ArmLur.am-ը տեղեկացավ, որ հաշվեքննիչ պալատն ուսումնասիրել է էկոնոմիկայի նախարարության պարգեւատրումների տրամադրման ընթացակարգերը: Արդյունքում պարզվել է, որ պարգեւատման գումարները, հիմնական աշխատավարձի գումարների համեմատ, կազմել են 20-251 տոկոս: Անգամ դեպքեր են եղել, երբ աշխատակիցն ընդունվել է աշխատանքի եւ նույն ամսվա համար արդեն իսկ ստացել է պարգեւատրում: Բացի այս, աշխատակիցների որակյալ աշխատանքների կամ հատուկ առաջադրանքներ կատարելու վերաբերյալ հիմնավորումները բացակայել են:
Նաեւ՝ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնում 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ պահեստում առկա են եղել ժամկետանց պատվաստանյութեր: Օրինակ՝ պահեստում եղել է 870 հազար դրամ ընդհանուր գումարով թռչունների կեղծ ժանտախտ «H» շտամի կենդանի չոր պատվաստանյութ, որի պիտանելիության ժամկետն ավարտվել է 2020 թվականի հունվար ամսին, բայց դրանք եղել են պահեստում: Պիտանելության ժամկետում չի եղել նաեւ խոզերի դասական ժանտախտի դեմ կիրառվող կենդանի չորացված պատվաստանյութը:
Ստացվում է, որ պատվաստանյութերի գնման չափաբաժինները ոչ միայն ճիշտ չեն պլանավորվել, այլեւ խախտվել են օգտագործման ժամկետները:
Ս. Հ.