ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում 2020-ի հարկաբյուջետային եւ դրամավարկային ընդլայնող քաղաքականությունների արդյունավետ համադրման շնորհիվ հնարավոր է եղել ապահովել մակրոտնտեսական կայունություն:  Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ ԿԲ եզրակացության ներկայացմանը: «Համավարակի հետեւանքով առաջացած տնտեսական ճգնաժամն իր բացասական ազդեցությունն է ունեցել հարկային եկամուտների վրա: 2020-ին հարկային եկամուտները, նախորդ տարվա համեմատ, նվազել են շուրջ 5.4 տոկոսով, սակայն հարկային եկամուտների վերանայված ծրագրով նախատեսված ցուցանիշն ապահովվել է»,- ասել է նա:

 

Հարկային եկամուտների նվազումը պայմանավորվել է նաեւ տարվա երկրորդ եռամսյակում շահութահարկի գծով իրականացվող հիմնարար փոփոխություններով:

«2020-ին պետբյուջեի ծախսերը, նախորդ տարվա համեմատ, աճել են 16.3 տոկոսով՝ հիմնականում պայմանավորված կորոնավիրուսի համավարակի եւ ռազմական դրության հետ կապված սոցիալական նպաստների, այլ ծախսերի, դրամաշնորհների, ոչ ֆինանսական ակտիվների գծով, ինչպես նաեւ կենսաթոշակների գծով ծախսերի աճով»,- ասել է Գալստյանը:

Բյուջեի պակասուրդը եղել է ավելի մեծ, քան կապիտալ ծախսերն են: Հակաճգնաժամային միջոցառումների ֆինանսավորումը կառավարության կողմից իրականացվել է պետական պարտքի կանխատեսվածից զգալիորեն ավելի ծավալների ներգրավմամբ: Պետբյուջեի պակասուրդն աճել է՝ հասնելով ՀՆԱ-ի 5.4 տոկոսի:

«2020-ի հարկաբյուջետային եւ դրամավարկային ընդլայնող քաղաքականությունների արդյունավետ համադրման շնորհիվ հնարավոր է եղել ապահովել մակրոտնտեսական կայունությունը, ինչը չափազանց կարեւոր ձեռքբերում է՝ հաշվի առնելով տարվա մարտահրավերները եւ դրանց ազդեցության չափերը: Միեւնույն ժամանակ հարկաբյուջետային քաղաքականությունը, ինչպես եւ ամբողջ աշխարհում, արագ արձագանքելով համավարակի հետեւանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, իրականացվել է պարտքի զգալի ավելացման ճանապարհով՝ շեղվելով միջնաժամկետ եւ երկարաժամկետ նախանշված ծրագրերից»,- ասել է Գալստյանը:

ԿԲ-ն խնդրահարույց է համարում օժանդակության միջոցառումների մասնակի եւ ամբողջ ծավալով իրականացումը: ԿԲ-ն առանցքային է համարում առաջիկա տարիներին հարկաբյուջետային կարգավորումների շարունակական իրականացման միջոցով միջնաժամկետ պարտքի կայունության նպատակի հստակ ամրագրումը, ինչպես նաեւ տնտեսության կայուն զարգացման հիմքերի ամրապնդումը:

Ըստ նրա՝ 2020 թվականին տնտեսության հակաճգնաժամային աջակցության ծավալը շուրջ 215 միլիարդ դրամ է կազմել: «Հարկային եկամուտները, նախորդ տարվա համեմատ, նվազել են 5.4 տոկոսով, սակայն ոչ միայն տնտեսության կրճատման պատճառով, այլ նաեւ այն պատճառով, որ պետությունը նույնիսկ ճգնաժամային պայմաններում փորձեց հեշտացնել հարկերի վճարման ռեժիմը բիզնեսի համար: Մասնավորապես, անցյալ տարվա ամռանը բիզնեսն ազատվեց եկամտահարկի նախավճարից՝ 2020 թվականի երկրորդ եռամսյակի համար եւ այն վճարեց միայն տարեվերջին: Այսինքն` վեց ամսվա տարկետում ստացավ»,- պարզաբանել է Կենտրոնական բանկի ղեկավարը:

Արդյունքում, ինչպես նշել է Գալստյանը, պարզվել է, որ տնտեսությանն աջակցելու պետական ծրագրերը ֆինանսական առումով 2.5 անգամ ավելի են, քան նախկինում նախատեսված էր: Հաշվի առնելով այն, որ ճգնաժամի պայմաններում տնտեսությունը կրճատվել է, իսկ պետությունը լրացուցիչ միջոցներ է ծախսել բիզնեսին եւ քաղաքացիներին աջակցելու համար, պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ, որը 2019-ի վերջին 49.9 տոկոս էր, այժմ հասել է 63.5 տոկոսի:

Իսկ այժմ, ըստ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի, կառավարությունը պետք է գործողությունների ծրագիր մշակի, որպեսզի հաջորդ 5 տարվա ընթացքում պարտքի մակարդակն իջնի 60 տոկոսից ցածր:

 

 

ԲԱՆԱՁԵՎ՝ ԳԵՐԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանին: Հանդիպման ընթացքում տեղեկացվել է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովում այժմ մշակվում է հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ նոր բանաձեւ, ինչպես նաեւ նախապատրաստվում է Հայաստան-Ֆրանսիա խորհրդարանական բարեկամական խմբի այցը մեր երկիր: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը` Նիկոլ Փաշինյանը կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ակտիվ դերը այդ գործընթացում: Վարչապետի պաշտոնակատարը շեշտել է նաեւ Ֆրանսիայի Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության անհրաժեշտության մասին, ինչպես նաեւ հայ ռազմագերիների վերադարձի ապահովման նպատակով ընդունված բանաձեւերի կարեւոր նշանակությունը:

Ռիշար Ֆերանը հավելել է, որ ուշադրությամբ են հետեւում Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին: «Ֆրանսիան Հայաստանի կողքին է, խնդրում եմ մեր ուղերձը փոխանցեք հայ ժողովրդին: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Հայաստանում հաստատվի կայունություն եւ բարեկեցություն: Դուք միշտ ապավինել եք մեզ եւ կարող եք ներկայում ու ապագայում եւս ապավինել մեզ»,- ընդգծել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը:

Ֆրանսիական կողմը եւս մեկ անգամ շեշտել է Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությունը, Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի շուտափույթ ապահովման, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանման կարեւորությունը եւ այդ գործում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավումը: «Հույս ունենք, որ առաջիկա ընտրություններից հետո Հայաստանը կվերականգնի իր միաբանությունը եւ կգնա դեպի ապագա»,- ասել է պարոն Ֆերանը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, Հայաստանում տեղի ունենալիք ընտրություններին, մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը եւ երկուստեք հետաքրքրություն ունեցող մի շարք այլ հարցեր:

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ

2021 թվականի հունիսի 1-ին Երեւան քաղաքի Խորենացու փողոց-Նար Դոսի փողոց եւ Դավիթ Բեկի փողոց-Նուբարաշենի փողոց խաչմերուկների Նար-Դոսի եւ Նուբարաշենի փողոցների տրանսպորտային լուսացույցները երթեւեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն եւ կտեղակայվեն երթեւեկելի մասի վերեւի հատվածում:

 

 

ԲԱԳՐԱՏԱՇԵՆ-ՍԱԴԱԽԼՈ ԱՆՑԱԿԵՏԸ ԲԱՑ Է

ՀՀ քաղաքացիների տեղաշարժի համար հայ-վրացական սահմանային անցակետերից առայժմ բաց կլինի միայն Բագրատաշեն-Սադախլո անցակետը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Վրաստանում ՀՀ դեսպանությունը:  Անցակետը բաց է ամեն օր՝ ժամը 10:00-20:00 ընկած ժամանակահատվածում: Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող կորոնավիրուսի տարածման եւ կանխարգելման միջգերատեսչական խորհուրդը որոշում է կայացրել հունիսի 1-ից բացել ցամաքային սահմանները։ Վրաստան հնարավոր կլինի մուտք գործել.

վերջին 72 ժամվա ընթացքում արված PCR թեստի բացասական պատասխանի առկայության կամ պատվաստման ամբողջ կուրսն (երկու դեղաչափ) անցնելու եւ միաժամանակ PCR թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում։

Միայն PCR թեստով Վրաստան ժամանած քաղաքացիները պարտավոր են երկիր մուտք գործելուց հետո՝ 72 ժամվա ընթացքում եւս մեկ թեստ հանձնել, իսկ պատվաստման ամբողջ կուրսն անցած քաղաքացիները ժամանելուց հետո թեստ հանձնելու անհրաժեշտություն չունեն:

 

 

ԹՄՐԱՄԻՋՈՑԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՄԱՆ ՓՈՐՁ

Մայիսի 31-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել քաղաքացի Մ. Թ.-ի կողմից դատապարտյալ Ռ. Մ.-ի անվամբ բերված հանձնուքը: Զննությամբ անձեռոցիկի տուփում հայտնաբերվել է ենթադրաբար թմրամիջոցով ներծծված, մաշկային կպչուն երկու ժապավեն (կիրառվում է մաշկից արյան մեջ ներթափանցելու կամ ժապավենը ջրում եռացնելու արդյունքում ստացված հեղուկը ներարկելու եղանակով): Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

 

 

108 ՆՈՐ ԴԵՊՔ

Հունիսի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222778 դեպք, որոնցից 213429-ը` առողջացած, 4445-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3822 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1087240 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 3280 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 108 նոր դեպք: Ունենք 221 առողջացած եւ 7 մահվան դեպք:

 




Լրահոս