ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում վերահսկողություն է իրականացնելու «Ընտրությունների վերահսկման կոմիտե»-ն: Դիտորդական առաքելությունը բաղկացած կլինի շուրջ 100 դիտորդից, նրանց ֆունկցիոնալությունն  էլ լինելու է շատ տարբեր:

 

Նրա խոսքով՝ ավելի շատ աշխատելու են շրջիկ դիտորդների տրամաբանությամբ. «Մենք նախընտրական ողջ շրջանում դիտորդական առաքելություն ենք ունենալու, ցանկացած պարագայում, եթե կխախտվի ընտրությանը մասնակցող այս կամ այն քաղաքական ուժի նկատմամբ որեւէ նախընտրական պահանջ, մենք լինելու ենք տեղում՝ ոչ միայն որպես վերահսկողներ, այլեւ քաղաքացիներ, որոնք փորձելու են հնարավորինս նպաստել, որ ենթադրյալ խախտումները չլինեն»,- նշեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Ընտրությունների վերահսկման կոմիտե»-ի գործունեությունը տարածվելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների ինչպես նախընտրական ժամանակահատվածի՝ պաշտոնական քարոզչության եւ դրան նախորդող մի քանի օրերի, այնպես էլ քվերակության օրվա եւ, եթե լինեն հետընտրական գործընթացներ, դրանց վրա:

«Անցյալ տարի իշխանությունները շատ տարօրինակ գործընթաց էին սկսել՝ սահմանադրական հանրաքվե՝ ՍԴ մի քանի դատավորների աշխատանքից ազատելու բովանդակությամբ, եւ «Այո» քարոզչական կողմին զուգահեռ ձեւավորվեց նաեւ իրավաբաններից բաղկացած «Ոչ» քարոզչական կողմը։ Այդ ժամանակ մենք փորձեցինք հանրային վերահսկողություն իրականացնել իշխանությունների կողմից իրականացվող գործունեության, օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ եւ այլն»,- հիշեցրեց իրավապաշտպանը՝ նշելով, թե այս անգամ էլ վերահսկողություն կիրականացնեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։

Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու համար մինչեւ այս պահը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) հավատարմագրվել է մեկ տեղական հասարակական կազմակերպություն՝ «Թարնսփարենսի ինթերնեշնլ»-ը՝ իր 67 դիտորդով, եւ երկու միջազգային կազմակերպություն։ Հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը հունիսի 5-ն է:

«Այստեղ են ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի հիմնական կազմը, եւ երկարաժամկետ դիտորդները թվով 38-ն են: Հավանաբար նաեւ կլինեն կարճաժամկետ դիտորդներ, որոնց քանակի վերաբերյալ այս պահին տեղեկատվություն դեռ առկա չէ: Մյուս միջազգային կազմակերպությունը, որը այս պահին հավատարմագրված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ԱՊՀ դիտորդական առաքելությունն է, մոտ 70 դիտորդներ են հավատարմագրվել:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ը ընտրությունները դիտարկելու համար հանդես է գալու դաշինքով. չորս կազմակերպություններ՝ «Թրանսփարենսին», «ժուռնալիստների ասպարեզ ակումբ»-ը, «Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամն ու «Իրավունքի զարգացման եւ պատշպանության» հիմնադրամը կազմավորել են «Ականտես» դիտորդական առաքելությունը։

Ընտրությունների մասնակիցների թիվը երկրում 2 միլիոն 583 հազար 823 է, մասնակցում է 22 կուսակցություն եւ 4 դաշինք, ձեւավորվել է 2008 ընտրատեղամաս։

Իսկ Անկախ պետությունների համագործակցության գործադիր կոմիտեի դիտորդական առաքելություն իրականացնող խումբը սկսել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հետ կապված իր մոնիթորինգային աշխատանքը: ՊՀ դիտորդական առաքելության խմբում ընդգրկված կլինի 70 դիտորդ: Եվ նախօրեին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ընդունել է 2021 թվականի հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊՀ գործադիր կոմիտեի բաժնի ղեկավար Եվգենի Կոզյակին եւ ԱՊՀ գործադիր կոմիտեի խորհրդական Օլեգ Կուլեբային։

Ն.Հ.

 

 

 

ԿՄԵԿՆԻ ՂԱԶԱԽՍՏԱՆ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն: Այցի ընթացքում նախատեսված են նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումները Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ: Ա. Սարգսյանը կհանդիպի նաեւ Ղազախստանի խորհրդարանի ղեկավարության հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն ինչպես տարբեր ոլորտներում հայ-ղազախական երկկողմ համագործակցությանը եւ միջպետական փոխհարաբերություններին, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում գործակցությանը վերաբերող հարցեր:

 

 

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԳԵՐԻՆԵՐԻ ԴԱՏԸ

Ադրբեջանի ռազմական դատարանում մեկնարկել է հայ գերիներից Լյուդվիգ Մկրտիչի Մկրտչյանի (1969թ.) եւ Ալյոշա Արամայիսի Խոսրովյանի (1967թ.) գործը: Բաքուն նրանց մեղադրում է Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի ռազմագերիներին իբր կտտանքների ենթարկելու համար: Նշենք, որ Լյուդվիգ Մկրտչյանը գերեվարվել է 2020թ. հոկտեմբերի 20-ին Ֆիզուլում, Ալյոշա Խոսրովյանը՝ 2020-ի հոկտեմբերի 3-ին: Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալներով՝ պատրաստվում են մի ամբողջ շարք ռազմագերիների (14 մարդ) դատավարություններ՝ նման մեղադրանքներով։ Շինծու գործով որպես տուժած անցնում է 12 ադրբեջանցի: Այսպիսով, Ադրբեջանը անտեսում է միջազգային հանրության՝ գերիներին անհապաղ ազատ արձակելու բոլոր կոչերը։

 

 

ԱԶԱՏՎԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը եւ Արցախյան պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների դիերի եւ մասունքների պահման գործընթացում ընդգրկված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից: ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն: Հիշեցնենք, որ մայիսի 31-ին պատերազմում անհետ կորածների հարազատները երկկողմանի փակել էին Երեւանի Հերացու փողոցը: Նրանք պնդում էին, որ իրենց երեխաների աճյուններն այսքան ժամանակ պահվել են սառնարաններում, եւ իրական տվյալները չեն ներկայացվել:

 

 

ՆՇԱՆԱԿՈՒՄ

Արտակ Բեգլարյանը նշանակվել է Արցախի պետական նախարար, Գրիգորի Մարտիրոսյանն իր դիմումի համաձայն երեկ ազատվել է այդ պաշտոնից։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախարարության աշխատակազմին է ներկայացրել նոր պետական նախարարին՝ նշելով, որ Բեգլարյանը համակարգելու է աշխատանքի, սոցիալական եւ միգրացիայի հարցերի, առողջապահության, արդարադատության, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարների գործունեությունը, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված օրենսդրական բարեփոխումների ընթացքը:

 

 

ՕԳՆԱԿԱՆՆԵՐԸ՝ ԼՀԿ-Ի ՑՈՒՑԱԿՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ընտրացուցակները: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակում ընդգրկված պատգամավորների օգնականներին արդեն անդրադարձել էինք, այս անգամ կանդրադառնանք արդեն «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրացուցակին, որում եւս կան պատգամավորների օգնականներ:

Այսպիսով, ցուցակի 24-րդ համարն Աստղիկ Ավետիքյանն է, 39-րդ համարը՝ պատգամավոր Ստեփան Ստեփանյանի օգնականը՝ Քնարիկ Պետրոսյանը, 42-ը՝ պատգամավորի օգնական Աիդա Ազատյանը, 54-ը՝ Դիաննա Ղազարյանը, 55-ում՝ Արարատ Պապյանը, իսկ 82-ն էլ՝ Սարգիս Նիազյանը: Այսինքն՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության 107 հոգանոց ընտրացուցակի մեջ պատգամավորների օգնականները 6-ն են:

 

 

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ՝ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատը ստուգումներ է անցկացրել Էկոնոմիկայի նախարարությունում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ստուգվել են Կոտայքի մարզի թվով 17 գյուղերը սպասարկող անասնաբույժներին հանձնված եւ ծախսված պատվաստանյութերը։ Պարզվել է, որ 17 գյուղերից միայն չորս են ապահովված եղել Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի (ԳԾԿ) կողմից տրամադրված աշխատող սառնարաններով: Մնացած գյուղերում կա՛մ բացակայել են տրամադրված սառնարանները, կա՛մ դրանք չեն աշխատել:

Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պատվաստանյութերը հիմնականում պահվել են անասնաբույժների անձնական սառնարաններում՝ օգտագործվող սննդամթերքի կողքին։

Մինչդեռ անասնաբուժական դեղամիջոցները պետք է պահվեին համապատասխան ջերմային պայմաններում եւ պահանջվող ժամկետում օգտագործվեին: Օրինակ, Գեղաշեն գյուղ այցելության ժամանակ պարզվել է, որ պատվաստանյութը պահվում է նկուղում այն դեպքում, երբ տվյալ պատվաստանյութերի պահման համար նախատեսված է +2-ից +8 ջերմաստիճանային պայմանները, իսկ գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի կողմից տվյալ գյուղի անասնաբույժին տրամադրված սառնարանը առկա չի եղել։

 




Լրահոս