ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել Սյունիքի ՀՀ սահմանային բնակիչների նկատմամբ ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքների վերաբերյալ. «Այս հայտարարությունը վերաբերում է Սյունիքի մարզի Խնածախ, Խոզնավար, Արավուս, Վերիշեն, Ակներ գյուղերից Մարդու իրավունքների պաշտպանին ուղղվող ահազանգերին այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայության պատճառով սահմանային բնակիչների իրավունքները կոպտորեն ոտնահարված կամ լրջորեն վտանգված են:
Մասնավորապես, ըստ 2021թ. մայիսի 23-ին Արավուսից ստացած ահազանգի՝ ադրբեջանական զինվորականները ՀՀ տարածքից տարել են գյուղի հովիվների 42 խոշոր եղջերավոր կենդանի: Այնուհետեւ նրանց հետ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատարի, ՌԴ զինվորականների եւ Տեղ համայնքի ղեկավարի, Արավուս գյուղի վարչական ղեկավարի մասնակցությամբ բանակցությունների արդյունքում վերադարձվել են կենդանիներից 37-ը: Այս մասին եղել է նաեւ հրապարակում լրատվամիջոցներում:
Դեպքի հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանը պարզել է, որ ՀՀ տարածքում՝ Տեղ համայնքի Արավուս գյուղի արոտավայրում, իրենց խոշոր եղջերավոր կենդանիներն արածեցնող գյուղի 2 հովիվներին մայիսի 23-ին՝ ժամը առավոտյան 10-11-ի սահմաններում, մոտեցել են ադրբեջանական զինված մի քանի ծառայող: Սկզբում ձեռքով հարվածել եւ ձիուց վայր են գցել հովիվներից մեկին, որի մոտից հափշտակել են նրա բջջային հեռախոսը:
Այնուհետեւ, մյուս՝ 65-ամյա հովիվի հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, պահանջել են, որ այլեւս այդ արոտավայրում կենդանիներ չարածեցնեն: Հովիվը պնդել է, որ այդ արոտավայրերն Արավուս գյուղինն են, գտնվում են ՀՀ տարածում, եւ իրենք շարունակելու են այդ վայրերում արածեցնել իրենց կենդանիներին:
Ի պատասխան՝ ադրբեջանական զինծառայողները զենքի ցուցադրումով հովիվներին տվել են կյանքի դեմ ուղղված սպառնալիքներ, նրանցից մեկը բռնել է Արավուսի 65-ամյա բնակիչ հովիվին ականջներից եւ փորձել է գլխով հարվածել նրան: Դրանից հետո իրենց հետ տարել են 42 խոշոր եղջերավոր կենդանիներին, 2 ձին, հովիվներից մեկի բջջային հեռախոսն ու հեռացել: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է, որ ինչպես վերը նշվեց, 42-ից վերադարձվել է 37-ը, 2 ձին եւ հեռախոսը, իսկ 5 ցուլ չեն վերադարձրել:
Դրանից հետո 2 ցուլը փախել-վերադարձել են՝ չնայած ադրբեջանական զինծառայողները փորձել են թույլ չտալ, իսկ 3 ցուլն այդպես էլ չեն վերադարձվել:
Նշված դեպքից բացի, մայիսի 30-ին՝ ժամը 15-ի սահմաններում, ադրբեջանական զինվորները քարեր են նետել Արավուս գյուղի հովիվի եւ գյուղին պատկանող արոտավայրում արածող իր կենդանիների ուղղությամբ, ինչպես նաեւ զենքի ցուցադրումով բարձր գոռգոռալով սպառնացել են Արավուսի հովիվին: Սպառնալիքներ են տվել նաեւ գյուղի այլ բնակիչների՝ խոսելով ադրբեջաներեն ու ռուսերեն լեզուներով:
Մայիսի 30-ին Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգ է ստացվել այն մասին, որ Տեղ համայնքի Խնածախ գյուղի հովիվը, երբ իր խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներն է արածեցրել գյուղին պատկանող արոտավայրում, իրենից մոտ 50 մետր հեռավորության վրա գտնվող ադրբեջանական զինծառայողները գոռգոռոցներով ու զենքի ցուցադրումով սպառնալիքներ են տվել, պահանջել են կենդանիներին չարածեցնել այդ արոտավայրում:
Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունը վեր են հանել, որ Սյունիքի մարզի նշված բոլոր՝ Խնածախ, Խոզնավար, Արավուս, Վերիշեն, Ակներ գյուղերում էլ բնակիչների իրավունքները շարունակում են կոպիտ խախտված լինել, քանի որ արոտավայրերը, խոտհարքները, մյուս նշանակության հողատարածքներն օգտագործել հնարավոր չէ առնվազն երկու պատճառով`
1) այդ տարածքներում ապօրինաբար ներկա են ադրբեջանական զինված ուժերի ծառայողներ,
2) այդ տարածքները գտնվում են ադրբեջանական զինված ուժերի ծառայողների ուղիղ նշանառության տակ:
Պաշտպանի աշխատակազմի, այդ թվում` Սյունիքի մարզային ստորաբաժանման ուսումնասիրությունները հաստատում են, որ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերիշեն եւ Ակներ գյուղերի բնակիչների իրավունքների խախտումները եւ լարվածությունը հատկապես սրվել է 2021թ. մայիսի 12-ից ադրբեջանական զինված ծառայողների` ՀՀ Սեւ լճի տարածք կեղծ քարտեզների վկայակոչմամբ ապօրինի ներխուժելուց հետո:
Հարցն այն է, որ գյուղերի բնակիչների համար ներկայում առավել եւս հրատապ է այս հողատարածքներն օգտագործելու անհրաժեշտությունը՝ պայմանավորված սեզոնային պահանջներով: Հակառակ դեպքում այս վիճակը միայն խորացնելու է սոցիալական խնդիրները: ՀՀ սահմանային բնակիչների նշված իրավունքները երաշխավորված են ՀՀ սահմանադրությամբ ու միջազգային պահանջներով:
Չի կարող պետության սահմաններին վերաբերող որեւէ գործընթաց համարվել ընդունելի, եթե դրա արդյունքում խաթարվել են սահմանային բնակիչների բնականոն կյանքը, կոպտորեն խախտվել ու շարունակում են խախտված կամ լրջորեն վտանգված մնալ նրանց իրավունքները:
Սրանք միջազգային բացարձակ պահանջներ են, որոնք ամրագրված են ԵԱՀԿ, ՄԱԿ-ի եւ այլ միջազգային կառույցների փաստաթղթերում (ուղեցույցեր, պայմանագրեր եւ այլն):
Ադրբեջանական զինվորականներ, դրոշներ ու ցուցանակներ ՀՀ գյուղերի անմիջական հարեւանությամբ ու համայնքներն իրար միավորող ճանապարհներին լինել չեն կարող: Միջազգային որեւէ գործընթացի տեսանկյունից նկարագրված վիճակն ընդունելի չէ եւ չի էլ կարող լինել»:
ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
Հայկ Ղալումյանը Նիկոլ Փաշինյանի դասընկերն է, նրա հարսանիքի քավորը։ Նա 2010-2019թթ. զբաղեցրել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ «Իջեւան» մասնաճյուղի կառավարչի պաշտոնը, 2019թ. սեպտեմբերի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, 2021թ. ապրիլի 8-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, նշանակվել Տավուշի մարզպետ։ Նա անցյալ շաբաթ մասնակցել է Իջեւան քաղաքում՝ միջպետական ավտոճանապահի վրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի բացմանը։ Հայկ Ղալումյանի պաշտոնական կենսագրության մեջ, որը տեղադրված է մարզպետարանի ինտերնետային կայքում, ոչ մի տող չկա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ լինելու մասին, այսինքն՝ նա անկուսակցական է։ Ընտրությունների վերաբերյալ մոնիտորինգ անող, դրա համար դրամաշնորհներ ստացող կազմակերպությունններն ինչո՞ւ չեն անդրադառնում այս խախտմանը, ընտրությունների օրինականությունը միայն քվեարկության օրով չի որոշվում, այլ ընտրական ողջ գործընթացով։
ԼԱՊՇԻՆԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
Ռուս-իսրայելական ծագմամբ բլոգեր Ալեսքանդր Լապշինը, ով հայտնի է Բելոռուսից Բաքվին արտահանձնվելու եւ Բաքվի բանտում հայտնվելու պատմությամբ, հունիսի 1-ին որոշել է այցելել Իջեւանի տարածաշրջանի Կիրանց համայնքում գտնվող Առաքելոց վանք ու Սամսոնի կամուրջ։ Նա այդ հնավայրերը այցելելու ժամանակ ճանապարհին արգելափակոց է տեսել եւ հայտնել, որ ճանապարհը փակել են, որովհետեւ Տավուշի մարզպետարանի ինչ-որ պաշտոնյա պատմամշակութային հուշարձանի տարածքում քեֆ է անում։ Լապշինը համացանցում հայտարարել է, որ այդ պատճառով Հայաստանում զբոսաշրջությունը չի զարգանում, եւ այդ մարդկանց պատճառով շուտով Ադրբեջանը կլինի այդ տարածքում։ Զրուցեցի Կիրանց համայնքի ղեկավար Կամո Շահինյանի հետ, ով նշեց, որ այդ պատմական հուշարձաննները Կիրանցի հարեւան Աճարկուտի համայնքի տարածքում են գտնվում։ Նա տարակուսանք հայտնեց, որ Տավուշի մարզպետարանի պաշտոնյան այդտեղ քեֆ է արել, եւ այդ պատճառով ճանապարհին արգելափակոց են դրել: Նա կասկած հայտնեց, որ ճանապարհին արգելափակոց կարող էր դնել Սեւքարի անտառտնտեսության տնօրինությունը, որպեսզի կանխի ապօրինի հատումների հետեւանքով անտառից ապօրինի վառելափայտի եւ շինափայտի դուրս բերումը։ Աճարկուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հարություն Հարությունյանը հայտնեց, որ դեպի անտառ, դեպի հնավայրեր տանող ճանապահին վաղուց արգելափակոց կա, կա իրենց համայնքի բնակիչ, ով բացում-փակում է այն՝ չկարողանալով հայտնել, թե որտեղից է աշխատավարձ ստանում այդ աշխատողը։ Նա բացառեց, որ արգելափակոց բացող-փակող անձը Աճարկուտ համայնքի բյուջեից է վարձատրվում: Գեւորգ Հարությունյանը բացառեց նաեւ, որ Տավուշի մարզպետարանի պաշտոնյա նշված հնավայրի տարածքում հունիսի 1-ին քեֆ է արել, եւ այդ պատճառով է փակվել ավտոճանապարհը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԿՈՉ
Նիդերլանդների խորհրդարանին ուղղված նամակում այդ երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Սիխրի Կաախը, անդրադառնալով ԵՄ ԱԳ նախարարների խորհրդում Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ քննարկումներին, տեղեկացրել է, որ Նիդերլանդները շեշտել է Ադրբեջանում մնացած հայ ռազմագերիների շուտափույթ ազատման ինչպես նաեւ ամենաարագ կերպով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մշակութային ժառանգության գնահատման առաքելության տարածաշրջան գործուղելու կարեւորությունը:
Նիդերլանդներն ընդգծում է երկու երկրների միջեւ սահմանից զորքերի անհապաղ հեռացման եւ բանակցությունների սեղան վերադարձի կարեւորությունը։ «Մայիսի 28-ին նաեւ Նիդերլանդների նախաձեռնությամբ ԵՄ-ն հանդես եկավ նոր համատեղ հայտարարությամբ, որում խորը մտահոգություն է արտահայտում սահմանային զարգացումների վերաբերյալ եւ ընդգծում լարվածության թուլացման կարեւորությունը։ Սահմանից զորքերն անմիջապես հեռացնելու կոչ է արվում, եւ նշվում սահմանազատման հարցը բացառապես բանակությունների միջոցով հստակեցնելու անհրաժեշտությունը։ Հայտարարությունն ընդգրկում է նաեւ հայ ռազմագերիների անհապաղ ազատման կոչն Ադրբեջանին» -շեշտել է ԱԳ նախարարը: