Հայաստանում ապրելը վտանգավոր է կյանքի համար։ Վտանգավոր է՝ ինչպես սահմանամերձ Իշխանասարում կամ Վերին Շորժայում, այնպես էլ՝ Երևանի Աբովյան փողոցում։ Օրը ցերեկով Երեւանի Կենտրոնում Ժամը 10։50-ի սահմաններում, երբ Մոսկվա կինոթատրոնի մոտ մի խումբ երիտասարդներ սրճում էին, իսկ մի խումբ երեխաների դաստիարակները նրանց ուղեկցում էին Մոսկվա կինոթատրոն, հնչեցին կրակոցներ։ Կրակոցները ուղղված էին երկու ավտոմեքենաների, որի հետևանքով Land Crauser մեքենայի մոտ սպանվեց մոտ 50 տարեկան մի տղամարդ, երկրորդ մեքենան զրահապատ էր։
Այս իրավիճակում առավել մտահոգիչ է մեկ հանգամանք, օրը ցերեկով Երեւանի կենտրոնում մարդ են սպանում եւ իրավապահներն անգամ չեն բացառում, որ այս սպանությունները մեկը մյուսի շարունակությունն է, սակայն հնարավոր վենդետան կանխելու համար ոչինչ չեն արել կամ առնվազն արդյունավետ գործիքներ չեն կիրառել։
ArmLur.am-ը փորձել է ամփոփել եւ ներկայացնել, թե ինչ հաճախականությամբ են Երեւանի կենտրոնում նման սպանությունների դեպքեր տեղի ունեցել:
2014 թվականին Վերնիսաժի տարածքում Գոռ Առաքելյանը՝ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան, վիճաբանության ժամանակ բազմաթիվ մարդկանց ներկայությամբ կրակոցներ էր արձակել, ինչի հետևանքով 5 հոգի վիրավորվել էր: 2015 թվականին նա դատապարտվել էր 6 ու կես տարվա ազատազրկման, սակայն անցյալ տարի նախագահ Սերժ Սարգսյանը վերջինիս ներում էր շնորհել, և Գոռ Առաքելյանն ազատ էր արձակվել, սակայն ավելի ուշ նրան հայտնաբերեցին մահացած՝ հյուրանոցներից մեկում:
Իսկ ահա 2017թ. սեպտեմբերի 14-ին Երևանի կենտրոնում՝ Վերնիսաժի հարևանությամբ՝ Թուֆենկյան հյուրանոցի մուտքի մոտ, կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով եղել են վիրավոր եւ զոհ: Վիրավորը Ալավերդու բնակիչ 39-ամյա Վահագն Աբգարյանն էր: Թուֆենկյան հյուրանոցի մոտ հայտնաբերվեց տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով: Սպանվածը ևս Ալավերդուց էր՝ 43-ամյա Գագիկ Մոսինյան: Պարզվեց, որ միասին են եղել, երբ նրանց ուղղությամբ կրակել են, նաև, որ հրազեն գործադրողները երեքով են եղել:
Ամեն դեպքում, մեր երկրի անկախության առաջին իսկ տարիներից ՀՀ-ում տեղի են ունեցել աղմկահարույց սպանություններ, որոնց, որպես կանոն, հաջորդել է անաղմուկ չբացահայտումը: Սակայն այս հոդվածում կենտրոնացել ենք հենց Երեւանի կենտրոնում տեղի ունեցած սպանությունների վրա: 2006 թվականի սեպտեմբերի 06-ի առավոտյան 9:30-ի սահմաններում Բայրոնի փողոցի սկզբնամասում ահաբեկչության զոհ էր դարձել ՀՀ Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վաչության պետ Շահեն Հովասափյանը: Պայթեցվել էր Շահեն Հովասափյանի ծառայողական «ԳԱԶ-3110» ավտոմեքենան, ինչի հետեւանքով Հովասափյանը տեղում մահացել էր:
Նախաքննությամբ պարզվել էր, որ պայթուցիկ սարքը մագնիսով ամրացված է եղել դրսից, առջեւի ուղեւորի նստատեղի տակ: Իհարկե, այսպիսի դեպքերն ավելի շատ են եղել եւ որպես կանոն քչերն են մինչեւ վերջ բացահայտվել՝ Համբարձում Ղանդիլյան, Մարիուս Յուզբաշյան, Համբարձում Գալստյան, ՊՆ փոխնախարար Վահրամ Խորխոռունի, նախկին գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյան, ՆԳ փոխնախարար Արծրուն Մարգարյան, ՊԵԿ նախկին նախարար Գագիկ Պողոսյան, հարկային օպերատիվ վարչության պետ Շահեն Հովասափյան, ՀՀ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյան:
Ամեն դեպքում, քանի որ պետության գլուխն այժմ խառն է, կրիմինալը կրկին գլուխ է բարձրացրել:
Ն.Հ.