Մայիսի 31-ին դերասան, սցենարիստ, ռեժիսոր, երգիչ, պրոդյուսեր, ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը նշում է ծննդյան 65-ամյակը: Տարեդարձի եւ այլ հետաքրքիր մանրամասների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է հոբելյարի հետ:
«Տարեդարձս սկսել ենք նկարահումներով, ստեղծագործական աշխատանքով ամբողջ թիմի հետ միասին: Նկարահանվում է նոր գեղարվեստական ֆիլմ՝ «Հայ մնա, հայ»: Ֆիլմը պատմում է հայի, հայ տեսակի, հայ մարդու պատմության մասին, ինչպես նաեւ ներառված են այսօրվա մեր իրադարձությունները, տվայտանքները, այսօրվա անցուդարձը, ցանկություններն ու իղձերը: Իհարկե, սա ընդհանուր ֆիլմի բարոյական նկարագիրն է, որը փորձեցի մի քանի բառով ներկայացնել»,- մեզ հետ զրույցում նշել է Միքայել Պողոսյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ տարեդարձի օրը՝ մինչեւ ուշ գիշեր, մասնակցել է նկարահանումների, իսկ ինչ վերաբերում է անակնկալներին, ընդգծել է, որ իր ստեղծագործական թիմը գտնվում է մարտական հոգեվիճակում, եւ այսօր բոլորը պետք է լինեն իրենց տեղերում, մեր զինվորների կողքին, եւ բոլորն էլ զինվորներ են:
Հավելենք, որ Միքայել Պողոսյանը ծնվել է 1954 թվականին Երեւանում։ 1971 թվականին ընդունվել է Երեւանի գեղարվեստի ուսումնարանի կերամիկայի բաժինը։ 1979 թվականին ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի երաժշտական թատրոնի դերասանական ֆակուլտետը։ 1976-1991 թվականներին աշխատել է Երեւանի Կամերային թատրոնում, 1978-1992 թվականներին եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի դերասան, 1982-1994 թվականներին խաղացել է Համազգային թատրոնում։ Հանդես է եկել «Պարոնայք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել եւ զվարճանալ», «Արալեզ», «Կամո», «Երեւան – Լոս Անջելես – Երեւան», «Խաթաբալադա», «Բարի գալուստ» եւ այլ ներկայացումներում։ Այժմ անկախ ստեղծագործող է։
2002 թվականին Մինսկի «Լիստոպադ» միջազգային կինոփառատոնում Միքայել Պողոսյանը ճանաչվել է լավագույն դերասան, 2004 թվականին արժանացել է Armenian Music Awards-ի մրցանակին՝ լավագույն սկավառակի համար, 2005 թվականին՝ Արքայազն Քլաուսի մրցանակին (Նիդերլանդներ)՝ երգիծանքի միջոցով ժողովրդավարության զարգացմանը նպաստելու համար, 2012 թվականին որպես լավագույն դերասան («Երեւան ջան»)՝ «Հայակ» մրցանակի։
Պարգեւատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով (2009), Թեքեյան մշակութային միության մրցանակով՝ լավագույն երգիծական դերակատարումների համար (2011)։ «Եթե բոլորը…» ֆիլմին շնորհվել է Երեւանի «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի «Հայկական համայնապատկեր» ծրագրի գլխավոր մրցանակը (2012)։ Այդ ֆիլմի գլխավոր դերակատարման համար Պողոսյանն արժանացել է նաեւ Բուխարեստի ՄԿՓ-ի մրցանակին (2012)։
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՐՍԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
Երգիչ Արսեն Սաֆարյանը շուտով հանրությանը կներկայացնի նոր տեսահոլովակ: Երգը կոչվում է «Ինչ կա չկա»: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց երգիչը:
«Այս պահին տեսահոլովակը գտնվում է մոնտաժման փուլում: Տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել «Մոնարխ» հյուրանոցում: Տեսահոլովակի գլխավոր հերոսուհին Թամարա Գեւորգյանն է: Երգի խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտության հեղինակը՝ Հայկ Գեւորգյանը»,-մեզ հետ զրույցում ասաց Արսեն Սաֆարյանը:
Երգիչը մեզ հետ զրույցում նաեւ հավելեց, որ ստեղծագործական այլ նորություններ նույնպես սպասվում են. «Եղբորս հետ ունենք նոր նախագիծ, որտեղ ելույթ ենք ունենում կիթառներով, ակուստիկ ֆորմատով, ինչպես նաեւ համերգներ ենք ունենում ակումբներում»:
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՆԵՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՓԱՌԱՏՈՆ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Եվրասիական-նորվեգական «Կառուցել կամուրջներ» ծրագրի շրջանակում հունիսի 9-12-ը Երեւանում կանցկացվի «Ես էլ եմ եկել» ներառական արվեստի փառատոնը:
Փառատոնի շրջանակում հունիսի 9-ին Երեւանի Փոքր թատրոնում գալա-համերգ տեղի կունենա, որին մասնակիցները կներկայանան պատրաստի համարներով, հունիսի 10-11-ին կկայանա թատերական լաբորատորիա, որի շրջանակում մասնակիցներն ընտրում են աշխատանքային խմբերից մեկը՝ թատերական արվեստ, հայկական պար, երգչախումբ, գործիքային երաժշտություն, թատերական զգեստի պատրաստում, թատերական ռեկվիզիտի պատրաստում, լանդշաֆտային դիզայն, խոհանոց:
Հունիսի 10-ին նախատեսվում է սոցիալական սրճարան «Մայրի»-ում. մասնակիցները կհամտեսեն «Մայրիի» սննդային արտադրամասում պատրաստված ուտեստները, կծանոթանան «Մայրիի» սաների ուժերով ձեւավորված բացօթյա սրճարանին, իսկ ավարտական ներկայացումը կանցկացվի հուլիսի 11-ին: Հ. Թումանյանի «Խոսող ձուկը» բեմադրությունը կներկայացվի Երեւանի փոքր թատրոնում:
Հունիսի 12-ին նախատեսվում է ճանապարհորդություն դեպի Գեղարդի վանք:
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Հայաստանի ազգային հավաքականի դեմ ընկերական հանդիպումն իտալական «Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչի համար հոբելյանական էր ֆուտբոլի աշխարհի գործող փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի կազմում: Դա 32-ամյա ֆուտբոլիստի 100-րդ հանդիպումն էր ազգային թիմում. հայտնում է Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հանդիպումից հետո Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, խորվաթ լեգենդար հարձակվող Դավոր Շուկերը 100 համարի մարզաշապիկ է նվիրել Իվան Պերիշիչին, որը գրավել էր Հայաստանի հավաքականի դարպասը:
Հիշեցնենք, որ խորվաթական Վելիկա Գորիցա քաղաքում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով: Հայաստանի հավաքականի պատասխան գոլը 72-րդ րոպեին գեղեցիկ հարվածով խփել էր «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն: Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի հավաքականի անպարտելի շարքը հասավ 9 խաղի: Հունիսի 5-ին Խոակին Կապառոսի գլխավորած թիմը Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնի նաեւ Եվրո-2020-ի մասնակիցներից Շվեդիայի հավաքականի հետ:
ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀԱՅՏԱՑՈՒՑԱԿԸ
Ֆուտբոլի աշխարհի գործող փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակը Եվրո-2020-ի համար:
Դարպասապահներ՝ Լովրե Կալինիչ («Թուլուզ»), Դոմինիկ Լիվակովիչ («Դինամո Զագրեբ»), Սիմոն Սլուգա («Լուտոն Թաուն»)։
Պաշտպաններ՝ Դոմագոյ Վիդա («Բեշիկթաշ»), Դեյան Լովրեն («Զենիթ»), Շիմե Վրսալկո («Աթլետիկո»), Բորնա Բարիշիչ («Գլազգո Ռեյնջերս»), Դուժե Չալետա-Ցար («Մարսել»), Յոսիպ Յուրանովիչ («Լեգիա»), Դոմագոյ Բրադարիչ («Լիլ»), Միլե Շկորիչ («Օսիեկ»), Յոշկո Գվարդիոլ («Դինամո Զագրեբ»)։
Կիսապաշտպաններ՝ Լուկա Մոդրիչ («Ռեալ»), Մատեո Կովաչիչ («Չելսի»), Մարսելո Բրոզովիչ («Ինտեր»), Միլան Բադել («Ջենոա»), Մարիո Պաշալիչ («Ատալանտա»), Նիկոլա Վլաշիչ (ԲԿՄԱ), Լուկա Իվանուշեց («Դինամո Զագրեբ»), Իվան Պերիշիչ («Ինտեր»), Անտե Ռեբիչ («Միլան»), Յոսիպ Բրեկալո («Վոլֆսբուրգ»), Միսլավ Օրշիչ («Դինամո Զագրեբ»):
Հարձակվողներ՝ Անդրեյ Կրամարիչ («Հոֆենհայմ»), Բրունո Պետկովիչ («Դինամո Զագրեբ»), Անտե Բուդիմիր («Մալյորկա»)։
Եվրո-2020-ի խմբային փուլում Խորվաթիայի հավաքականը D խմբում կմրցի Չեխիայի, Անգլիայի եւ Շոտլանդիայի հավաքականների հետ։