ Բեգլարյանը, ով նախորդ ընտրություններում ստացավ 1888 քվե, ընտրություններից հետո նշանակվեց Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի աշխատակազմի ղեկավար, ՔՊ ընտրական ցուցակում զբաղեցնում է 144-րդ տեղը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի 15-րդ տեղը զբաղեցնում է Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցչի օգնական Մայրանուշ Նասիբյանը։ Լրատվական մի շարք միջոցների սեփականատեր, Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Վարուժան Բաբաջանյանը ԲՀԿ նախընտրական ցուցակի 46-րդ տեղում է, Իջեւանի բնակիչ, «Իսրայելյան» ՍՊԸ տնօրեն Արա Իսրայելյանը նույն ցուցակի 47-րդ տեղում է։ «Հայաստան» դաշինքի 35-րդ տեղում է Իջեւանի բնակիչ, ՀՅԴ անդամ, անհատ ձեռներեց Գառնիկ Դանիելյանը, 97-րում՝ Կադաստրի՝ Բերդի սպասարկման գրասենյակի պետ, ՀՅԴ անդամ Արայիկ Փայտյանը, նույն ցուցակի 137-րդ տեղում է Կողբի գեղարվեստի դպրոցի տնօրեն, ՀՅԴ անդամ Կարապետ Ղուլիջանյանը։ «Հայոց Արծիվներ միասնական Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի 3-րդ համարն է Նոյեմբերյան քաղաքի բնակչուհի, ուսուցիչ Արմինե Վաղրամյանը։ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» ընտրական ցուցակի 16-րդ տեղում է Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության անդամ Սուրեն Անանյանը։ «Մեր տունը Հայաստանն է» ընտրական ցուցակի 3-րդ տեղում է Նոյեմբերյան քաղաքում հաշվառված փաստաբան, «Գուլքանյան գրուպ» ՍՊԸ տնօրեն, «Ալյանս» առաջադիմական, ցենտրիստական կուսակցության անդամ Սոնա Գուլքանյանը։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի 19-րդ տեղում է այդ կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը, 26-րդ տեղում՝ Այրում քաղաքի բնակիչ, «Սապսան թեյդ» ՍՊԸ վաճառքի մենեջեր Նարեկ Սիրադեղյանը։ «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակի 44-դ տեղում է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի դասախոս, «Հայրենիք» կուսակցության անդամ Նելլի Խուդավերդյանը։ Միով բանիվ՝ Տավուշի մարզի բնակիչներից Աժ պատգամավոր ընտրվելու շանսեր ունեն մեկ, լավագույն դեպքում՝ երկու թեկնածուներ։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՀԱՐԿԱՅԻՆ ԹՎԵՐ
2021թ. հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 618.4 մլրդ դրամ համախառն հարկային եկամուտ: 2020թ. նույն ժամանակաշրջանում ցուցանիշը կազմել է 583.6 մլրդ դրամ, իսկ 2019թ.-ին՝ 571.2 մլրդ դրամ: Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ պետական բյուջեի համադրելի եկամուտների աճը կազմել է 34.7 մլրդ դրամ կամ 5.9%, իսկ 2019թ. հունվար-մայիս ամիսների համեմատ՝ աճը կազմել է 47.2 մլրդ դրամ կամ 8.3%:
Միաժամանակ, 2021թ. առաջին 5 ամիսների ընթացքում փաստացի հավաքագրված եկամուտների հաշվին հարկ վճարողներին վերադարձվել է շուրջ 68.6 մլրդ դրամ գումար: 2020թ. նույն ժամանակաշրջանում վերադարձվել է 52.8 մլրդ դրամ, իսկ 2019թ-ին՝ 43.4 մլրդ դրամ: Այսինքն՝ 2021թ. հունվար-մայիս ամիսների ընթացքում փաստացի հավաքագրված եկամուտների հաշվին հարկ վճարողներին վերադարձված գումարների աճը կազմել է 15.8 մլրդ դրամ կամ 29.9%, իսկ 2019թ. նույն ժամանակաշրջանի համեմատ՝ աճը կազմել է 25.2 մլրդ դրամ կամ 58.1%: Վերադարձված գումարները վերաբերում են ավելցված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարներին, շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարներին, ինչպես նաեւ հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի փոխհատուցվող գումարներին:
ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՍԻՍՈՒՄ
Նախօրեին շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Մասիսի բաժին, որ Այնթապ գյուղում դանակահարություն է եղել: Ոստիկանությունից հայտնել են, որ բժիշկները հայտնել են, որ կրծքավանդակի հետին մակերեսի կտրած-ծակած վերքերով դանակահարված 18-ամյա պատանին տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հայտնել էր, թե ընկել է: Մասիսի բաժնի օպերատիվ խումբը հայտնաբերել եւ ուսումնասիրել է դեպքի վայրը: Ահազանգից 50 րոպե անց, դանակահարություն կատարելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել նույն գյուղի բնակիչ 18-ամյա մեկ այլ պատանի:
Բացատրական աշխատանքի շնորհիվ նա խոստովանել է, որ ժամը 18-ի սահմաններում վիճաբանել է հասակակից համագյուղացու հետ եւ իր մոտ եղած դանակով երկու անգամ խփել է նրա մեջքին: Պատանու անձնական խուզարկությամբ գրպանից հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ, որով էլ, ըստ իր հայտնածի, դանակահարել էր հասակակցին: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են: