ՄՈՒՐԱԴՈՎԸ ԿԳԱ ԿԱՍԻ՝ ԻՆՉ ԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Մոսկվայում տեղի են ունեցել եռակողմ բանակցություններ Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ՝ գերեվարված զինծառայողների հարցով: Սակայն երեկ՝ ուշ գիշերվա դրությամբ, դեռ որեւէ դրական տեղաշարժի կամ նորության մասին հայտնի չէ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր Երեւանում կլինի Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը, ում գլխավորությամբ էլ անցկացվում էին բանակցությունները, եւ ով մի քանի օր գտնվում էր ՌԴ-ում՝ հանդիպումը կազմակերպելու նպատակով:  Հայկական կողմից բանակցություններին մասնակցել են ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշակ Կարապետյանը եւ սահմանապահ զորքերի շտաբի պետ Արման Գասպարյանը: Ադրբեջանական կողմը ներկայացրել է արտաքին հետախուզության ղեկավար Օրխան Սուլթանովը, դե իսկ ՌԴ-ից էլ՝ Մուրադովը, որն էլ, այսօր գալով Երեւան, մանրամասներ կհայտնի իրավիճակից: Նկատենք, որ բանակցությունները ռազմագերիների վերադարձի հարցին էին վերաբերում, սակայն առանցքում հատկապես այն վեց գերիների հարցն էր, որոնք գերեվարվել են ՀՀ ՊՆ զորամասի պահպանության տարածքից, եւ ՀՀ պահանջներից մեկը եղել է այն, որ վերջիններս անհապաղ վերադարձվեն ՀՀ: Թե ինչ է որոշվել բանակցությունների արդյունքում, դեռ պարզ չէ, սակայն երեկվա դրությամբ դրական լուրի մասին տեղեկություններ դեռ չկային:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` հայրենի իշխանությունը նպատակ ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում իր վստահելի անձանց թիվը ավելացնել: Բանն այն է, որ իշխանության նպատակը ԱԺ արտահերթ ընտրություններից հետո այդ հանձնաժողովին ավելի շատ լծակներ հատկացնելն է, որպեսզի կարողանան անցանկալի կերպարներին պատժել կոռուպցիայի դեմ պայքարի հնչերանգի տակ։ Լավատեղյակ աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ հիմա իշխանությունը հավատարիմ անձանց է փորձում գործուղել այդ հանձնաժողով, եւ այս պահին էլ կադրային փնտրտուքի մեջ են ու փորձում են գտնել այնպիսի անձանց, որոնք կկարողանան այնտեղ «գործ անել»: Պարզվում է՝ արդեն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի երկու  օգնականներ` Համազասպ Դանիելյանի եւ Սոս Ավետիսյանի օգնականները, «գործուղվել են» հանձնաժողով։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը թափուր տեղերի համար մրցույթ է հայտարարել, ու հաղթել են պատգամավորների օգնականները: Չնայած այն բանին, որ հեղափոխական իշխանությունը հայտարարել էր, որ կոռուպցիան իսպառ վերացնելու են Հայաստանից, բայց մինչեւ այսօր այդ հայտնի կոռուպցիոներները բացահայտված, կալանավորված կամ դատապարտված չեն:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եղբոր սպանության գործով իրավապահ համակարգի ներկայացուցիչները հայտնվել են փակուղու առջեւ։ Ինչպես հայտնի է, ենթադրյալ մարդասպանը հրկիզել էր ավտոմեքենան եւ սպանության գործիքը՝ հրազենը։ Եվ այժմ իրավապահ համակարգի ներկայացուցիչները նշում են, որ հրկիզումն այնպես է իրականացվել, որ մեքենայի եւ ավտոմատի հետ կապված բոլոր տվյալները վերացվել են, եւ չեն կարող պարզել՝ զենքը կամ ավտոմեքենան ինչ ծագում ունեն։ Եվ, մեր տեղեկություններով, իրավապահ համակարգում քննարկումներ են եղել, որ մարդասպանը շատ պրոֆեսիոնալ է գործել, որի հետեւանքով իրավապահ համակարգը հայտնվել է խնդրի առջեւ եւ այս գործով այսօրվա դրությամբ ունի զրոյական արդյունք։

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանը հուլիսից մինչեւ սեպտեմբեր չի շահագործվելու։ Մեզ հայտնի դարձավ, որ այս ընթացքում Ռուսաստանում գտնվող մեր այն հայրենակիցները, որոնք ավիատոմսեր էին գնել հուլիս, օգոստոս ամիսների համար եւ պետք է Շիրակ օդանավակայանով վերադառնային հայրենիք, այս ընթացքում հետ են վերադարձնում դրանք։ Թե ինչու մի քանի ամիս չի շահագործվելու, այս հարցին պատասխան ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտե, որտեղից, բնականաբար, մեր երկարատեւ զանգերին չպատասխանեցին։ Իսկ, ահա, քաղավիացիայի «Թեժ գիծ» հեռախոսահամարին զանգահարելուց հետո պարզ դարձավ, որ օդանավակայանը ժամանակավոր է փակվում հուլիսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 15-ը։ Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օդանավակայանն իրականում փակվում է՝ վերանորոգման եւ հետագայում ռազմական նշանակության ծառայելու համար։ Ի դեպ, օդանավակայանի տեխնիկական սպասարկման ղեկավար Հենրիկ Սարգսյանի խոսքերով՝ այն նաեւ ծառայելու է ռազմական օդանավերի համար։ Ավելին, «Շիրակ» օդանավակայանի նոր ծածկույթը համապատասխանելու է ռազմական օդանավերի թռիչքների եւ վայրէջքների համար, իսկ օդանավակայանի վազքուղու վերակառուցման ծրագիրը, փաստորեն, նախատեսված է իրականացնել հուլիսից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։

 

 




Լրահոս