Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրինակելի ուսումնական պլանի նախագիծը 2021-2022 եւ 2022-2023 ուսումնական տարիների համար. տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
Ներկայացվել են առաջիկա երկու տարվա համար հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ուսումնական պարապմունքները սկսելու, ավարտելու, ինչպես նաեւ արձակուրդների ժամկետները: Առանձին հավելվածներով տրված են ուսումնական հաստատությունների օրինակելի ուսումնական պլանների նախագծերը, որոնց վերաբերյալ ներկայացվել են ընդհանրական պարզաբանումներ: Ուսպլանի նախագծի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել մինչեւ հունիսի 15-ը:
Միանգամից երկու տարվա ուսպլանի հաստատումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2023թ. սեպտեմբերից հանրակրթության նոր չափորոշիչը փորձարկումից հետո կներդրվի բոլոր դպրոցներում, որից հետո ԿԳՄՍ նախարարությունն օրինակելի ուսումնական պլաններ չի հաստատի: Ուսումնական պլանը կդառնա դպրոցի կողմից հաստատման ենթակա փաստաթուղթ՝ դպրոցին տալով ինքնավարության հնարավորություն: ԿԳՄՍ նախարարությունը կհաստատի միայն ընդհանուր մեթոդական ցուցումներն ու ուղեցույցը։ Ընդ որում՝ բոլորովին պարտադիր չէ, որ դպրոցն ուսումնական պլան հաստատի ամեն տարի, քանի որ շատ կարգավորումներ եւ մոտեցումներ շարունակական են։ Այս տրամաբանությամբ էլ ներկայացված նախագիծը միաժամանակ 2 ուստարիների համար է՝ հաշվի առնելով, որ 2022-2023 ուստարվա համար փոփոխության ենթակա են միայն ժամկետների վերաբերյալ կարգավորումները:
Կարեւոր փոփոխություն է առաջարկվող նոր ձեւաչափը. նախկինում տրված էին ընդհանուր, մասնագիտացված եւ հատուկ պետական ծրագրերի համար առանձին ուսումնական պլաններ: Մինչդեռ դրանք իրարից տարբերվում էին մի քանի մասնավոր դեպքերում, որոնք առաջարկվող նախագծում ներառված են նույն հավելվածի մեջ՝ նշելով տարբերակվող կետերը։ Ուսումնական պլանի առաջարկվող նախագծում կատարվել են մի շարք այլ փոփոխություններ եւս նոր չափորոշչի ներդրումն աստիճանական եւ դյուրին դարձնելու նպատակով:
Գնահատման փոփոխությունը վերաբերում է գնահատման հաճախականությունը որոշելուն. դպրոցներին այս հարցում տրվում է ինքնուրույնություն։ Բանավոր հարցումների, գործնական աշխատանքների, թեմատիկ աշխատանքների նվազագույն թիվը կիսամյակի ընթացքում սահմանում է ուսումնական հաստատությունը՝ մանկավարժական խորհրդի որոշմամբ, առաջնորդվելով նախարարության կողմից հաստատված առարկայի ծրագրով, գնահատման մեթոդաբանությամբ եւ մեթոդական ցուցումներով։
Ստեղծվում են նախադրյալներ առանձին գործող ավագ եւ միջնակարգ դպրոցներում սովորողների հավասար հնարավորությունների համար: Ըստ այդմ` հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող միջնակարգ դպրոցի 10-12-րդ դասարաններում ֆինանսական միջոցների առկայութան դեպքում հնարավորություն է տրվում առաջնորդվել առանձին գործող ավագ դպրոցների տրամաբանությամբ՝ ապահովելով մասնագիտական կողմնորոշման հնարավորություն։
Հաշվի առնելով, որ գյուղական դպրոցների մեծ մասը միջնակարգ դպրոցներ են, ակնկալվում է, որ այս կարգավորումը կմեծացնի գյուղական բնակավայրերի սովորողների՝ բուհերում սովորելու հնարավորությունը։
«Տեխնոլոգիա» առարկայի (5-7-րդ դասարաններ) պարապմունքներին դասարանը այլեւս կարող է բաժանվել ոչ թե տղաների եւ աղջիկների խմբերի, այլ սովորողների ընտրությամբ՝ անկախ սովորողների թվից։ Սա սովորողներին հնարավորություն է տալիս ընտրել այն ուսումնական նյութը, կարողությունները, որոնք ցանկանում են զարգացնել։
Հնարավորություն է տրվում արվեստի եւ սպորտի դասաժամերը դասացուցակում բաշխել այնպես, որ այդ առարկաների՝ ուսումնական պլանով սահմանված շաբաթական կամ ամսական ժամերն իրականացվեն շաբաթվա նույն օրը։ Այս փոփոխությունը հնարավորություն է տալիս բեռնաթափել ուսումնական շաբաթվա օրերից մեկը եւ վերը նշված առարկաների ուսուցման համար զույգ ժամերի շնորհիվ ավելացնել ուսումնական գործընթացի արդյունավետությունը։ 12-րդ դասարանում սովորողն իր տնօրինմանը հատկացված շաբաթական 3 ժամը կարող է օգտագործել կրթական այլ ծառայություններ ստանալու նպատակով տվյալ դպրոցում կամ այլ հաստատություններում: Սա նշանակում է, որ դպրոցները կարող են արդյունավետ համագործակցություն զարգացնել արտադպրոցական տարբեր հաստատությունների, մասնագիտացված կառույցների հետ՝ հիմքեր ստեղծելով կրեդիտային համակարգի ներդրման համար։
ԾՆՈՂՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ
«Պուտին, օգնի՛ր մեզ», «գեներա՛լ Մուրադով, շնորհակալություն». այս գրվածքներով պլակատներով անհետ կորած զինծառայողների հարազատները երեկ բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանում Ռուսաստանի դեսպանության առաջ։ Նրանց խնդրանքն է, որ Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը զբաղվի անհետ կորածների հարցով։ «Մեր խնդրանքն է, որ դուք այս հարցին ուշադրություն դարձնեք, մեր հույսը միայն Ռուսաստանն է։ Մեր ղեկավարությունը կորցրել է կոմպետենտությունը, այս պահին ոչ մեկ ոչնչով չի զբաղվում։ Ես դիմում եմ Ռուսաստանի նախագահին, արտաքին գործերի նախարարին, պաշտպանության նախարարին, խնդրում եմ, չգիտեմ՝ ինչպես, բայց հասեք նրան, որ Ադրբեջանը պաշտոնապես ճանաչի մեր գերիներին ու մեզ վերադարձնի նրանց»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանն էլ հայտնել է, թե ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշակ Կարապետյանին են բանակցությունների ուղարկել Ռուսաստան, մինչդեռ նրա նկատմամբ Ռուսաստանում բացասական վերաբերմունք կա, բացի այդ, նա չի կարողանում որեւէ հարց լուծել։ «Նա՞ պետք է պաշտպանի մեր երեխաների շահերը. աբսուրդ է։ Նույն իրավիճակը սահմանի հետ է կապված։ Ես կարծում եմ, որ Ռուսաստան պետք էր ուղարկել գեներալ Մարտիկյանին, որը ռազմական հետախուզության ղեկավարն է, նա ավելի լավ կբանակցեր, քան Կարապետյանը։ Ողարկել են մի անձնավորության, որր երկու շաբաթ գնում է սահման բանակցում, բայց մեր սահմանագծից գերիներ են վերցնում։ Մարտիկյանին ու ԱԱԾ տնօրենին պետք է ուղարկեին»,- ասել է Ավագյանը՝ հավելելով, որ այդ բանակցություններին ադրբեջանական կողմից ներկայացել է արտաքին հետախուզության ղեկավար Սուլթանովը, որը Ալիեւի աջ ձեռքն է, իսկ մեր կողմից բանակցողը նույնիսկ սահմանագծում բանակցել չի կարողանում։
92 ՆՈՐ ԴԵՊՔ
Հայաստանում հունիսի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 92 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222870 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1090156, վերջին մեկ օրում` 2916 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 3763 պացիենտ. Մեկ օրում նվազել է 59-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 213578 անձ, վերջին մեկ օրում՝ 149 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 4446 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1083 է: