Ալիկ Սարգսյանն աշխատում է Ռոբերտ Քոչարյանի համար. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը չնայած ընդգրկված չէ որեւէ ուժի ընտրացուցակում, սակայն աշխատում է Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի համար․ մամուլում թյուրիմացաբար լուր էր հայտնվել, թե նա հեռացել է Հայաստանից։ Արտաշատում մի քանի օր առաջ Քոչարյանի եւ իր համակիրների հանդիպմանն էլ նա ներկա է գտնվել։

Ի դեպ, հանդիպումը կայացել է Ալիկ Սերգեյիչի եղբայրներին պատկանող «Նոր Արտաշատ» ռեստորանում։ «Այո, ես էլ եմ մասնակցել, ես դիմավորեցի, իմ մոտ է եղել, իմ նախագահն է, տասը տարի աշխատել եմ, համակիրը լինելուց բացի, ես հարգում եմ իրեն»,- երեկ ասաց նա՝ շեշտելով, որ պաշտոնի հավակնություններ չունի։

«Բայց իմ խղճի մտոք․․․ ես տեսնում եմ, որ երկիրը լավ տեղ չի գնում, ու պետք է ինչ-որ ձեւով միջամտել»։

Անդրադառնալով լրատվամիջոցներում հայտնված տեղեկություններին, թե ինքը լքել է Հայաստանը, Սարգսյանն ասաց, որ 3-4 օրով մեկնել է Մոսկվա ու վերադարձել․ «Գնացել էի հետազոտվելու, սրտիս հետ կապված ժամկետն էր, փառք աստծո, նոր ստենտավորման կարիք չառաջացավ, վերադարձա Հայաստան»։ Այլ հարցերի նա չցանկացավ պատասխանել։

Հիշեցնենք, որ Ալիկ Սարգսյանը Մարտի 1-ի գործով մեղադրվում է միանգամից 3 հոդվածով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու եւ հանցագործությունը պարտակելու համար: Նախկին ոստիկանապետի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, երկրից բացակայել է ՀՔԾ քննիչի թույլտվությամբ։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս