«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՍԽԱԼ ԹՈՒՅԼ ՏՎԵՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ցուցակի ներկայացուցիչ, փաստաբան Հովիկ Արսենյանի հետ: Մեր զրուցակիցը խոսել է «Հայաստան» դաշինքի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների վերաբերյալ: Արսենյանը նշել է, որ իրենց քաղաքական կուսակցությունն այն ուժն է, որին պետք է քաղաքացիները ձայն տան:

 

-Հստակ է, որ հունիսի 20-ին ՀՀ-ում սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, բոլոր քաղաքական ուժերը թեժ պայքարի մեջ են մտել, բոլորն իրենց ներկայացնում են հաղթողի դերում: Ի՞նչ ակնկալել. Դուք քաղաքացիների հետ հանիդիպումներ ունենո՞ւմ եք, ի՞նչ է մտածում հանրությունը: Կարելի՞ է սպասել հետընտրական պրոցեսների:

-Այն, որ սպասում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ, սա ողջունելի էր, եւ իշխանությունները վերջապես կարողացան կողմնորոշվել, եւ նշանակվեց ընտրություններ: Ես համարում եմ, որ  մեր ժողովրդի ու պետության համար ճակատագրական, պատմական պահ է: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր իրավունքը իրացնի եւ անպայման իր ընտրությունը կատարի տարբեր կուսակցությունների եւ դաշինքների միջեւ: Կարծում եմ, որ ընտրությունները մեծ նշանակություն կունենան մեր պետության ամրապնդման, անվտանգության եւ քաղաքացիների իրավունքների ազատության մասով:

-Ի՞նչ պետք է սպասել քաղաքական ուժերից, քանի որ շատ ուժեղ պայքար է սկսվում: 27 ուժ թեկնածություն է ներկայացրել ընտրություններում:

-Երբեւիցե չէի կարող մտածել, որ ՀՀ-ում այնպես կուսակցություններ կբուսնեն եւ մարդ կուսակցություններ: Իմ գնահատականը հետեւյալն է, որ դրանք պատեհապաշտ, կարիերիստ մարդիկ են, որոնք անպայման ուզել են այս կամ այն դաշինքի կամ մեծ կուսակցութունների մեջ ընդգրկվելով՝ հայտնվեն Ազգային Ժողովում: Այնպես է պատահել, որ այսօր այլեւս 27 դաշինքներ եւ կուսակցություններ են մասնակցելու ընտրություններին: Պետք է յուրաքանչյուրի հետ կապված քաղաքացին ընտրություն կատարի: Ես 20 տարի է՝ ընտրության շարքերում եմ, տեսել եմ բազմաթիվ անձանց, որոնք քաղաքական հալածանքների են ենթարկվել, եւ ինձ համար մեծ ցավ է, որ այսօր այպիսի արտահայտություններ, երեւույթներ են տեղի ունենում որոշ դաշինքների,  կուսակցությունների կողմից, որ անհարիր է մեր պետությանն ու քաղաքացիների անվտանգությանը:

Մասնավորապես, ես ցանկանում եմ ուշադրությունը հրավիրել «Հայաստան» դաշինքի վրա: Անունը «Հայաստան» է, նվիրական անուն, բայց ի սկզբանե ասեմ, որ 5-րդ շարասյունն է: Որեւէ նպատակ, որ հետապնդի կամ ծրագիր, որ կոնկրետ ներկայացնեն, գոյություն չունի: Ավելին՝ առաջնորդ հորջորջող Քոչարյանն այնպիսի հայտարարություններ է թույլ տալիս իրեն, կարծեք թե մենք իր օրոք չենք ապրել: Մի քանի սերունդ է դատապարտվել իր եւ հետո 3-րդ նախագահի կառավարման ժամանակաշրջանում: Քոչարյանի օրոք էր, որ ստրատեգիական բազմաթիվ ուղղություններ օտարվեցին ռուսներին: Այդտեղից է սկսվել մեր անվտանգությունը խարխլվել:

-Ըստ Ձեզ՝ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը չի՞ բարձրացել:

-Մենք այս իրականությունում ենք ապրում, ես չեմ  պատկերացնում, պետք է ընտրազանգվածին համարի ոչխարներ,  նախիր, պետք է անասուն անվանի: Ինչպե՞ս եք պատկերացնում, որ իմ ընտրողը՝ ՀՀ քաղաքացին, կգնա եւ խիղճը կորցրած Քոչարյան կամ նրա դաշինքին կընտրի:  Դա ունի միայն մի նպատակ՝ կախվածությունը ապահովել Ռուսաստանի հետ, հետագայում  միգուցե միանա Ռուսաստանին այն դեպքեւմ, երբ այսօր Ռուսաստանը մեկուսացված է աշխարհից: Ռուսաստանը չունի գեթ մեկ բարեկամ պետություն, որովհետեւ առաջին հերթին իր շահերից ելնելով՝ վնաս է պատճառել իր հետ համագործակցող պետություններին:

-Քաղաքացին ի՞նչ կարող է անել այս պարագայում: Կա՞ տարբերակ, մեկ այլ քաղաքական ուժ, որ կգա, կպայքարի քաղաքացու իրավունքների, խաղաղ ապրելու, անվտանգությունը երաշխավորելու համար:

-Կհասնեն դրան: Կողմ չենք նրան, որ Նիկոլի իշխանության ժամանակ առաջընթաց ունենք: Որքան նրան կարող ենք քննադատել եւ ասել, որ այդ չար ուժը չպետք է նորից վերադառնա: Այս  իշխանությունը ճակատագրական սխալ թույլ տվեց՝ կադրային քաղաքականություն, սեւ ու սպիտակ բաժանելը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ՀԱՅՏ ՉԿԱ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի սակագնի վերանայման հայտ չի ստացել: Այս մասին  ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Բաղրամյանը նախ հայտնեց, որ գազի ներմուծման պայմանագիրը երկարաձգվել է մինչեւ հուլիս: Դրանից հետո պետք է լինի նոր պայմանագիր: «Անկախ նրանից, թե ինչ կբանակցեն, եւ սահմանին ինչ գին կձեւավորվի, վերջնական սպառողների համար սակագների փոփոխության հստակ ընթացակարգ կա, կա՛մ հանձնաժողովն իր նախաձեռնությամբ պետք է ձեռնարկի սակագնի վերանայում, կա՛մ պետք է լինի սակագնի վերանայման հայտ: Իսկ այդ հայտնի ուսումնասիրության համար օրենքով նախատեսված է առնվազն 80 աշխատանքային օր քննարկում: Քննարկման ավարտից հետո սահմանված սակագներն էլ ուժի մեջ են մտնում 30 օր հետո: Այս պահին սակագնի վերանայման հայտ չունենք»,- ասել է Բաղրամյանը:

 

 

ԱՐՏԱՀԵՐԹ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ հայրենի իշխանությունները նպատակ ունեն առաջիկայում մի քանի արտահերթ նիստեր հրավիրել, որի ժամանակ պատրաստվում են քննարկել այնպիսի հարցեր, որոնք իրենց կօգնեն տարբեր համակարգերում փոփոխություններ իրականացնել: Հունիսի 3-ին հայրենի կառավարությունն արդեն արտահերթ նիստ է հրավիրել, որտեղ գլխավոր թեման լինելու է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծերը քննարկել: Օրակարգում այլ հարցեր եւս ներառված են, որոնք երկրորդ ընթերցման պետք է ներկայացվեն:

Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունները նաեւ մի փաստի առաջ են կանգնել. բանն այն է, որ հունիսի 7-ին մեկնարկելու է ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավը, իսկ խորհրդարանում պետք է հանձնաժողովներում քննարկվի ՀՀ պետական բյուջեի 2020 թվականի կատարողականը: Ու պետք է ամեն ինչ անեն, որպեսզի իշխանականները ե՛ւ կարողանան խորհրդարանում ներկայացվածություն ունենալ, ե՛ւ  նախընտրական քարոզարշավով զբաղվել, տարբեր հարցեր լուծել: Ի դեպ, երեկ խորհրդարանի տնտեսական հարցերի ու ֆինանասվարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացվեց բյուջեի կատարողականը, որտեղ հրավիրել էին մասնակցելու նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին:

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՈՒԺԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԱՌԹԻՎ

Արցախի գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որը հետագա նախաքննության կատարման համար, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է Արցախի քննչական կոմիտե:

Այս մասին տեղեկացրել է Արցախի դատախազությունը: «Քրեական գործը հարուցվել էր հաղորդմամբ ներկայացված՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի առաջխաղացումը հեշտացնելու համար նախապես ճանապարհ հարթելու, Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող անձանց կողմից մարտական դիրքերը լքելը նախապես ծրագրելու ենթադրյալ հանցավոր արարքների առթիվ»,- փոխանցել է դաատախազությունը:

Նշենք, որ նախաքննական մարմինը սպասում է պետական տարբեր մարմիններին ուղղված հարցումների պատասխաններին, որոնք ստանալուց հետո պետք է իրականացվեն մի շարք հարցաքննություններ, իսկ այս պահին քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք չկան:




Լրահոս